HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գյուղմթերքը մեկ ամսում 4%-ով թանկացել է. ամենաշատը՝ բազուկը, կաղամբը, գազարը

2022թ. հունվարին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքը ԵԱՏՄ-ում թանկացել է 0,8 %-ով։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական բաժնի հրապարակած վերջին տվյալները։ Մեկ տարում՝ 2021թ. հունվարի համեմատ գյուղմթերքը ԵԱՏՄ-ում թանկացել է 14,2 %-ով։

Մեկ ամսում՝ 2022թ. հունվարին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքն ամենաշատը թանկացել է Հայաստանում՝ 4 %-ով։ Հաջորդը Ղրղզստանն է՝ 2,3 %, ապա Բելառուսը՝ 2 %։

Ընդ որում՝ ԵԱՏՄ-ում և’ բուսաբուծական, և՛ անասնաբուծական ծագման գյուղմթերքն ամենաշատը թանկացել է Հայաստանում։ Մասնավորապես, մեկ ամսում բուսաբուծական ապրանքները թանկացել են 10,4 %-ով։ Հայաստանին հաջորդում է Բելառուսը՝ 5,8 %, ապա Ղրղզստանը՝ 3,8 %։

Հայաստանում թանկացել է բազուկը՝ 31.1 %-ով, սպիտակ կաղամբը՝ 27.5 %-ով, վարունգը՝ 25 %-ով, գազարը՝ 18.4 %-ով և մրգերը՝ 11.0 %-ով։

Գյուղմթերքի գները ԵԱՏՄ-ում. Հունվար
Infogram

Բելառուսում թանկացել են հատապտուղները՝ 25,9 %-ով, սպիտակ կաղամբը՝ 12,7 %-ով, վարունգն ու լոլիկը՝ 11,6 %-ով, գազարը՝ 9,7 %-ով, շաքարի ճակնդեղը՝ 9,6 %-ով, կտավատի սերմերը՝ 7,4 %-ով, բազուկը՝ 7,3 %-ով, սոխը՝ 7,1 %-ով։

Ղազախստանում թանկացել են վարունգի սերմերը՝ 5,1 %-ով, ռապսի սերմերը՝ 3,3 %-ով, լոլիկը՝ 2,9 %-ով, արևածաղկի սերմերը՝ 2,6 %-ով, խնձորը՝ 2,5 %-ով, կորեկը՝ 2,2 %-ով և գարին՝ 1,4 %-ով։

Ղրղզստանում թանկացել է բամբակի հումքը՝ 11,6 %-ով, ծխախոտը՝ 5,1 %-ով և գարին՝ 4,5 %-ով։ Ռուսաստանում թանկացել է վարունգը (9,2 %), կաղամբը (9,1 %), սեղանի ճակնդեղը (8,4 %), լոլիկը (7,5 %), շագանակագույն բրինձը (5,5 %), մրգերը (4,2 %), ոլոռը (2,9 %), ռապսի սերմերը (1,9 %) և սոխը (1,8 %)։

Անասնաբուծական ծագման ապրանքները Հայաստանում թանկացել են 2,5 %-ով։ Հայաստանին հաջորդում է Բելառուսը, որտեղ այդ ապրանքները թանկացել են 1 %-ով, ապա՝ Ղազախստանը՝ 0,4 %-ով։

Բելառուսում թանկացել է մեղրը՝ 5,5 %-ով, կովի կաթը` 2,4 %-ով։ Կաթը թանկացել է նաև Ղրղզստանում՝ 5,8 %-ով, Ռուսաստանում՝ կաթ 2,9 %-ով, Ղազախստանում՝ 1,5 %-ով։

Միևնույն ժամանակ, Բելառուսում էժանացել է թռչնամսիսը (3,6 %) և թարմ ձուն (1 %), Ղրղզստանում՝ ձուն (8 %), թռչնամիսը (7,2 %)։ Ռուաստանում ձուն էժանացել է 2,6 %-ով, թռչնամիսը՝ 0,4 %-ով, Ղազախստանում ձուն էժանացել է 8,2 %-ով, բայց թռնչամիսը թանկացել է 0,6 %-ով։

Հայաստանն անասնաբուծական ապրանքների գների մասով վիճակագրական առանձնացված տվյալներ չի կազմում և ներկայացնում ԵՏՀ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter