HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետ․ «Բաքվին արդեն իսկ տրվել է հնարավոր առավելագույնը, Ալիեւը պարզապես փորձում է լրացուցիչ բոնուսներ պոկել»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, վերջին օրերին Ադրբեջանն արդեն մեծ տրամաչափի զինատեսակներից է սկսել թիրախավորել Արցախի Ասկերանի եւ Մարտունու շրջանի սահմանապահ գյուղերը՝ նաեւ խաղաղ բնակչությանն ուղղված սպառնալիքներ հնչեցնելով։ Դրան գումարենք գազատարի վնասումը, որն, ըստ էության, հենց թշնամու ձեռքի գործն է։ Հայաստանի իշխանությունների կողմից կոշտ արձագանք չեղավ այս ամենին, փոխարենը Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին։ Իրականության մեջ ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի եւ Արցախի համար՝ հաշվի առնելով, որ Բաքուն ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» իր 5 կետերը։

-ՀՀ գործող իշխանություները 44-օրյա պատերազմում կրած պարտությունից ու փաստացի կապիտուլյացիայից հետո այլեւս չեն կարող հանդես գալ Արցախի ու նրա բնակչության անվտանգության երաշխավորի դիրքերից՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական մակարդակում այդ դիրքերը զիջված են Ռուսաստանին: Պաշտոնական Երեւանն այժմ անգամ ՀՀ տարածքային ամողջականությունը վերականգելու կարողունակությունը չունի: Եթե չես կարող ուժին ուժ հակադրել, խոսում ես «խաղաղության դարաշրջանի» մասին: Սա է իրականությունը:

Ամեն դեպքում, եթե չես կարող քեզ ուժով պաշտպանել, ստիպված ես դիմելու քաղաքական, իրավական, բարոյական հռետորաբանությանն ու գործիքակազմին: Բաքուն այժմ Արցախում դիմում է ահաբեկչական միջոցների՝ հայկական կողմին իրեն ձեռնտու բանակցային օրակարգն ու լուծումները պարտադրելու համար: Պաշտոնական Երեւանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համապարփակ ու փոխընդունելի կարգավորման գործընթացին մասնակցելու առաջարկով:

-Ադրբեջանի սադրանքներին ռուս խաղաղապահները, որոնք համարվում են խաղաղության երաշխավորներ, մինչ այս պահը պատասխան չեն տվել։ Ընդ որում՝ ադրբեջանցիներն իրենց հայտարարություններով թիրախավորել են նաեւ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը։ Ի՞նչն է դրդում Ռուսաստանին համբերել արդյոք պատճառն այն է, որ Մոսկվան հավանական է համարում Կովկասում երկրորդ ճակատի բացումը իր նոր դաշնակցի եւ նրա «մեծ եղբոր» կողմից, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

-Ես կարծում եմ, որ ռուսական կողմը կնախընտրի սեփական նախաձեռնությամբ չգնալ ուղիղ լայնածավալ ռազմական ընդհարման Ադրբեջանի հետ: Այլ հարց է, թե ինչպես կպահեն իրենց ռուսները, եթե այդպիսի ընդհարման նախաձեռնողը հադիսանա պաշտոնական Բաքուն: Բայցեւայնպես, գտնում եմ, որ շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական խաղի համատեքստում Բաքվին արդեն իսկ տրվել է հնարավոր առավելագույնը, եւ այժմ Ալիեւը պարզապես փորձում է, օգտվելով իրավիճակից, իր համար լրացուցիչ բոնուսներ պոկել սպասվող տարածաշրջանային նոր զարգացումներին ընդառաջ:

-Լուրեր կան, որ Ադրբեջանը ծանր զինտեխնիկա եւ մարդկային ուժ է կուտակել սահմանի երկայնքով։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Բաքվի նպատակը։ Իրավիճակը կարո՞ղ է հանգել ռազմական նոր էսկալացիայի։

-Նման տարբերակը ես չէի բացառի, թեեւ դրա հավանականությունն էլ կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վարվող բանակցությունների վերջնարդյունքից: Երկուսն էլ, հավանաբար, ինչ-որ կերպ կհանգուցալուծվեն առաջիկա երեք-չորս ամսվա ընթացքում:

-Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանը, կարծես, նոր վերաձեւումների շեմին է։ Ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար։

-Մեր հետ կապված վերաձեւումները հիմնականում ավարտվել էին նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը: Այլ հարց է, որ ասպարեզ կարող են մտնել նոր դերակատարներ, ում միջամտությունը լրացուցիչ ռիսկեր ու հնարավորություններ կարող է առաջ բերել մնացյալ մասնակիցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter