HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գործերի մակագրման համակարգի կոդերի առեղծվածը. ԲԴԽ-ն և Դատախազությունը շարունակում են հերքել միմյանց

Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձնել-չվերադարձնելու թեման երկու օր է՝ լայն քննարկումների առիթ է դարձել: Գլխավոր դատախազությունը դատախազի խորհրդականի մակարդակով հայտարարում է, որ մակագրման համակարգի բանալիները վերադարձվել են, իսկ Դատական դեպարտամենտը պնդում է, որ կոդերը չեն ստացել:

Հիշեցնենք, որ Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները 2021 թվականի հուլիսի 21-ից առգրավված էին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, և այս ընթացքում դատարաններ ստացված գործերը մակագրվել են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից:

Առգրավումից շուրջ 8 ամիս անց՝ մարտի 17-ին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատական գործերի մակագրման համակարգի բանալիները վերադարձվել է Դատական դեպարտամենտին:

«Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը

Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։

Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ 

Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը:

Թվում էր՝ վերջ գործերի ձեռքով մակագրմանը, սակայն Աբրահամյանի հայտարարությունից քիչ անց Բարձրագույն դատական  խորհուրդը հերքեց Աբրահամյանին, հայտնեց, որ համակարգի գործարկման և  և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին չեն վերադարձվել՝ իր կողմից տարածված տեքստը վերնագրելով «հաղորդում»:

Աբրահամյանի պատասխանը չուշացավ. վերջինս հրապարակեց փաստաթուղթ՝ նշելով, որ վերահաստատում է իր կողմից հայտնած տեղեկությունը:

«Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը

(Ներկայացված է գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները)»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը:

Վերջինիս կողմից գրությանը կցված փաստաթղթում երևում է Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին ուղարկված գրությունը:

«Հարգելի պարոն Հարությունյան, 2022 թվականի մարտի 16-ին քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահամակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետին՝ ծրագրային ապահովման սերվերներն ուսումնասիրված լինելու պայմաններում այն վերագործարկելու հնարավորության վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացնում եմ, որ «Դատական համակարգի» ծրագրային ապահովումը կարող է վերագործարկվել և շահագործվել, ինչը չի կարող բացասական ազդեցություն ունենալ քրեական գործով վարույթի ընթացքի վրա»,- ասված է գրության մեջ: Գոռ Աբրահամյանի հրապարակած  փաստաթղթում նաև առկա է «ստացա» նշումը, որն արված է Ավետիսյան ազգանունով անձի կողմից, ֆիքսված է ստացման օրն ու ժամը՝ մարտի 16՝  ժամը 17:55: Աբրահամյանի խոսքով՝ վերջինս Դատական դեպարտամենտի աշխատակից է:

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր մինչև աշխատանքային  օրվա ավարտ սպասելուց հետո նոր հայտարարություն տարածեց:

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի՝ ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:

Գոռ Աբրահամյանից կրկին պարզաբանում խնդրեցինք բանալիների առեղծվածի վերաբերյալ: Գլխավոր դատախազի խորհրդականը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ  իրենց կողմից հրապարակված գրությունը լիարժեք հիմք է՝ համակարգը գործարելու համար, հետևաբար գրությունը ստանալու պահից սկսած՝ դատական դեպարտամենտն է լիովին պատասխանատու՝ համակարգի գործարկման համար, իսկ եթե որևէ խնդիր կա, ապա Դեպարտամենտը կարող է իր աշխատակցից պարզաբանումներ ստանալ, ով ստացել է գրությունն ու այդ մասին նշում կատարել:

Աբրահամյանի խոսքով՝ իրենց համար հասկանալի չէ Բարձրագույն դատական խորհրդի  հրապարակային մակարդակով հակադարձումը, քանի որ ԲԴԽ-ն  առաջինը պետք է շահագրգիռ լիներ համակարգը գործարկելու հարցում: 

«Իսկ եթե, այնուամենայիվ, Դատական դեպարտամենտում լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կար, ապա ոչինչ չէր խանգարում՝ դիմել Գլխավոր դատախազություն»,- ասաց Աբրահամյանը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ բացի հրապարակային հայտարարություններից ԲԴԽ-ն չի՞ փորձել ստեղծված իրավիճակը պարզաբանել դատախազության հետ, Աբրահամյանն ասաց, որ  իրենց չեն դիմել:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրուցում նկատեց, որ Աբրահամյանի կողմից հրապարակված գրության մեջ և դրան կից փաստաթղթում խոսք չկա՝ բանալիները վերադարձնելու վերաբերյալ: ԲԴԽ անդամը նաև ասաց, որ Դատական դեպարտամենտը աշխատանք է տանում՝ ստեղծված իրավիճակը հասկանալու համար: 

Թե ԲԴԽ-Դատախազություն կողմերից ով է ճիշտ, հավանաբար կպարզվի առաջիկայում, բայց այս պահին արդեն մեկ բան փաստ է, որ ԱԱԾ-ում քննվող գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը համարում է, որ մակագրման բանալիները այլևս առգրավված պահելու անհրաժեշտություն չկա:

Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեցինք՝ եթե  անգամ Դատական դեպարտամենտը չի ստացել կոդերը, ապա, հաշվի առնելով, որ դրանք առգրավված պահելու անհրաժեշտություն այլևս չկա, ԲԴԽ-ն ԱԱԾ-ից պահանջելո՞ւ է դրանք:

«Ես մի բան կարող եմ հստակ ասել. դատախազն ասել է, որ կոդերը տրվել են, Դեպարտամենտն ասում է, որ կոդերը չի ստացել: Եթե դեպարտամենտը ստում է, ապա Դեպարտամենտի իրավասու պաշտոնյաները պետք է կրեն պատասխանատվություն: Եթե ոչ, ապա պետք է  հասկանալ, թե այս շղթայի մեջ որ մասում է կորել կամ ինֆորմացիան խեղաթյուրվել»,- ասաց Բեքմեզյանը:

Հստակեցրինք, որ այս դեպքում էական չէ՝ ով է ստում, հարցն այն մասին է՝ ԲԴԽ-ն կպահանջի՞ կոդերը, թե ոչ:

«Մենք պետք է անենք բոլոր հնարավոր քայլերը, որ կոդերը ստանանք, եթե կոդերը նախաքննության մարմնին այլևս պետք  չեն»,- ասաց Բեքմեզյանը: Վերջինս նշեց, որ իրենք մինչև այսօրվա աշխատանքային օրվա վերջ սպասել են՝ հասկանալու համար կոդերը ստացվում են, թե՞ ոչ,  բայց դրանք չեն ստացվել: Երկուշաբթի օրը՝ աշխատանքային օրը սկսվելուն պես՝ իրենց պետք է զբաղվեն այս հարցով:

Մակագրման հետ կապված քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ԱԱԾ-ում է քննվում: Դիտարկեցինք, որ եթե անգամ ԱԱԾ-ն համարի, որ կոդերն իրենց դեռևս պետք են, դատախազը, միևնույնն է, կարող է ցուցում տալ կոդերը վերադարձնելու վերաբերյալ, եթե դրանք իսկապես չեն վերադարձվել:

«Ես  դա չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, քանի որ ես քրեական դատավարության մասնագետ չեմ, չեմ կարող ասել՝  եթե Դատախազությունը համարում է, որ կոդերն այլևս պետք չեն, ապա վարույթն իրականացնող  մարմինը նույնպես պետք է ասի՝ այո, պետք չեն»,- ասաց Բեքմեզյանը:

Դիտարկմանը, որ տվյալ դեպքում քննիչը կարող է բողոքարկել դատախազի ցուցումը, բայց այն կատարելով, Բեքմեզյանն ասաց՝ գուցե բողոքարկում են:

«Եկեք փաստերից դուրս չգանք, իսկ փաստն այն է, որ դատախազությունն ասում է կոդերը տվել ենք, Դեպարտամենտն ասում է չենք ստացել: Հիմա թե կոդերը որտեղ են կորել, կորել են, թե չեն կորել, քննչական մարմնի և դատախազության միջև խնդիր կա թե չկա, մեր և դատախազության  միջև խնդիր կա, թե չկա, այդ հարցերը երկուշաբթի պետք է պարզվի»,- ասաց Բեքմեզյանը:

Դիտակեցինք, որ ԲԴԽ պետք է շահագրգիռ լինի և ամեն կերպ փորձի ստանալ  մակագրման համակարգի կոդերը, և այս պարագայում, երբ փաստացի դատախազը համարում է, որ կոդերն այլևս առգրավված պահելու անհրաժեշտություն չկա, ԲԴԽ-ն ինչո՞ւ է ցանկանում այժմ էլ ճշտել՝ արդյոք դրանք ԱԱԾ-ին պետք չեն:

«Հիմա այդ կոդերը որտեղ են գտնվում՝ փորձաքննություն իրականացնող մարմնի մո՞տ, Դատախազության, թե՞ նախաքննություն իրականացնող մարմի մոտ: Ես չգիտեմ: Եթե իրենք ասում են՝ մեզ պետք չէ, դա դեռ չի նշանակում, որ  դրանք մեր մոտ են»,- ասաց Բեքմեզյանը՝ նշելով, որ այս պահին իրենք ունեն միայն դատախազի խորհրդականի հայտարարությունը, ուրիշ ոչինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter