
Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը
Մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
Երդմնակալության արարողության ժամանակ Վահագն Խաչատուրյանն ասաց․ «Ստանձնելով Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։
Նշենք, որ արարողությանը մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին երդմնակալության արարողությանը։
Մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերջինս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Նախագահի ընտրությունից հետո տասներորդ օրը՝ այսօր՝ մարտի 13-ին, հրավիրվեց ԱԺ հատուկ նիստը, որտեղ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ։
Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:
Եղել է նաև առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Առաջադրվելուց առաջ Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Ընդդիմությունը նախագահի ընտրության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին չմասնակցեց:
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի հինգերորդ նախագահն է: Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022թ.-ի հունվարի 23-ին:
Մեկնաբանել