
Արցախի ՆԳՆ-ն հորդորում է հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը:
«Մեր պատասխանատվությամբ բացառենք անվերահսկելի աղետները, պահպանենք մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, հասարակության և պետության շահերը»,- նշվում է հայտարարության մեջ:
Մեկնաբանել