Դատախազությունը ստուգում է Արմեն Սարգսյանի վերաբերյալ նոր հետաքննությունը. ԱԱԾ-ն հարցաքննել է «Հետքի» գլխավոր խմբագրին
Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել նախկին նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ «Հետքի» նոր հետաքննությունը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հրապարակումը լույս տեսնելուց հետո անմիջապես մեր տեսադաշտում հայտնվել է և աշխատանքային առաջին իսկ օրվա սկզբում մուտքագրվել է դատախազությունում և դրանով նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակում էր կոնկրետություն պարունակող տվյալներ այն մասին, որ նախկին նախագահը բանկային հաշիվներում ունեցել է գումարներ, որոնք չի հայտարարագրել։ Ինչպես գիտեք, չհայտարարագրելը կամ հայտարարագրմամբ սխալ տեղեկություններ, տվյալներ ներառելը քրեական օրենքով արգվելված գործողություն է, հետևաբար այդ իմաստով պարտադիր ուսումնասիրության ենթակա է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը և իր քույրը՝ Կարինե Սարգսյանը, շվեյցարական Credit Suisse բանկի իրենց համատեղ հաշվեհամարին ունեցել են ավելի քան 10 մլն շվեյցարական ֆրանկ, որն Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Միացյալ Թագավորությունում որպես դեսպան ծառայության ընթացքում։
Բացահայտումն արվել է #SuisseSecrets միջազգային լրագրողական հետաքննական նախագծի շրջանակներում, որին Հայաստանից մասնակցել է «Հետքը»։
Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հունվարի 24-ին, մենք հրապարակել էինք ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության վերաբերյալ մեր հետաքննության առաջին մասը, որը Գլխավոր դատախազությունը հաջորդ օրն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու։
Օրերս գրավոր հարցմամբ դիմել էինք ԱԱԾ-ին և խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ փուլում է Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ քրգործը և արդյոք Արմեն Սարգսյանը հարցաքննվել է այս գործի շրջանակներում, որևէ պարզաբանում տվե՞լ է, թե ոչ։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ.-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրելու էր հենց այս գործի շրջանակներում։
ԱԱԾ-ից մեզ հայտնել են, որ Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առիթով հարուցված քրգործը գտնվում է նախաքննության փուլում։ Մեր հրապարակումը դարձել է հարուցված քրգործով քննության առարկա։ Մյուս հարցերին ԱԱԾ-ն չի պատասխանել, քանի որ, ըստ ԱԱԾ-ի, դրանք վերաբերում են նախնական քննության տվյալներին և հրապարակման ենթակա չեն։
Այս գործի շրջանակներում էլ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը հարցաքննել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին։
Մեկնաբանել