
ԵԱՏՄ-ում կվերահսկվեն օտարերկրյա ապրանքները
Եվրասիական միության մաքսային տարածք ներմուծված օտարերկրյա ապրանքներին այսուհետ կվերահսկվեն. ներդրվել է այդ ապրանքների հետագծելիության պիլոտային ծրագիր։ Այս մասին օրերս կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը։
Նա, մասնավորապես, նշել է, որ ներդրվելու է ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմ, որի վերաբերյալ արդեն իսկ կա մշակված Համաձայնագիր։
Հանձնաժողովը, Միության անդամ երկրների փորձագետների հետ համատեղ, մշակել և համաձայնեցրել է բոլոր անհրաժեշտ նորմատիվ ակտերը՝ Կոլեգիայի 7 և ԵՏՀ խորհրդի 2 որոշումներ, որոնք արդեն ընդունված են։
ԵԱՏՄ երկրներում օտարերկրյա ապրանքների հետագծելիության պիլոտային ծրագիրը կիրականացվի 2022թ հուլիսի 1-ից մինչև 2023թ մարտի 31-ը։
Նշենք, որ Համաձայանագիրն ուժի մեջ էր մտել դեռևս նախորդ տարի՝ 2021թ փետրվարին, օտարերկրյա ապրանքների հետագծելիության լիարժեք համակարգ ստեղծելու համար։
Այդ համակարգի հիմնական նպատակն է՝ ապահովել և հաստատել օտարերկրյա ապրանքների շրջանառության օրինականությունը ԵԱՏՄ մեկ անդամ պետությունից մյուսի տարածք տեղափոխելիս։
Բացի այդ, համակարգը պետք է պայմաններ ստեղծի, որոնք կբացառեն մաքսային և հարկային վճարումներից խուսափելու տարբեր սխեմաների կիրառումը։ Այն նաև կապահովի օտարերկրյա ապրանքների շրջանառության հետ կապված տարբեր գործառնությունների նկատմամբ պետական վերահսկողությունը։
Գլխավոր լուսանկարը՝ cleverence.ru-ի
Մեկնաբանել