HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով ցուցմունքներ տված վկան չկարողացավ նորմալ գրել և կարդալ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի  գործով երեկ դատարանում ցուցմունք տվեց նրանց վերագրվող ընտրակաշառքի գործով ևս մեկ վկա: Մենք երեկ անդրադարձել ենք ենթադրյալ ընտրակաշառքի գործով  վկա Նարինե Սարգսյանի՝ դատարանում տված ցուցմունքին: Դատարանում ցուցմունք տված մյուս վկան Սարգսյանի ամուսինը՝ Մհեր Բաղդասարյանն էր: Վերջինս ծանուցված չի եղել նիստին ներկայանալու վերաբերյալ, սակայն կնոջ հետ ինքն էլ էր եկել դատարան:

Բաղդասարյանը հայտնեց, որ ամբաստանյալներից Առուշանյանին ու Ավետյանին է ճանաչում, Առուշանյանի մոտ՝ համայնքապետարանում հանդապահ է աշխատում, Առուշանյանին երբ մոտեցել են, իրենց ընտանիքին օգնել է: 

Գործի նախաքննության ընթացքում Բաղդասարյանն ու կինը Երևանում հանդիպել են փաստաբան Դավիթ Կարապետյանին, ով  դատարանում ներգրավված է որպես պաշտպան:

Վայրկյաններ անց Մհեր Բաղդասարյանը, ուշադիր նայելով, հիշեց նաև Դավիթ Կարապետյանին:

«Հա՜»,- ինչ-որ կարևոր բան բացահայտածի ձայնով ասաց Բաղդասարյանը, ինչից դատավարության մասնակիցների համար պարզ դարձավ, որ վերջինս ճանաչել է Կարապետյանին: Բաղդասարյանի՝փաստաբանին «բացահայտելու» բուռն արձագանքը դահլիճում ներկաների ծիծաղն առաջացրեց: Հետո դատավորը փորձեց պարզել, թե որտեղի՞ց է վկան ճանաչում Դավիթ Կարապետյանին: 

«Որ գումարը վերցրել ենք»,- պատասխանեց Բաղդասարյանը: 

«Իրար հե՞տ եք վերցրել»,- կատակեց դատավոր Գնել Գասպարյանը: Գումարը, որի մասին խոսեց Բաղդասարյանը, ըստ դատախազության՝ եղել է ընտրակաշառք, իսկ ըստ Բաղդասարյանի՝  սոցիալական օգնություն: Թե ով է ճիշտ, դատարանը կպարզի, սակայն, գումարն, ամեն դեպքում,  փաստաբան Դավիթ Կարապետյանի հետ չեն վերցել: Դավիթ Կարապետյանը պարզապես իրավական օգնություն է ցույց տվել Բաղդասարյանին ու կնոջը: Փաստաբանի հետ հանդիպել են այն բանից հետո, երբ Բաղդասարյանին և կնոջը փորձել են հավատացնել, որ համայնքապետարանից նրանց ստացված 100 հզ դրամ գումարը եղել է ոչ թե սոցիալական օգնություն, այլ կաշառք, և եթե գումարը ստանալու հանգամանքների մասին իրենք ճշմարտությունը չպատմեն, կձերբակալվեն:

Դատախազները տևական ժամանակ փորձում էին Բաղդասարյանից պարզել, թե ինչ հանգամանքներում են Բաղդասարյանն ու կինը հանդիպել Դավիթ Կարապետյանին, սակայն վերջինս հստակ պատասխան չէր տալիս, նախ ասաց, որ ոստիկաններն են տվել փաստաբանի տվյալները, ապա, որ իրենք են իմացել: Ակնհայտն էր, որ չէր ցանկանում հայտնել, թե ում միջոցով է իմացել Դավիթ Կարապետյանի մասին: Հարցերից մեկին՝ որտե՞ղ հանդիպեցիք փաստաբանին, Մհեր Բաղդասարյանը պատասխանեց՝ մուտքի մոտ:

Ավելի ուշ ամբաստանյալ Լուսինե Ավետյանը դատարանին պարզաբանեց, որ Բաղդասարյանին մանկուց է ճանաչում, վերջինիս բնավորությունը լավ գիտի: Վկան, ըստ Լուսինե Ավետյանի պատմածի, գնացել է համայնքապետարան ու լաց եղել, ասել՝ ընկեր Ավետյան, բա որ կալանավորեն, ինքն  էլ հորդորել է դիմել փաստաբանի: Երբ արդեն Ավետյանը բացահայտեց ճշմարտությունը, Բաղդասարյանը հաստատեց այդ հանգամանքն ու խստովանեց, որ այդ հարցում քիչ առաջ ստել է դատարանին:

Նախաքննության ընթացքում Բաղդասարյանն իրավապահներին հայտնել է, որ իրենց պարտադրել են մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին, ինքն էլ մասնակցել է: Վկան նաև գրել  է, որ Լուսինե Ավետյանն իրեն ասել է ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքն ընտրի:

«Գնացել եմ ընտրության, բայց  ընտրել եմ իմ ուզած մարդուն, որովհետև ապագա կա»,- գրել է Մհեր Բաղդասարյանը:

Դատարանում, սակայն, վկան հրաժարավեց իր ցուցմունքից, ասաց, որ «գլխին սարքել են», իրենց ոչինչ չեն պարտադրել, իսկ իրենց տրված գումարն էլ, միանշանակ, եղել է սոցիալական օգնություն: Հաշվի առնելով, որ վկայի ցուցմունքներում հակասություն կար՝ դատավոր Գնել Գասպարյանը հորդորեց հայտնել ճշմարտությունը: Վկան պնդեց, որ դատարանում տված ցուցմունքն է ճիշտ: 

Դատավորը հարցրեց՝ բա որ Լուսինե Ավետյանը կանգնի ու հակառակի մասին հայտարարություն անի՞, սակայն վկան պնդեց, որ այլ հարցում չի ստել, ճշմարտություն է հայտնել դատարանին:

Բաղդասարյանի ցուցմունք տալու ընթացքում պարզվեց, որ վերջինս, ինչպես կինը, չի կարողանում հայերեն նորմալ գրել և կարդալ: Պաշտպանական կողմը խնդրեց ինչ-որ տեքստ կարդալ, չկարողացավ, հետո առաջարկեցին ինչ-որ բան գրել, կրկին չկարողացավ նորմալ գրել: 

«Եթե գրել-կարդալ չգիտեք, ցուցմունքը ո՞նց եք գրել»,- հարցրեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսայանը:

«Վախկից կիրյալ եմ (գրել եմ, հեղ.)»,- պատասխանեց Մհեր Բաղդասարյանը: Նշենք, որ Բաղդասարյանի կինը ևս վատ է տիրապետում հայերեն գրավող լեզվին ու դժվարանում է կարդալ: Վերջինս դատարանին հայտնել է, որ գործում առկա ձեռագիր տեքստն իրեն տառ-տառ թելադրել են, գրել է:

Բաղդասարյանը ևս խոսեց այն մասին, որ  իրենց տուն երկու աղջիկ է եկել՝ իրենց ստացած գումարի մասին խոսելու, և նրանցից մեկը եղել է իր  կնոջ հորեղբոր աղջիկը: Վկան նաև դատարանին հայտնեց, որ իրենց ոստիկանություն է տարել Ներսես Խաչատրյանը: Վերջինս, ըստ Բաղդասարյանի կնոջ տված ցուցմունքի, իրենց ասել է, որ եթե ճշմարտությունն ասեն, իրենց ոչինչ չի լինի, իսկ եթե ստեն, կձերբակալվեն: Վկան ասաց, որ Ներսես Խաչատրյանը ճանապարհին չի ասել, թե իրենք ինչ ցումցունք տան, բայց պնդել է, որ իրենց վերցրած գումարը կաշառք է եղել:

Նշենք, որ Ներսես Խաչատրյանը Առուշ Առուշանյանին վերագրվող մեկ այլ, այսինքն՝ ենթադրյալ ընտրակաշառքին չառնչվող դրվագով տուժողի ներկայացուցիչ է, սակայն գործում որոշակի տվյալներ են առկա Խաչատրյանի կողմից ընտրակաշառքի գործով վկաների վրա ենթադրյալ ազդեցություն գործադրելու վերաբերյալ: Խաչատրյանը երեկվա դատական նիստի ընթացքում միջնորդել է իրեն որպես վկա հարցաքննել՝ միաժամանակ հայտնելով, որ ինքը հայտնելու է հանգամանքներ, որոնց միջոցով կպարզվի, թե ով է իրականում ցանկացել անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ:

Հաշվի առնելով, որ վկաները դատարանում անջատ են հարցաքննվում՝ դատարանը որոշել է ինչպես Նարինե Սարգսյանի, այնպես էլ ամուսնու՝ Մհեր Բաղդասարյանի հարցաքննությանը չթույլատրել  Ներսես Խաչատրյանի ներկայությունը, որպեսզի վերջինիս հասանալի չդառնա, թե ինչ ցուցմունքներ են տվել Սարգսյանն ու Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter