HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքապետը պատասխանատվության կենթարկվի

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է խստացնել չնախատեսված տեղերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները։ 

Առաջարկվող փոփոխություններից մեկը, օրինակ՝ այն է, որ համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100-200 հազար դրամով։

Չնախատեսված վայրում մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը ֆիզիկական անձի դեպքում կպատժվի 20-30 հազար դրամով, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 80-100 հազար դրամով։

Մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելու տուգանքը ֆիզանձի դեպքում 50-80 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 150-250 հազար դրամ։

Ոստիկանության առաջարկած փոփոխություններով՝ մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը կտուգանվի 20-30 հազար դրամի չափով։

Նույնքան տուգանք է սահմանվել նաև մինչև 5 անվադող թափելու համար, իսկ 5-ից ավելի դեպքում նախատեսված տուգանքը կլինի 100 հազար դրամ։

Մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելու համար սահմանված տուգանքը ֆիզանձի դեպքում կլինի 20-30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 60-80 հազար դրամ, իսկ մեկ խորանարդ մետրից ավել ծավալով շինաղբ թափելը ֆիզանձի դեպքում կպատժվի 50-80 հազար դրամի չափով, իսկ իրավանական անձի համար՝ 200-300 հազար դրամով։

Ավտոմեքենայից աղբ նետելու համար նախատեսված տուգանքն էլ կլինի 25 հազար դրամ:

Աղբ թափելու համար հարուցված վարույթներով վարչարարությունը իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը, իսկ կրկնակի վարչարարությունից խուսափելու համար գործը քննելու է այն մարմինը, որը տվյալ պահին հայտնաբերել է իրավախախտումը:

Նախագծի ընդունման դեպքում ոստիկանությունն ակնկալում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ:

Հավելենք, որ այս օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter