HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիայի հիմնական խնդիրն է ամեն ինչ անել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը»

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանի կարծիքով՝ եթե Հայաստանը չմասնակցեր Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումին, ապա ոչինչ չէր փոխվելու։ Նրա խոսքով՝ ավելի լավ էր մասնակցելը, քանի որ, բացի Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից, ՀՀ արտգործնախարարը մի շարք այլ հանդիպումներ ունեցավ։ Նրա խոսքով՝ բարձրաստիճան դիվանագետները որքան շատ հանդիպումներ են ունենում, այնքան շատ հնարավորություններ են ունենում իրենց երկրի, այս դեպքում՝ Հայաստանի տեսակետը ներկայացնելու համար։

Անդրադառնալով Միրզոյան-Չավուշօղլու հանդիպմանը՝ թուրքագետը նշեց, որ չի կարծում, թե այդ հանդիպմանը բովանդակային հարցեր են քննարկվել։ Հանդիպումն ավելի շատ կրում էր ձեւական բնույթ, ինչ, ինչպես որ դիվանագիտական ֆորումը, առաջին հերթին անհրաժեշտ էր Թուրքիային։ «Թուրքիան Անթալիայի ֆորումը փորձում է օգտագործել որպես միջոց աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար, միջնորդ է հանդես գալիս, ինչպես, օրինակ, Չավուշօղլուն որպես միջնորդ հանդես եկավ Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպման համար, այդ նույն միջոցառումների շարքից էր նաեւ հանդիպումը Միրզոյանի հետ, որը ներկայացվում է որպես Թուրքիայի կողմից ձգտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Թուրքիային ավել շատ էր պետք այն՝ ցույց տալու, որ, տեսեք, մենք նպաստում ենք հակամարտությունների կարգավորմանը»,- ասում է զրուցակիցս։

Ակադեմիկոսը համոզմունք է հայտնում, որ միեւնույնն է՝ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշելու, եւ հայկական կողմը պետք է շատ սկզբունքային մոտեցում ունենա այդ հարցերում՝ զիջումների չգնա։ Նրա խոսքով՝ դիվանագիտություն է, պայքար է, Թուրքիան իր դիրքորոշումներն է փորձելու առաջ տանել, Հայաստանն էլ պետք է կարողանա դիմակայել, քայլեր ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան ճնշում գործադրելու։ «Եթե տեսնենք, որ չենք կարողանում դիմակայել, ապա պետք է դուրս գալ այդ բանակցային գործընթացից։ Դա է ամբողջ խնդիրը»,- ասում է թուրքագետը։

Սա հայ-թուրքական չորրորդ բանակցային գործընթացն է, առաջին երեքը ձախողվել էին, եւ «Հետքի» զրուցակցի կարծիքով՝ քիչ շանսեր կան, որ այս մեկը հաջողություն կարող է ունենալ։

44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից, ստատուս քվոյի խաթարումից հետո տարածաշրջանը, ակադեմիկոս Սաֆրաստյանի խոսքով, նոր ստատուս քվոյի ձեւավորման փուլում է։ Այստեղ շատ ակտիվ դերակատարում է ստանձնել Թուրքիան, որը փորձում է իր նշանակությունն ուժեղացնել տարածաշրջանում։ «Թուրքիան դա պետք է անի ի հաշիվ Ռուսաստանի՝ օգտագործելով Ադրբեջանին։ Սա տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստրատեգիկ ընդհանուր պատկերն է»,- նկատում է թուրքագետը։ Նա չի բացառում, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ սկսի սադրանքներ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հանդեպ, ինչին ականատես ենք լինում, այլեւ ռուս խաղաղապահների դեմ։ Դրա նպատակը կլինի այն, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքեն տարածաշրջանը։ «Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հիմնական խնդիրն է ամեն ինչ անել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը։ Դա օգտակար է Ադրբեջանին, որից հետո նրանք հնարավորություն կունենան ճնշումներ գործադրել Արցախի վրա։ Սակայն դա նաեւ ձեռնտու է Թուրքիային, քանի որ այն կհասնի իր նպատակին՝ Ռուսաստանը կզրկվի կարեւոր լծակից՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Ակադեմիկոսը դժվարանում է ասել, թե արդյոք Ռուաստանը դուրս կգա տարածաշրջանից՝ հավելելով, որ ճնշումները գնալով ուժեղանում են Ռուսաստանի վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, թերեւս, հասկանում է Թուրքիայի նպատակն այդ հարցում։ Ըստ այդմ՝ եթե Ռուսաստանը կորցնի իր մենաշնորհը տարածաշրջանում, որտեղ Թուրքիան արդեն ոտք է դրել եւ գնալով փորձում է ուժեղացնել դիրքերը, ապա մի նոր վտանգ կստեղծվի ռեգիոնում՝ վերջինիս մերձավորարեւելականացումը։

«Այսինքն՝ Մերձավոր Արեւելքը, որ մինչեւ հիմա հեռու էր մեզնից, կսկսի ազդել մեր տարածաշրջանի վրա։ Այդ գործընթացի սկիզբը դրեց Թուրքիան՝ այնտեղից վարձկաններ, ջիհադիստներ, ահաբեկիչներ բերելով, պատերազմից առաջ դրանց տեղակայելով Ադրբեջանում, իսկ պատերազմից հետո էլ նրանց մի մասը մնաց։ Այսինքն՝ Թուրքիան վերցրեց Մերձավոր Արեւելքի ամենավատը, ամենաբացասականը՝ ծայրահեղական տեռորիստական խմբավորումների ներկայացուցիչներին, եւ բերեց մեզ մոտ։ Բացի դրանից՝ Թուրքիան փորձում է Պակիստանին ներգրավել տարածաշրջանում»,- ասում է թուրքագետն ու հավելում է, որ այդ տեսանկյունից պետք է նկատի առնել, որ, Ռուսաստանից բացի, նաեւ Իրանն է դրական մեծ դեր խաղում՝ կարեւոր պատնեշ դառնալով այդ վարձկանների դեմ։ Տարածաշրջանը մտել է է թեժ պայքարի փուլ, որտեղ Հայաստանը, ըստ ակադեմիկոս Սաֆրաստյանի, պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ հասկանալ, թե գործընթացներն ինչպես են գնում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter