HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

Երդմնակալության արարողության ժամանակ Վահագն Խաչատուրյանն ասաց․ «Ստանձնելով Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։

Նշենք, որ արարողությանը մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին երդմնակալության արարողությանը։

Մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերջինս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Նախագահի ընտրությունից հետո տասներորդ օրը՝ այսօր՝ մարտի 13-ին, հրավիրվեց ԱԺ հատուկ նիստը, որտեղ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ։

Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:

Եղել է նաև առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Առաջադրվելուց առաջ Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Ընդդիմությունը նախագահի ընտրության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին չմասնակցեց:

Վահագն Խաչատուրյանը Հայաստանի հինգերորդ նախագահն է: Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022թ.-ի հունվարի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter