HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի հետևանքով 3 միլիոն 200 հազար մարդ լքել է Ուկրաինան

73-ամյա Ռադիկ Գալեչյանը 2003 թվականից կնոջ հետ բնակվում էր Ուկրաինայի Կիևի մարզի Բրովարյան շրջանում։ «Պատերազմը որ սկսվեց, մենք գյուղում էինք, առավոտյան ժամը 5-ին դուրս հելա, շատ ուժեղ պայթյուն լսեցի, պատուհանները քիչ էր մնում թափվեին։ Որ կրկնվեց մի քանի անգամ, արդեն լսել էինք, որ պատերազմ է գնում, որոշեցինք տեղափոխվել Կիև»,- ասում է նա։

Կիևում ապրում էր Ռադիկի դուստրը` Դիանան, սակայն, Ռադիկի խոսքով, այնտեղ իրավիճակն ավելի վատ էր։ Պատերազմի սկսվելուց հետո 4 օր մնացել են Կիևում և փետրվարի 28-ին դստեր ընտանիքի հետ մեքենայով ճամփա են ընկել։ 4 օր անց հասել են Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Ռադիկի մյուս դուստրը դեռ Ուկրաինայում է, նրա ամուսինն ուկրաինացի զինվորական է։ Ասում է` հաճախ են խոսում դստեր հետ, բայց շատ բան չի կարողանում պատմել, միայն հասցնում են որպիսությունն իմանալ:

Գալեչյաններն Ուկրաինայի քաղաքացի են։ Ֆրանսիայում օգտվում են ժամանակավոր պաշտպանության 6-ամսյա ծրագրից։ Ընտանիքի համար այժմ առաջնային է Դիանայի 2 երեխաներին դպրոց ընդունելն ու բժշկական հարցերը լուծելը, քանի որ երեխաներից մեկն առողջական խնդիրներ ունի, Ռադիկի կինը ևս վատառողջ է։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 15-ին հայտնեց, որ ավելի քան 15 հազար փախստական Ուկրաինայից ժամանել է Ֆրանսիա։ Նիցցայում «Փախստականների ֆորում» ասոցացիայի (ապաստան հայցողների առաջնային օղակը) ներկայացուցիչ Անելին Սաբադելը մեզ հայտնեց, որ Ուկրաինայից Ֆրանսիա եկած մարդիկ կարող են 2 տեսակի աջակցություն ստանալ․ «Մեկը փախստականի կարգավիճակն է, մյուսը՝ ժամանակավոր պաշտպանություն, որը շատ արագ է տրամադրվում։ Ստանում է 6-ամսյա կացության և աշխատանքի իրավունք, սոցիալական երաշխիքներ, երեխաներին դպրոց ուղարկելու իրավունք և 6 ամսվա ընթացքում նաև դրամական աջակցություն»,- ասաց նա։

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչ Վահագն Մովսիսյանի խոսքով՝ 6-ամսյա ժամանակավոր պաշտպանությունը կարող է երկարացվել առավելագույնը մինչև 3 տարի։ «Եվրոպան առաջին անգամ միայն ուկրաինացիների համար հատուկ կարգավիճակ է սահմանել»,- ասաց նա։

Վահագն Մովսիսյանը հայտնեց, որ ուկրաինահայերին աջակցություն տրամադրելու նպատակով ակտիվ աշխատանքներ է տանում նաեւ հայ համայնքը։ Նա Ուկրաինայից Ֆրանսիա եկածներին բաժանեց երեք խմբի՝ Ուկրաինայի քաղաքացիներ, Ուկրաինայում ժամանակավոր կացության թույլտվություն ունեցողներ և Ուկրաինայում բնակվող՝ այլ երկրների քաղաքացիներ։

«Առաջին երկուսը կարող են դրանից օգտվել (6-ամսյա ժամանակավոր պաշտպանությունից- հեղ.), իսկ երրորդը, ովքեր ոչ մի թուղթ չունեն, այդ կարգավիճակից չեն կարող օգտվել, նրանք պետք է դիմեն փախստականի կարգավիճակ ստանալու համար»,- ասաց նա։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը մարտի 17-ին հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի։ Գրեթե բոլորը հայեր են. ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար։

«Ուկրաինայից մեզ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ` ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն. սա փետրվարի 24-ից մինչ օրս: Սակայն, նրանցից շատերն արդեն իսկ ժամանել են Հայաստան` պետական աջակցության բացակայության պայմաններում։ Մեծամասամբ, բոլորը հայեր են, սակայն կան նաեւ խառն ազգային կազմերով ընտանիքներ։ Շատ են նաև այն ուկրաինահայերը, որոնք երկրորդ երկրների տարածքում ինքնուրույն, առանց գրասենյակի հետ կապ հաստատելու կամ տեղի համայնքային կառույցների, անհատների աջակցությամբ կարողացել են ձեռք բերել ավիատոմսեր և տրանսֆեր թռիչքներով հասնել Հայաստան»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության` վերջին 3 շաբաթվա ընթացքում լայնածավալ տեղահանումները շարունակվել են, ավելի քան 5 միլիոն մարդ լքել է իր բնակավայրն Ուկրաինայում, նրանցից գրեթե 3 միլիոն 200 հազարը` 64%-ը հատել է միջազգային սահմանները Ուկրաինայից դուրս։ Նրանք հիմնականում կանայք են և երեխաներ։

Լուսանկարը՝  pronoia/Adobe Stock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter