
Բագրատաշեն. մարդիկ դժգոհում են կուտակումներից, անցակետի պետը խորհուրդ է տալիս ամեն ինչ մեր արշինով չափել
Վրաստանից պտուղ-բանջարեղեն և այլ ապրանքներ տեղափոխող ալավերդցի առևտրականները բողոքում են հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում հատկապես շաբաթ և կիրակի օրերին կուտակումներից:
Ալավերդցի Անահիտ Մաթոսյանն ասում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս նախորդ կիրակի Բագրատաշենի անցակետում մեքենայում սպասել է ժամը 17:00-ից մինչև 21:00-ն: Ալավերդցի առևտրականներն ասում են, որ վրացական կողմում, ի տարբերություն Բագրատաշենի մաքսային անցակետի, մաքսային ձևակերպումներն արվում են շատ արագ՝ րոպեների ընթացքում:
«Հետքը» Բագրատաշենի մաքսային անցակետի ղեկավարներից փորձեց պարզել կուտակումների պատճառները: Մայիսի 6-ին մաքսատան մուտքն ազատ էր ՀՀ բոլոր քաղաքացիների համար, սակայն լրագրողիս առջև մաքսավորներն այն փակեցին:
Երկար համոզելուց հետ մաքսավորներն ինձ ուղեկցեցին անցակետի պետ Կարեն Գրիգորյանի մոտ: Լսելով հարցը, թե ինչո՞ւ են ուղևորներն ու առևտրականները դժգոհում մաքսատանը կուտակումներից, մաքսային անցակետի պետը խորհուրդ տվեց բացատրել ժողովրդին, որ «շատ բաներ մեզ մոտ շատ լավ են, վրացիների մոտ լավ չեն, և հերիք է համեմատվեք»:
«Եկեք մենք մեր արշինով մեզ չափենք ու նայենք ամեն ինչ մեր արշինով,- ասաց Կարեն Գրիգորյանը:- Եթե դուք հետևում եք թերթերին կամ հեռուստատեսությանը, կամ էդ նույն ժողովուրդը, մենք մեծ պրոյեկտ ենք կազմել մեր սահմանները սարքելու համար»:
Կարեն Գրիգորյանի խոսքով՝ անցակետի պրոյեկտի իրականացումը մեծ գումարների հետ է կապված: «Որը որ սարքեցինք, Վրաստանը 50 տարի չի կարողանալու տենց բան սարքի: Տենանք՝ հլա էն ժամանակ ինչ են ասելու»,- ասաց Բագրատաշենի գլխավոր մաքսավորը:
Այնուամենայնիվ, Կարեն Գրիգորյանը չժխտեց, որ իր տնօրինությամբ գործող մաքսային անցակետում ուղևորների և ավտոմեքենաների մեծ կուտակումներ են լինում:
«Իհարկե լինում են: Ոնց կարող է չլինել: Հետո էդ կուտակումները մաքսայինների խնդիրը չի: Սովորել եք տամոժնի ասել, դա տամոժնին չի, դա սահմանապահների խնդիրն ա: Էնտեղից 10 գծով բաց են թողնում, էստեղից մի գծով ընդունում են: Եթե սենց մեծ տրուբայով ջուրը բաց թողան, բարակ տրուբայով մտցնեն, Ձեր կարծիքով կուտակումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Գրիգորյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նոր մաքսատան շինարարությունը կսկսվի, երբ ֆինանսավորում լինի: «Այդ ժամանակ, թող հլա տեսնենք՝ ժողովուրդն ինչ է ասում»,- հավելեց նա:
Անցակետի դարպասներից 70 կիլոգրամ կաղամբով պարկը շալակին դուրս եկող մի առևտրական «Հետքին» ասաց. «Մինչև կոպեկ չես տալիս, թողում չեն անցնես: Հիմա ինձանից 1000 դրամ վերցրին: 70 կգ կաղամբի համար»:
Հարցին, թե 1000 դրամը վերցնելիս մաքսավորները իրեն կտրոն տվե՞լ են, թե ոչ, առևտրականը պատասխանեց. «Ես շատ գիտեմ»: Նա խուսափեց հայտնել իր ազգանունը:
Ես հատեցի հայ-վրացական սահմանը և հայտնվեցի վրացական մաքսատանը: Այնտեղ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր: Ներկայացա վրացի մի մաքսավորի: Նա պատրաստակամություն հայտնեց լրագրողիս աջակցելու: Ես վերադարձա Բագրատաշենի անցակետ:
Սահմանային կամրջի վրա կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա Բագրատաշենի մաքսային անցակետում սպասում էր իր մաքսային փաստաթղթերի ձևակերպմանը:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել