HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է Արմեն Սարգսյանը դարձել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի

Հիմնական բացահայտումները

  • Արմեն Սարգսյանը 500 հազար ԱՄՆ դոլար ներդրման դիմաց ստացել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն
  • Նախագահ ընտրվելուց առաջ Արմեն Սարգսյանը ՀՀ իրավապահ մարմիններից թաքցրել է Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ունենալու հանգամանքը
  • Արմեն Սարգսյանը չէր կարող դառնալ նախագահ, նրա թեկնածությունը չէր համապատասխանում ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի պահանջին

1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ ։ 

Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984): 

Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի  գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամը (Daphne Caruana Galizia Foundation) համատեղ հետաքննություն են իրականացրել Կարիբյան ծովի երկրներում Henley and Partners-ի գործունեության վերաբերյալ։ 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ֆինանսական հանցագործություններին, փողերի լվացմանը, պատժամիջոցներից խուսափելուն, քաղաքական իշխանություն և չհիմնավորված հարստություն են ունեցել։

Նման մարդիկ պետք է ողջամիտ կասկածներ առաջացնեին և՛ այս ընկերության,  և՛ քաղաքացիություն տրամադրող երկրների մոտ։ Չնայած դրան, նրանք կարողացել են ներդրումների միջոցով Սենթ Քիթսի քաղաքացիություն ստանալ։ 

Հայաստանի հետ կապ ունեցող և այս ծրագրով Սենթ Քիթսի քաղաքացիություն գնած մարդկանց թվում են նաև ՌԴ և ՀՀ քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը և ընտանիքի յոթ անդամներ։

OCCRP-ի ամբողջական հոդվածը անգլերեն՝ կարդացեք այստեղ։

Henley and Partners-ը իր գործունեության մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Այսպես, OCCRP-ի հարցումներին ի պատասխան՝ ընկերությունը պնդել է, որ միշտ ենթարկվել է տեղական, միջազգային օրենքներին և կանոնակարգերին, որ խնդրահարույց հաճախորդները լավ հաճախորդների համեմատ շատ քիչ են, սա գնահատելով որպես «շատ դրական նորություն»։ 

Իսկ Սենթ Քիթս և Նևիսի՝ «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի պատասխանատու պետական մարմիններն ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեն տվել։ 

Henley and Partners-ը մասնավորապես և անձնագրերի վաճառքի ոլորտը՝ ընդհանրապես, վերջին տարիներին խիստ քննադատության է արժանանում հատկապես մի շարք միջազգային սկանդալների պատճառով, որոնք կապված են եղել «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրերին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալթան և Կիպրոսը։ 

Նման ծրագրերի քննադատները պնդում են, որ երկրորդ քաղաքացիության շնորհիվ հանցավոր գործունեությամբ զբաղվողները կարողանում են խուսափել արդարադատությունից, քողարկել իրենց ինքնությունը և ապօրինի ձեռք բերած միջոցները։

Բացի դրանից՝ նման ծրագրեր ունեցող երկրների քաղաքացիները և քաղաքական խմբերը կարող են սոցիալապես անարդար համարել այն, որ անհատները, որոնք երբևէ չեն ապրել տվյալ երկրներում և որևէ կապ չունեն այդ երկրի հետ, կարող են դառնալ քաղաքացիներ ընդամենը որոշ գումար վճարելով: Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական բողոքների և աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների աճի:

Բազմամիլիարդ դոլարների շրջանառություն ունեցող այս ոլորտում աշխատող ներկայացուցիչները, ի հակառակ քննադատների, պնդում են, որ հավելյալ անձնագիրը աղքատ երկրների գործարարներին կարող է օգնել անկաշկանդ ճանապարհորդել և պաշտպանվել իրենց երկրների ավտորիտար ռեժիմներից: Միևնույն ժամանակ, այս ծրագրերը կարող են ներդրումների մեծ հոսք բերել ծրագիրն իրականացնող երկիր։

Կարդացեք նաև OCCRP-ի հոդվածը Henley and Partners-ի հաճախորդների մասին

«Հետքը» նույնպես ունի հրապարակումներ այս թեմայով։ Այսպես, գրել էինք, որ «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայի քաղաքացիություն են ձեռք բերել։

Ինչպես ավելի վաղ էինք գրել, ներդրումների դիմաց Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն գնել էր նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը 500 հազար ԱՄՆ դոլար նեդրման համար է ստացել քաղաքացիություն

OCCRP-ի և «Հետքի» ձեռքի տակ հայտնված Henley and Partners-ի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սարգսյանն առնվազն 2013թ.-ին եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:

Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին։

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում շատ բան պարզ է դարձել հենց նրա հայտնած տեղեկությունների շնորհիվ։ Պետք է նշենք, որ Սարգսյանի բացատրությունները և պատմությունը բավականին խճճված են։

Այսպես, նա մեզ ասել է, որ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել Սենթ Քիթսում գտնվող Park Hyatt հյուրանոցի զարգացման համար։ Ներդրումն իրականացնելու գործընթացը կազմակերպել է Range Developments ընկերությունը։ Սրա դիմաց Արմեն Սարգսյանն ստացել է Սենթ Քիթսի քաղաքացիություն։ Բայց Սարգսյանը պնդում է, որ իրեն Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրն ընդհանրապես չէր հետաքրքրում, քանի որ «ներդրումն էր շարժիչ գործոնը»։

Ըստ Սարգսյանի բացատրության՝ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալուց հետո ինքը նախ գրել է ներդրումը կազմակերպած Range Developments-ին և խնդրել սառեցնել անձնագրի գործունեությունը մինչև հետագա ծանուցումը։

2013-ի օգոստոսին, երբ Սարգսյանը հասկացել է, որ կարող է նշանակվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան (նշանակվել է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին), հյուրանոցի բաժնեմասի սեփականությունը փոխանցել է ընտանիքի անդամին և խնդրել է իր իրավաբանին վերադարձնել Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը։ 

ՀՀ նախագահ ընտրվելուց առաջ Սարգսյանը պարզել է, որ կարիբյան երկրում ներդրումը կազմակերպած Range Developments-ն իր սկզբնական խնդրանքը անձնագրի գործողությունը սառեցնելու մասին չի կատարել։ Իր պատասխանի մեջ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ 2017-ի դեկտեմբերին նորից գրել է ընկերությանը, բայց պատասխան չի ստացել։ 

Սրանից կարճ ժամանակ անց Սարգսյանը տեղեկացել է, որ Range Developments-ում իր ներդրման կազմակերպմամբ զբաղվող անձը մահացել է։ Սարգսյանը գրել է մահացածի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել և կրկնել է իր խնդրանքը։ 

Ըստ Սարգսյանի, մահացածի որդուն գրելուց հետո իր իրավաբանի հետ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթաց է անցել. մասնավորապես՝ Սենթ Քիթսի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել և երդման տակ գրավոր հայտարարություն է ստորագրել (sworn affidavit), բայց ինչպես նա է ասում, այնուհետ գործի վերաբերյալ այլևս նորություն չի ստացել: Սա, Սարգսյանի պնդմամբ, ՀՀ նախագահ դառնալուց առաջ է եղել։

Նա հավաստիացնում է, որ Henley and Partners-ի հետ երբեք չի առնչվել, իր կապը Park Hyatt հյուրանոցի զարգացման ծրագրի անմիջական ընկերության՝ Range Developments-ի հետ է եղել։ OCCRP-ի հարցմանը Henley and Partners-ը պատասխանել է, որ Սարգսյանի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Հրապարակում ենք Արմեն Սարգսյանի հետ նամակագրությունն՝ ամբողջությամբ։ Անձնական տվյալներ պարունակող հատվածները փակ են։ Նամակագրությունը եղել է անգլերեն, թարգմանության տարաձայնություններից խուսափելու համար որպես սկզբնաղբյուր դիտարկեք անգլերեն տարբերակը։ Ինչպես երևում է նամակագրությունից, մենք Սարգսյանին ուղարկել ենք իր անձնագրի  համարը և հստակ հարցեր ենք տվել։ 

Կարդացեք նամակագրությունը անգլերեն կամ հայերեն թարգմանությամբ։

Ըստ էության, Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը պաշտոնապես ներկայացրել է նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։

Սա նշանակում է, որ նախկին նախագահը ՀՀ Սահմանադրության պահանջին չի համապատասխանել և, ըստ էության, ՀՀ պետական մարմիններից թաքցրել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստը։

Սարգսյանը OCCRP-ին հայտնել է, որ ինքը իրեն Սենթ Քիթսի քաղաքացի չի համարել և չի համարում անձնագրի գործողությունը սառեցնելու դիմում ներկայացնելու պահից սկսած։ Նրա ասածների ճշմարտացիությունը ստուգելը բարդ է՝ հաշվի առնելով, որ մահացել է Սարգսյանի ներդրումը կազմակերպած ընկերության աշխատակիցը, իսկ հետագայում՝ նաև Սարգսյանի իրավաբանը։

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի փետրվարին՝ ԱԺ-ի կողմից նրան նախագահ ընտրելուց առաջ, մենք գրել էինք, որ բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Սարգսյանը չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ, քանի որ ըստ այդ փաստաթղթերի առնվազն 2014 թ․՝ նախագահ ընտրվելուց ոչ թե 6, այլ 4 տարի առաջ, նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր։

2021-ին Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ։ Ներկայում գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ն։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրում է հենց այս գործի շրջանակներում։

Պետք է նշենք, որ Սենթ Քիթսի պետական մարմիններից որևէ պատասխան ակնկալելն անիմաստ է։ Նրանք չեն պատասխանել մեզ, ամենայն հավանականությամբ, չեն պատասխանելու նաև ՀՀ պետական մարմիններին, այս դեպքում՝ Սարգսյանի քրգործով զբաղվող ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտին։ «Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի հիմնաքարերից մեկն այն է, որ ծրագիրն ապահովում է իր հաճախորդների գաղտնիությունը։ Այս դեպքում Սարգսյանի մասին տվյալները բացահայտելը մեծ վնաս կհասցնի ամբողջ ծրագրի հեղինակությանը։ Նման քայլի այս փոքր երկրի իշխանությունները չեն գնա։

Նախորդ հրապարակման մեջ մենք նշել ենք, որ Սարգսյանը հրաժարական է տվել մեր հարցերին պատասխանելուց հետո, և իր հրաժարականը մեզ համար անակնկալ էր (մենք ենթադրում էինք, որ նա հրաժարական կտար հետաքննության հրապարակումից հետո): 

Սա երևում է Սարգսյանի հետ մեր ուղիղ նամակագրությունից, որը սկսվել է հունվարի 17-ին, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ցուցումով մեր հարցերը ուղարկել ենք անմիջապես Սարգսյանի անձնական էլեկտրոնային փոստին (մինչ այդ նամակներն ուղարկել էինք նախագահական աշխատակազմ, և դրանց պատասխանել է աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը)։ Մեկ օր անց՝ հունվարի 18-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո, Արմեն Սարգսյանը մեկնեց կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:

Նա իր հիմնական բացատրությունները մեզ ուղարկել է արձակուրդ մեկնելուց երկու օր անց՝ հունվարի 20-ին, երբ ենթադրաբար արդեն Լոնդոնում էր։ Դրանից հետո մենք ուղարկել ենք ճշտող հարցեր, նա դրանց շատ հակիրճ պատասխանել է հունվարի 23-ին և նույն օրը հրաժարական է տվել, սակայն հրաժարականի տեքստի մեջ որևէ բառ չկար Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին։

Արմեն Սարգսյանը հրաժարական տալուց հետո դեռ Հայաստան չի վերադարձել, չնայած նրա գրասենյակը պնդել էր, թե Սարգսյանը շուտով վերադառնալու է։ Իրավապահ մարմիններում «Հետքի» աղբյուրի համաձայն՝ Սարգսյանը հարուցված քրգործի շրջանակներում դեռ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել։ Այս գործով հարցաքննվել է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը:

Գլխավոր լուսանկարը՝  Roberto Serra/Iguana Press/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter