HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 21 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 17-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:36

Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտարարել է, որ Մարիուպոլում, բացի Դրամատիկական թատրոնից, հրթիռակոծվել է նաև «Նեպտուն» լողավազանը, որտեղ, նրա խոսքով, գտնվում էին միայն խաղաղ բնակիչներ։

21:33

Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է կազմակերպել հանրաքվե՝ Ռուսաստանում մահապատժի վերականգնման հարցով։

21:30

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է «Спутник V» պատվաստանյութի հաստատման գործընթացը, ինչ պայմանավորված է պատժամիջոցների արդյունքում ի հայտ եկած տեխնիկական բարդություններով։

ԱՀԿ պատվիրակությունը պատրաստվում էր մարտի 7-ին այցելել Ռուսաստան, սակայն ավիաթռիչքների հասանելիության կրճատման և Ռուսաստանում Visa ու Mastercard քարտերի աշխատանքների դադարեցման պատճառով այցը հետաձգվել է։

21:27

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է Financial Times-ի հրապարակումը, որը պնդում էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն աշխատում են 15 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի շուրջ և հասել են «էական առաջընթացի»։

«Հակիրճ։ Financial Times-ը հրապարակել է ռուսական կողմի հարցման սևագիրը։ Ոչ ավելին։ Ուկրաինական կողմն իր դիրքորոշումներն ունի։ Միակ բանը, որ այս փուլում մենք հաստատում ենք, հրադադարն է, զորքերի դուրսբերումը և որոշ երկրներից ամբողջականության երաշխիքները»։

21:23

Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրան ձերբակալել էին ռուսական ուժերը և տարել անհայտ ուղղությամբ։

21:18

ՄԱԿ-ի տվյալներով, փետրվարի 24-ից ի վեր, Ուկրաինայում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 726 խաղաղ բնակիչ, այդ թվում 52 երեխա։ Եվս 1 174 մարդ էլ վիրավորվել է։ Իրական թվերն ավելի մեծ են, որովհետև ՄԱԿ-ը տվյալներ չունի որոշ շրջաններից, որտեղ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ։

21:13

Մարիուպոլի Դրամատիկական թատրոնը հրթիռակոծությունից հետո

21:07

ՆԱՏՕ-ն Եվրոպայում տեղակայել է մոտ 140 հազար զինծառայող։ Այդ մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ «Հիմա դաշինքի երկրներում հարյուր հազարավոր զինծառայողներ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում։Եվրոպայում ԱՄՆ 100 000 զինծառայող և ևս մոտ 40 000 զինծառայող, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի ուղիղ հրամանատարության տակ, տեղակայված են հիմնականում Դաշինքի արևելյան սահմանին։ Նրանց աջակցություն են ցուցաբերում ավիացիոն և ծովային խոշոր ուժերը, ինչպես նաև ՀՕՊ համակարգերը»,- նշել է Սթոլթենբերգը։

20:45

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցները միակարծիք են այն որոշման մեջ, որ ուժեր չպետք է տեղակայվեն ցամաքում և օդում, «որովհետև մենք պատասխանատվություն ենք կրում նրա համար, որ այս պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից»։

20:31

Ըստ ուկրաինական կողմի՝ լուսանկարում Մարիուպոլի հրթիռակոծված Դրամատիկական թատրոնն է, որի նկուղներում թաքնվել էին մարդիկ։

20:19

Մարիուպոլում «գերհզոր ռումբ» են նետել Դրամատիկական թատրոնի վրա, որտեղ թաքնվում էին մարդիկ։ Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Տարուտան։

«Այնտեղ հրթիռակոծություններից թաքնվել էին մեծ թվով քաղաքացիներ։ Անհայտ է, թե փլատակների տակ քանի զոհ կա։ Հիմա ընթանում են կատաղի մարտեր։ Ոչ ոք չի կարող հասնել փլատակներին, մենք չգիտենք, թե արդյոք կան փրկվածներ։ Եվ ամենասարսափելին, չենք կարող նրանց հանել փլատակների տակից»։

19:56

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան BBC News-ի արգելափակման մասին։

«Կարծում եմ, որ դա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սանձազերծած տեղեկատվական պատերազմին պատասխան գործողությունների սկիզբն է»։

19:51

Խարկովի դպրոցներից մեկը ռուսական հրթիռակոծությունից հետո։

19:48

ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է կանգնեցնի Ուկրաինայում մարտական գործողությունները։

19:44

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են Զապորոժյե քաղաքին առաջին հրթիռային հատվածի մասին։

19:23

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ՆԱՏՕ-ի երկրները սկսել են Ուկրաինային մատակարարել խորհրդային արտադրության լրացուցիչ ՀՕՊ համակարգեր։ Ներկայումս դրանք ճանապարհին են։ Մատակարարվող ՀՕՊ համակարգերի թվում են «Оса» և «Стрела» զենիթահրթիռային համակարգերը, ինչպես նաև  С-300В-ի «Антей» մոդիֆիկացիան։

Այդ համակարգերի հեռահարությունն ավելի բարձր է, քան «Stinger» հրթիռներինը։

18:45

⚡️Ռոսկոմնադզորն արգելափակել է BBC News-ի կայքը։

BBC-ի ռուսական ծառայությունը ռուսական արգելափակման տակ էր հայտնվել դեռ մարտի սկզբին։

18:43

Պուտին. Ռուսաստանում կլինի գնաճի և գործազրկության ժամանակավոր աճ։

18:40

Financial Times. Ուկրաինան և Ռուսաստանն էական առաջընթաց են գրանցել բանակցային գործընթացում

Ուկրաինան և Ռուսաստանը էական առաջընթաց են գրանցել 15 կետից բաղկացած նախնական խաղաղության պլանի ուղղությամբ, որը ներառում է նաև հրադադարն ու ռուսական զորքերի դուրսբերումը, եթե Կիևը հայտարարի չեզոքության մասին ու համաձայնվի իր զինված ուժերի սահմանափակումների մասին։ Այդ մասին հայտնում է FT-ն, հղում անելով երեք մարդու, որոնք մասնակցել են բանակցություններին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ենթադրյալ գործարքը, որն ուկրաիանական և ռուսական բանագնացները ամբողջական ծավալով առաջին անգամ քննարկել են երկուշաբթի օրը, ենթադրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ամբիցիաներից հրաժարում և խոստացում, որ Ուկրաինայի տարածքում չեն տեղակայվի օտարերկրյա ռազմաբազաներ ու սպառազինություն։ Փոխարենը Ուկրաինայի անվտանգության համար պատասխանատու կլինեն այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Թուրքիան։ 

18:35

«Ես շատ եմ վախենում իմ անվտանգության համար». Մարինա Օվսյանիկովան հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։

18:33

Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Պուտին-Զելենսկի հնարավոր ուղիղ բանակցությունների փաստաթղթերի պատրաստման մասին։

18:31

«Аэрофлот»-ն ուղևորներին թույլ կտա թռչել առանց դիմակների, բացառությամբ որոշ թռիչքների։

18:22

Ուկրաինան դարձավ Եվրամիության էներգետիկ համակարգի մաս, այսինքն միացավ ENTSO-E համակարգին։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

18:20

РИА Новости-ն հրապարակել է Վլադիմիր Պուտինի՝ սոցիալ-տնտեսական կայունության ապահովման և բնակչության պաշտպանության մասին հրամանի տեքստը։

18:17

Ռոսկոմնադզորն արգելափակել է ադրբեջանական haqqin.az-ը։

18:15

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մևլյութ Չավուշօղլուի հետ չի քննարկել Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը։

18:12

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Կիևից 20 կիլոմետր հեռավորության վրա խոցված ռուսական ռազմատեխնիկայի լուսանկարները։

17:56

Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։ Հակիրճ այն մասին, թե ինչ է ասել Պուտինը։

  • Ուկրաինայում մեր տղաները արիություն և հերոսություն են ցուցաբերում։ Հատուկ գործողությունն հաջողությամբ ընթանում է պլանին խիստ համապատասխան, առաջադրված բոլոր խնդիրները կլուծվեն։
  • Նպատակ չկա բռնազավթելու Ուկրաինան։ Մենք թույլ չենք տա, որ Ուկրաինան ծառայի Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։
  • «Ոսկե միլիարդի» մասին առասպելը փլվում է։ Ողջ մոլորակը ստիպված է լինում վճարել Արևմուտքի ամբիցիաների համար։
  • Փորձելով չեղարկել Ռուսաստանը, Արևմուտքը պոկել է քաղաքավարության բոլոր դիմակները։ Նրանց պետք չէ ուժեղ Ռուսաստան, պատժամիջոցները ցանկացած դեպքում մտցնելւ էին։ Մեր հատուկ գործողությունը միայն առիթ է։

17:29

Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առաջ։

17:22

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի մոտից իջեցվել է Ռուսաստանի դրոշը։

17:17

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպության 14 անդամ երկրներ հայտարարել են Ռուսաստանին առավել բարենպաստության ռեժիմից զրկելու մտադրության մասին։ 

Այդ մասին հայտարարել են Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մոլդովան, Նորվեգիան, Իսլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Չեռնոգորիան, Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան։

17:12

⚡️Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Ռուսաստանին կազմակերպության կազմից հեռացնելու վերաբերյալ։

Այսօրվանից Ռուսաստանը կդադարի լինել Եվրոպայի խորհրդի անդամ։

16:59

Financial Times. Եվրոպայի ողջ տարածքում BMW-ի և Volkswagen-ի գործարանները «պարապ են մնում» դետալների պակասորդի պատճառով, որոնք ներկրվում էին Ուկրաինայից։

16:49

Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը, հղում անելով դեպքի վայրում գտնվող իր թղթակցին, հայտնել է, որ Չեռնիգովում հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, որոնք հացի հերթի են կանգնած եղել։ 

16:42

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները բարեհաջող վերադարձել են Լեհաստան՝ նախօրեին Կիև այցից հետո։

16:27

Ուկրաինական Սկադովսկ քաղաքի քաղաքապետը, որի առևանգման մասին ավելի վաղ հայտարարել էին լրատվամիջոցները, տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ իր հետ շփվել են և բաց թողել։

16:24

Ուկրաինայում զոհվել է Նենեցական ինքնավար շրջանի փոխնահանգապետ Ալեքսանդր Դուդորովի որդին՝ Գեորգի Դուդորովը։

16:21

«Океан Ельзи» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը ելույթ է ունենում Խարկովի մետրոյում։

16:11

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական զորքերն առևանգել են Խերսոնի մարզի Սկադովսկ քաղաքի քաղաքապետին։

15:39

Վլադիմիր Զելենսկին հերքել է, որ կոչ է արել զենքերը ցած դնել

Նոր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է.

  • Հաագայում Միջազգային քրեական դատարանը արդեն ապացույցներ է հավաքում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հանցագործությունների վերաբերյալ։ Ուկրաինա է ժամանել նաև դատարանի գլխավոր դատախազ Կարիմ Խանը։
  • Մարիուպոլի հիվանդանոցնում գերի է մնացել մոտ 400 մարդ։ «Դա ռուսաստանցիների հերթական հանցագործությունն է և ոչնչով չի տարբերվում Բասաևի կողմից Բուդյոնովսկի հիվանդանոցի գրավումից»։
  • Հրամանագիր է ստորագրվել պատերազմի զոհերի հիշատակին ազգային լռության րոպեի մասին։ Լռության րոպե կհայտարարվի ամեն օր, առավոտյան 9-ին։

15:28

Ուկրաինայի «Էներգոատոմը»՝ Չեռնոբիլիի ԱԷԿ-ում առկա իրավիճակի մասին

  • Կայանի անձնակազմն արդեն 21-րդ օրն է աշխատում է առանց հերթափոխի։
  • Աշխատակիցները հրաժարվել են Չեռնոբիլի ատոմակայանը լքելու առաջարկից։ 
  • Նրանք մտավախություն ունեն, որ իրենց փոխարեն կարող են բերել «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին։
  • Ռուսական զինծառայողների և կայանի անձնակազմի միջև հաղորդակցությունը գրեթե բացակայում է։ Նրանք ի սկզբանե իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ։
  • Աշխատակիցները սնվում են նախնական պաշարների մթերքներից: Ռուսաստանցիներից անձնակազմը սնունդ չի ընդունում։
  • Չեռնոբիլի ատոմակայանում և նրա շուրջ ռադիացիոն ֆոնը չի փոխվել և գտնվում է նորմայի սահմաններում։

15:15

Եվրամիությունից հետո Շվեյցարիան ևս հավելյալ պատժամիջոցներ է սահմանել ռուսական գործարարների և թոփ մենեջերների նկատմամբ։ Ներկայումս Շվեյցարիայի և Եվրամիության պատժամիջոցների ցանկերը նույնն են։

15:03

Պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 103 մարդ, 100-ից ավելին վիրավորվել են

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր քարտուղար Իրինա Վենեդիկտովան։ Նա ընդգծել է, որ սրանք վերջնական տվյալներ չեն, քանի որ ուկրաինական դատախազությունն ու իրավապահ մարմինները հնարավորություն չունեն ուսումնասիրելու ամենաթեժ կետերում ու գրավված տարածքներում հրթիռակոծությունների վայրերը։

14:52

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) անորոշ ժամկետով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ 

Ռուսաստանցի և բելառուսցի շախմատիսները կկարողանան մասնակցել FIDE հովանու ներքո անցկացվող անհատական մրցաշարարերին՝ չեզոք կարգավիճակով։

14:43

Գերմանիայի էներգետիկ խոշորագույն E.ON կազմակերպությունը դադարեցրել է «Газпром»-ից գազի նոր ծավալների գնումը։

14:41

Բելառուսական «Еврорадио» ռադիոկայանի կայքի արգելափակումից հետո, Ռոսկոմնադզորն արգելափակել է նաև «Усть‑Кут 24» պորտալը, էստոնական Postimees կայքն ու Bellingcat հետաքննական պորտալը։

14:37

Էստոնիայում կարգելափակվեն ռուսական մի շարք լրատվամիջոցների կայքեր

Էստոնիայի սպառողների իրավունքների պաշտպանության և տեխնիկական վերահսկողության դեպարտամենտը (TTJA) կապի օպերատորներին հանձնարարել է արգելափակել հասանելիությունը ռուսական 7 լրատվամիջոցների կայքերին, որոնց թվում են Ռուսաստանի առաջին ալիքը, НТВ-ն, РЕН ТВ-ն, Ռուսաստանի հինգերորդ ալիքը և «78» հեռուստաընկերությունը, ինչպես նաև Лента.ру-ի և ТАСС գործակալության կայքերը։ 

Որպես արգելափակման պատճառ նշվել է ռազմական քարոզչության տարածումն ու ատելության հրահրումը։ 

Ավելի վաղ, ТТJA-ն Էստոնիայում արգելափակել էր «РТР Планета», «НТВ Мир», «Беларусь 24», «Россия 24» և TV Centre International (TVCI), ինչպես նաև РБК-ТВ հեռուստաընկերությունները։

14:23

«Новая газета»-ի լրատվական ծառայությունը վերսկել է իր աշխատանքը և կլուսաբանի Ուկրաինայում մարտական գործողությունները։

14:16

Շերեմետևոն դադարեցնում է ներդրումային ծրագրերը։

Օդանավակայանը ժամանակավորապես փակել է D, E տերմինալները և երրորդ թռիչքուղու օգտագործումը։

13:54

⚡️Մեդինսկի. Կիևը բանակցություններում առաջարկում է ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ, որն ունի իր բանակն ու նավատորմը։

13:38

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է «մի շարք օպերատիվ ուղղություններով» ուկրաինական բանակի հակահարձակումների մասին։ «Դա արմատապես փոխում է կողմերի դիրքերը»,- հավելել է Պոդոլյակը։

Ուկրաինական Liga.net պարբերականին տված մեկնաբանության մեջ Պոդոլյակը նշել է, որ հակահարձակումը փոխում է իրավիճակը մարտի դաշտում, և հետևաբար, ամրապնդում Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։

13:02

Պատերազմի մեկնարկից ի վեր Խարկովում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Խարկովի մարզային վարչությունը։

12:54

Ռուսաստանում սահմանափակել են հասանելիությունը «Еврорадио»-ի կայքին։ Սա բելառուսական երրորդ մեդիան է, որն արգելափակվել է և Բելառուսում, և Ռուսաստանում՝ Zerkalo-ից և «Нашай Нівы»-ից հետո։

12:34

РБК-ին Լավրովի հարցազրույցի մի քանի մտքեր.

  • Անթալիայում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան որևէ նոր գաղափար առաջ չի քաշել։ Բանակցային հիմնական հարթակը շարունակում է մնալ բելառուսական ձևաչափը։
  • Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինային ոչ ոք չի սպասում, վկայում է այն մասին, որ Կիևում «ադեկվատությունը իր ճանապարհը հարթում է»։
  • Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու փակումից ՆԱՏՕ-ի հրաժարումը խոսում է այն մասին, որ դաշինքում դեռևս մնացել են «սթափ մտածող մարդիկ»։
  • Մենք պատրաստ ենք փնտրել անվտանգության ապահովման ցանկացած ուղի, բացի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից։
  • Ուկրաինայի չեզոք կարգավիճակը ներկայումս լրջորեն քննարկվում է բանակցություններում՝ անվտանգության մյուս խնդիրների հետ համատեղ։ Արդեն կան կոնկրետ ձևակերպումներ, որոնք մոտ են համաձայնեցման։

12:33

Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել РБК-ին։

«Կողմնորոշվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մեր բանագնացները։ Նրանք նշում են, որ բանակցությունները պարզ պատճառներով հեշտ չեն ընթանում, բայց, այդուհանդերձ, կա փոխհամաձայնության հասնելու կոնկրետ հույս»,- հայտարարել է Լավրովը։

12:23

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս սկսել է կիրառել Z տառը, որը դարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման խորհրդանիշներից մեկը։

12:05

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դրամաշնորհներ է հատկացրել քաղաքում արագ սննդի հայրենական ցանցերի ստեղծման և զարգացման համար։

Իսկ ահա թե ինչպես են Մոսկվայում մի քանի օր առաջ հրաժեշտ տվել McDonaldʼs-ին։

12:00

Ռոստուրիզմ. ավելի քան 10,5 հազար ռուսաստանցիներ հայտնել են, որ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան։

11:57

Զելենսկին ստորագրել է ռուսական քարոզչության արգելքի մասին օրենքը

Վերջինս արգելում է արդարացնել կամ հերքել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան, ինչպես նաև գովաբանել մարդկանց, որոնք կապ ունեն դրա հետ։ Բացի այդ, այն թույլ է տալիս, դատարանի որոշմամբ, դադարեցնել այն կուսակցությունների կամ կազմակերպությունների գործունեությունը, որոնք արդարացնում են Ռուսաստանի գործողությունները։

Համաձայն նոր օրենքի՝ ռուսական զինծառայողներին և ռուսամետ կազմավորումների անդամներին կարգելվի անվանել «աշխարհազորայիններ» կամ «հարգալից մարդիկ», իսկ 2014 թվականից Ուկրաինայում մարտական գործողությունները՝ «քաղաքացիական պատերազմ» կամ «ներքին հակամարտություն»։

11:54

Ռոսկոմնադզորն արգելափակել է Кавказский узел-ի կայքը։

11:49

Slack կորպորատիվ մեսենջերը սահմանափակում է իր աշխատանքը Ռուսաստանում

Ռուսական հաճախորդները Slack-ի վարչակազմից նամակ են ստացել, որտեղ ընկերությունը հայտնել է այդ երկրում իր բիզնեսի դադարեցման մասին։ 

Վճարովի ծառայություններից օգտվող հաճախորդներին կտեղափոխեն անվճար համակարգ։ Արդյունքում, նրանց հնարավորությունները կսահմանափակվեն, օրինակ, նամակագրությունների արխիվում հասանելի կլինեն միայն վերջին 10 000 հաղորդագրությունները։ Բացի այդ, Slack-ում հնարավոր չի լինի Ռուսաստանից ավելացնել նոր մասնակիցների։

Նախօրեին Slack-ի ռուսաստանցի հաճախորդները հայտնել էին, որ մեսենջերը ջնջել է իրենց աշխատանքային տարածքները։

11:43

Լրագրող Ֆարիդա Ռուստամովան պատմել է, որ Ռուսաստանի առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյանիկովայի հակապատերազմական ակցիայից հետո, հեռուստաընկերությունում նորությունները սկսել են ուշացումներով հեռարձակել։

11:39

Ուկրաինայում հայտնել են ռուսաստանցի չորրորդ գեներալի զոհվելու մասին։ Իսկ «Можем объяснить» տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է Ռոսգվարդիայի էլիտար ստորաբաժանման առնվազն 7 մարտիկ։

11:33

Forbes-ը կազմել է այն ընկերությունների ցանկը, որոնք հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցման կամ աշխատանքների սահմանափակման մասին։ Պարբերականը եզրակացրել է, որ իրականում «զանգվածային փախուստ» չի նկատվում, բայց ընկերությունները կրճատում են արտադրությունն ու հրաժարվում նոր ներդրումներից։

11:26

Հակառակորդի կորուստներն ըստ հակամարտող կողմերի.

Ռուսաստանի Դաշնության ՊՆ

  • ինքնաթիռներ՝ 111,
  • ուղղաթիռներ՝ 68,
  • անօդաչուներ՝ 160,
  • տանկեր և այլ զրահամեքենաներ՝ 1 353,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 129,
  • հրետանի և ականանետեր՝ 493,
  • զենիթահրթիռային համալիրներ՝ 159:

Ուկրաինայի զինված ուժերի ԳՇ

  • ինքնաթիռներ՝ 84,
  • ուղղաթիռներ՝ 108,
  • տանկեր՝ 430,
  • զրահամեքենաներ՝ 1 375,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 70,
  • հրետանային համակարգեր՝ 190,
  • ՀՕՊ միջոցներ՝ 43,
  • անձնակազմ՝ մոտ 13 800 մարդ։

10:52

Ռմբապաստարան Սևերոդոնեցկում։ Մի քանի օր շարունակ մարտեր են ընթանում այս քաղաքի համար։

10:43

YouTube-ն արգելափակել է ռուսական «Спас» հեռուստաընկերության օգտահաշիվը։

10:41

Վլադիմիր Զելենսկու գիշերային տեսաուղերձի հիմնական մտքերը.

  • Բանակցությունների ժամանակ դիրքորոշումները «սկսել են առավել իրական հնչել», սակայն դեռ ժամանակ, ջանքեր և համբերություն են պետք։
  • Ռուսաստանն արդեն իսկ Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 900 հրթիռ։
  • Ուկրաինայում լրագրողների զոհվելը ևս մեկ պատճառ է ուժեղացնելու Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
  • Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին հանդես կգա ԱՄՆ կոնգրեսի առաջ և կոչ արել «Ուկրաինայի բոլոր ընկերներին» այցելել Կիև, չնայած նրան, որ այնտեղ անվտանգ չէ։

10:39

Երկու հայտարարություն ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներից։

Փոխվարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ պատերազմից Ուկրաինայի ուղիղ կորուստները գերազանցում են 565 միլիարդ դոլարը։

Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին էլ նշել է, որ պատերազմից հետո տարածքների ականազերծման համար կպահանջվեն տարիներ։

10:38

Հաքերները կոտրել են Ռուսաստանի արբիտրաժային դատարանների կայքերը։ Դրանց գլխավոր էջերում տեղադրվել են Պուտինի իմպիչմենտի կոչեր։

10:37

Forbes. ընկերությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ հեռանում են Ռուսաստանից, աշխատանքով են ապահովում ավելի քան 200 հազար ռուսաստանցիների։

10:34

«АвтоВАЗ»-ը, մատակարարումների ճգնաժամի պատճառով, աշխատակիցներին 20-օրյա արձակուրդ կուղարկի։

Ընկերությունը ապրիլի 4-ից 24-ը կմեկնի կորպորատիվ արձակուրդի։ Ավելի վաղ, ընկերության կորպորատիվ արձակուրդը նախատեսված էր հուլիսի 25-ից օգոստոսի 14-ը, սակայն այն որոշեցին տեղափոխել՝ կապված մատակարարումների ճգնաժամի հետ։

10:32

Ռուսաստանում չինական սմարթֆոնների վաճառքն աճել է շուրջ 2 անգամ։

Փետրվարի 28-ից մարտի 13-ը Ռուսաստանում չինական ապրանքանիշների սմարթֆոնների վաճառքն աճել է երկու անգամ, ի տարբերություն նախորդ շաբաթների։ Այդ մասին «Коммерсант»-ին հայտնել են МТС-ից։ 

Ընկերության տվյալներով՝ մարտի առաջին օրերին Huawei-ի սարքավորումների վաճառքի թիվն աճել է 300 %-ով, Oppo-ն և Vivo-ն՝ 200 %-ով, իսկ Realme՝ 80 %-ով։ Բացի այդ, գրանցվել է նաև կոճակային հեռախոսների պահանջարկի աճ։

10:30

Ինչ է կատարվել մարտի 16-ի գիշերը` հակիրճ.

  • Մարտի 16-ին Ռուսաստանը պետք է վճարումներ անի եվրոբոնդերի երկու թողարկումների համար։ Եթե վճարումներն իրականացվեն ռուբլով, ապա Fitch գործակալությունը դա կհամարի դեֆոլտ։
  • Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։
  • ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է բանաձև, որտեղ Վլադիմիր Պուտինին անվանել են ռազմական հանցագործ։
  • ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն։
  • ԵՄ պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո՝ Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լքել է Yandex-ի մայր կազմակերպության՝ նիդերլանդական Yandex N.V.-ի ղեկավար պաշտոնը։

 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter