HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 24 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 20-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:00

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժյեի ուղղությամբ ոչնչացրել են Ка-52 ռուսական ուղղաթիռ և ևս մեկը վնասել։

Նաև սպանվել են մոտ 60 ռուսական զինծառայող և մի քանի միավոր զրահատեխնիկա։

21:49

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն, որն առաջարկել էր ԵՄ-ին Ուկրաինայի վերականգնման համար ստեղծել «Մարշալի պլան»։

21:38

ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցը.

  • «ԼԺՀ» ուժերը դուրս են եկել Լիսիչանսկ քաղաքի հյուսիսային մատույցներ։
  • «ԴԺՀ» ուժերը վերահսկողության տակ են վերցրել Տարամչուկ բնակավայրը։
  • Ռուսական ավիացիան մեկ օրվա մեջ հարվածներ է հասցրել ռազմական 59 օբյեկտի։
  • Ռուսաստանցի զինծառայողները կոտրել են «Այդար» գումարտակի պաշտպանությունը և դուրս եկել Շախտյորսկոյե-Նովոուկրաինկա ուղղությամբ։
  • Կիևը սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ուժեղացնի ճնշումը ՆԱՏՕ-ի վրա՝ ոչ թռիչքային գոտի հայտարարելու և հավելյալ սպառազինություն մատակարարելու համար։

21:36

Վրաստանի ազգային բանկը հայտարարել է, որ Վրաստանի բանկերը չեն սպասարկում «Мир» վճարային համակարգերի քարտերը։ Դրանցով վճարումների իրականացումը Վրաստանի տարածքում օրենքի խախտում է։

21:33

⚡️Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ ՄԱԿ-ում հաստատել են Ուկրաինայում բիոլաբորատորիաների առկայության բացակայությունը, որտեղ արտադրվում է կենսաբանական զենք։

21:31

Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան հայտնել է, որ ռուսաստանցի զինծառայողները չեն թույլատրել, որ հումանիտար բեռը մտնի մարզի տարածք։ Մարզի բնակչության համար 14 բեռնատար տեղափոխում էր դեղամիջոցներ և սնունդ։ Ռուսաստանցի զինծառայողները հետ են ուղարկել հումանիտար բեռով բեռնված շարասյանը, որոնք ստիպված վերադարձել են Դնեպրոպետրովսկի մարզ։

21:23

Կիևում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 228 մարդ, այդ թվում 4 երեխա։ Նման հայտարարություն է արել Կիևի քաղաքային վարչակազմը։ 912 մարդ, այդ թվում 16 երեխա, վիրավորվել է։ Ավերվել են 36 բնակելի շենք, 6 դպրոց, 4 մանկապարտեզ։

21:19

Կադրեր են հրապարակվել Չեռնիգովի այսօրվա հրթիռակոծությունից։

21:04

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում ուսումնական գործընթացը կվերսկվի մարտի 23-ից։

20:54

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիային կոչ է արել ռուսաստանցի օլիգարխներին զրկել «շվեյցարական հիասքանչ քաղաքներում ապրելու առավելությունից» և օգտվել իրենց սեփականությունից։

Նման հայտարարություն Զելենսկին արել է հակապատերազմական ակցիայի մասնակիցներին իր ուղերձի ժամանակ, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային այն ռուսաստանցիների հաշիվների սառեցման համար, որոնք ընկել են պատժամիջոցների տակ, դա անվանելով «չարի դեմ պայքարի մաս»։

Նման հարցերում Շվեյցարիան սովորաբար չեզոքություն էր պահպանում, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո միացել է հակառուսական պատժամիջոցներին։

20:36

Նիկոլաևում տեղակայված զորամասի զորանոցի հրթիռակոծման հետևանքով փլատակների տակից հանվել է առնվազն 50 դի։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարություններին։ Եվս 57 մարդ, որոնք եղել են զորանոցում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ զորանոցի հարվածի ժամանակ գտնվել է առնվազն 200 մարդ։

20:23

Baker Hughes միջազգային նավթային ընկերությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության տարածքում իր գործունեության մեջ դադարեցնել նոր ներդրումները։ Պատճառն Ուկրաինայում առկա իրավիճակն է։

20:11

Ռուսաստանցիներն սկսել են հետաքրքրվել Մանհեթենի իրենց անշարժ գույքի վաճառքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով անշարժ գույքի գործակալներին։ Մարդկանց մեծ մասն զգուշանում են ամերիկյան պատժամիջոցներից, չնայած ոչ բոլորը կարող են հայտնվել սահմանափակումների տակ։

20:01

Բելառուսի և Ուկրաինայի միջև այլև գոյություն չունի երկաթուղային հաղորդակցություն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի երկաթուղու կառավարման ղեկավար Ալեքսանդր Կամիշինը։

Նա կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բելառուսցի երկաթուղայիններին։

19:33

Ուկրաինան լքել են Բելառուսի դեսպանության բոլոր 11 աշխատակիցները

Այդ մասին հայտնել է դեսպան Իգոր Սոկոլը։ Նա պատմել է, որ անցակետում ամբողջությամբ ստուգվել է նրանց մեքենան, իսկ որոշ աշխատակիցների ամբողջ գիշերը պահել են սահմանին։ Նրանք կարողացել են Բելառուս մտնել միայն առավոտյան 09:00-ին։

19:21

⚡️Բուլղարիան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Գազպրոմի հետ։ 

«Այս իրավիճակում Գազպրոմի հետ բանակցություններն անհնարին են»,- Bloomberg գործակալությունը մեջբերել է Բուլղարիայի փոխվարչապետ Ասենա Վասիլևայի ելույթը։

Նա նշել է, որ Բուլղարիան փնտրում է այլընտրանքային մատակարարների և արդեն բանակցություններ է վարել Հունաստանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև մտադիր է մեծացնել Ադրբեջանից գնումները։

19:07

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ ուկրաինական զինվորականները ականապատել են Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներ մուտքը։

18:56

Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը հայտարարել է, որ գերեվարվել է 562 ռուսաստանցի զինծառայող։

18:22

Կադիրովը հայտարարել է Չեչնիայից Ուկրաինա ժամանած կամավորականների գումարտակի մասին։

18:08

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հարձակվի Ուկրաինայի վրա, «չէր սկսի այս աղետալի և անմարդկային նախաձեռնությունը», եթե Ռուսաստանում լինեին ժողովրդավարական ինստիտուտներ և ազատ մամուլ։

«Եթե Պուտինն ունենար ազատ մամուլ, եթե ունենար «BBC», ինչ էլ դուք մտածեք, նա կիմանար ճշմարտությունը կամ էլ նրա վարկածը»,- ասել է Ջոնսոնը։ Ընդ որում, BBC-ի անունը հիշատակելու ժամանակ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները սկսել են ծիծաղել։

Ջոնսոնի կարծիքով՝ ազատ մամուլը կկարողանար Պուտինին հասցնել, որ Ուկրաինայում չեն սպասում ռուսական զորքերին և նրանց դիմադրություն կցուցաբերեն։ Ըստ բրիտանացի վարչապետի՝ իրական ժողովրդավարության պարագայում նա ստիպված կլիներ բախվեր «իրական խորհրդարանի հետ», որը ներկայացնում է ընտրողներին։ Այդպիսի պայմաններում, Ջոնսոնի խոսքով, Ռուսաստանի նախագահը չէր գործի «աղետալի և ինքնակործանիչ սխալ»։

17:36

Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը պատմել է Ուկրաինայի մայրաքաղաքի շուրջ առկա իրավիճակի մասին

Ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանցի զինծառայողներն «անցնում են սահմանագծերի պաշտպանության, իրականացնում են գործողություններ լոգիստիկ երթուղիների ուղղությամբ՝ համալրելու իրենց զինամթերքը, բայց չեն հրաժարվել Կիևի կողմ ակտիվ գործողությունների իրականացումից։

Նրա պնդմամբ՝ իրենց հերթին ուկրաինական զինծառայողները շարունակում են հարվածներ հասցնել՝ «ոչնչացնելով շարասյուները, շտաբները, բազաներն ու պաշարները»։

Խոսելով Բուչայի, Իրպենի, Գոստոմելի մասին՝ Կիևի մարզային վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակն առանց փոփոխության է, իսկ «թշնամին ակտիվորեն անցնում է պաշտպանության<...>` առավելագույնս մեր զորքերին թույլ չտալով զարգացնել հարձակողական գործողությունները»։

17:21

Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են մարդասիրական 10 միջանցք

Դրանք գործելու են մարտի 19-ին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Մասնավորապես.

  • Ակնկալվում է, որ կշարունակի գործել Մարիուպոլից Զապորոժյե միջանցքը։ Նախորդ օրվա ընթացքում այդ միջանցքով հնարավոր է եղել տարհանել գրեթե հինգ հազար մարդ։ Բացի այդ, Դոնեցկի մարզում մարդիկ կկարողանան դուրս գալ նաև Բերդյանսկից և Մանգուշից։
  • Կիևի մարզում մարդիկ կկարողանան հեռանալ Բերվիցա, Բոգդանովկա, Բորոդյանկա և Բուչա բնակավայրերից։
  • Լուգանսկի մարզից կկարողանան հեռանալ Լիսիչանսկից, Սևերոդոնեցկից, Ռուբեժնիից և Պոպասնիից։ 
  • Խերսոնի մարզ է նախատեսվում հասցնել մարդասիրական օգնություն։

17:17

VK-ն սկսել է արգելափակել նաև այն օգտատերերի օգտահաշիվները, որոնք քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։

Նախկինում սոցիալական կայքն արգելափակում էր միայն լրատվամիջոցների էջերը։

17:07

Դմիտրի Մեդվեդևը վերջերս տելեգրամյան ալիք է բացել և ամեն օր գրառումներ է անում։ Այսօրվա գրառումը նվիրված է եղել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Հիմնական մտքերը. Արևմուտքն ինքը կփոշմանի պատժամիջոցների համար, աշխարհի տարբեր ծայրերում Ռուսաստանն ունի շատ գործընկերներ, ռուսական շուկայից հեռացած արևմտյան ընկերությունները «հենց ամենասկզբից մտածում էին վերադառնալու մասին»։

17:01

Մարտի 18-ին ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևի մարզի Մակարով գյուղը։ Զոհվել է 7 մարդ։

16:49

⚡️Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ սահմանել տնտեսական նոր պատժամիջոց. ամբողջական առևտրային շրջափակում

«Ինչպես ծովային նավահանգիստները (ռուսական ապրանքներով բեռնված ռուսական նավերի մուտքի արգելք եվրոպական նավահանգիստներ), այնպես էլ ցամաքային ճանապարհով առևտրի արգելք»,- նշել է Մորավեցկին։

16:18

Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի տեղակալի հարցազրույցը Forbes-ին։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինական ձեռնարկությունների 30 %-ն ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը, 45 %-ը՝ կրճատել արտադրությունը։ Այսինքն, տնտեսությունը նստել է 50 %-ից մի քիչ քիչ։
  • Ազգային բանկի ռեզերվները հիմա ավելի բարձր են, քան մինչև պատերազմը՝ շնորհիվ ԵՄ, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական օգնության։
  • Եթե պատերազմը ձգձգվի և Ուկրաինայում ցանքի գործընթացը տապալվի, ապա սննդամթերքի կարևոր տեսակների համաշխարհային գները, այդ թվում հացահատկի, մեկ տարվա ընթացքում կաճի 40-50 %-ով։

16:06

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հարցազրույց է տվել BBC-ի ուկրաինական ծառայությանը։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննում է ռուսական ագրեսիայի քրեական գործը։ Կասկածյալի կարգավիճակ ունի ռուսաստանցի 68 պաշտոնատար անձ՝ Սերգեյ Շոյգուից մինչև Մարգարիտա Սիմոնյան։
  • Այդ գործով կասկածյալների թիվը կարող է հասնել 1000 մարդու։ Ուկրաինան մտադիր է նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում և պահանջել ձերբակալել նրանց արտասահմանյան ակտիվները։
  • «Պուտինը ХХI դարի գլխավոր ռազմական հանցագործն է», սակայն Ուկրաինայում նրան պատասխանատվության ենթարկելու գործընթաց չի կարելի սկսել, որովհետև ունի նախագահական իմունիտետ։ 
  • Ուկրաինայում գործում են ռուսաստանցի ռազմագերիների համար նախատեսված ճամբարներ։ Նրանց հետ քաղաքակիրթ են վարվում և ցուցաբերում բժշկական օգնություն գրեթե նույն ձևով, ինչ ուկրաինական զինծառայողներին։

15:59

РИА Новости-ն պնդում է, որ Z տառով տարբերանշաններն սկսել են վաճառվել Լիբանանում։

15:47

Լավրով. Անընդհատ զգացվում է, որ ուկրաինական պատվիրակության ձեռքից բռնած են, ամենայն հավանականությամբ ամերիկացիները՝ թույլ չտալով համաձայնվել բանակցություններում Մոսկվայի նվազագույն պահանջներին։

15:27

Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներն ահազանգում են. այցելուների թիվը կրկնակի կրճատվել է

Սանկտ Պետերբուրգում, ի տարբերություն 2021 թվականի մարտ ամսվա, հյուրանոցներ այցելուների թիվը կրկնակի կրճատվել է։ Ռուսաստանի երկրորդ քաղաքում հյուրանոցների իրական ծանրաբեռնվածությունը կազմումը միջինում 25 %։

15:03

ՌԴ տրանսպորտի նախարարություն. օտարերկրյա ավիաընկերությունները յուրաքանչյուր շաբաթ ծախսում են 37,5 միլիոն դոլար՝ օդային փակ տարածքի պատճառով շրջանցելով Ռուսաստանի տարածքը։

14:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցը ճապոնական TBS հեռուստաընկերությանը. Հիմնական մտքերը ուկրաինական պատերազմի մասին.

  • Ես որևէ ռազմական գործողության չեմ աջակցում։ Բայց Բելառուսն ու Ռուսաստանը տնտեսության ու ռազմական ոլորտում մեկ ամբողջություն են։ Մենք ճակատագրի հեգնանքով մեկ նավակում ենք։
  • Ուկրաինայում բելառուսցի որևէ զինծառայող չի մարտնչում։ Մենք չենք հարձակվում Ուկրաինայի վրա, մենք չենք ռմբակոծում Ուկրաինային, մեզ ոչ ոք չի խնդրում դա անել։
  • Եթե Ուկրաինան կշարունակի սրել իրավիճակը Բելառուսի նկատմամբ, ապա մենք կպատասխանենք։ Ես գրեթե վստահ եմ, որ մենք ստիպված չենք լինի պատերազմել Ուկրաինայի հետ։
  • Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ կարելի է պայմանավորվել։ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի։
  • Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում Բելառուսում։ Այսինքն, Ուկրաինան պետք է դառնա այնպիսին, ինչպիսին Բելառուսն է։ Որոշակի նյուանսներով։
  • Եթե դուք մտածում եք, որ Պուտինն առողջ չէ, նա բոլոր ողջերից ողջ է։ Նա բացարձակ ադեկվատ և նորմալ մարդ է։ 
  • Պատերազմը կարող են կանգնեցնել Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվելով կամ էլ ԱՄՆ-ն, եթե Բայդենը զանգահարի Զելենսկուն։
  • Այս պատերազմի առանձնահատկությունն այն է, որ ռուսաստանցիները, նույնիսկ իրենց վնասելով, զգույշ և հարգալից են վերաբերում խաղաղ բնակչությանը։

14:33

Ռուսաստանի որոշ քաղաքների ցուցանակներում З տառը փոխարինում են Z-ով։

14:04

Ռոգոզին. ԱՄՆ-ն դիտարկում է GPS-ից Ռուսաստանի անջատման հարցը

«Դուք գիտեք, որ այսօր, պատժամիջոցների շրջանակներում, Միացյալ Նահանգները դիտարկում է GPS-ից Ռուսաստանի Դաշնության անջատման հնարավորությունը։ Գիտե՞ք այդ մասին։ Չգիտեք։ Իսկ ես կարող եմ ասել, որ դիտարկվում է այդպիսի հարց»,- հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

Ընդ որում, ըստ նրա, այս ուղղությամբ «մտահոգվելու կարիք չկա», քանի որ Ռուսաստանն ունի արբանյակային տեղորոշման իր համակարգը՝ ԳԼՕՆԱՍՍ-ը, որը կշարունակի գործել։

13:52

Mash-ը հրապարակել է գերեվարված ուկրաինացի զինծառայողի հարցաքննության կադրերը

13:40

Սարատովի մարզի ղեկավարությունը հայտնել է Ուկրաինայում երկու զինծառայողի զոհվելու մասին։

Ուկրաինական պատերազմում ռուսական կողմի կորուստների իրական թիվն անհայտ է։ Բայ բաց տվյալներից ստացվող տեղեկությունները վկայում են, որ կորուստները մեծ են։

13:37

ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Ուոքեր Բուշն ու Բիլ Քլինթոնն այցելել են Չիկագոյի ուկրաինական եկեղեցի՝ ի աջակցություն ուկրաինացիների։

13:35

Ռուսաստանում իրենց աշխատանքի դադարեցման կամ սահմանափակման մասին հայտարարել են նաև ամերիկյան Halliburton և Schlumberger նավթային ընկերությունները։

13:31

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել «սովի փոթորկի»

Պատերազմն արդեն խախտում է մատակարարումների շղթան և հանգեցնում վառելիքի, մթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճի, հայտարարել է Անտոնիու Գուտերիշը։

13:24

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագիրը

  • Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զենիթահրթիռային զորքերը և կործանիչ ավիացիան խոցել է ՌԴ ԶՈւ 12 օդային թիրախ. երկու ինքնաթիռ, երեք ուղղաթիռ, երեք անօդաչու և չորս թևավոր հրթիռ։
  • Ուկրաինական զորքերը Նիկոլաևի և Սումիի մարզերում ոչնչացրել են ռուսական տեխնիկայի մի քանի շարասյուն։ Կորուստները ճշտվում են։
  • Սպանվել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը։
  • Կա հավանականություն, որ մեծ կորուստների պատճառով Ռուսաստանի ղեկավարությունը պատերազմի շարունակման համար կսկսի զորահավաք։
  • Վիրավոր ռուսաստանցի զինծառայողներին տեղափոխում են Բելառուսի Գոմել քաղաք։ Զինծառայողների բուժմանը ներգրավված են վիրաբուժական բաժանմունքների բոլոր անձնկազմերը։ Վիրաբույժներն աշխատում են շուրջօրյա, Բելառուսի քաղաքացիների պլանային բոլոր վիրահատությունները կամ չեղարկվել են, կամ էլ անորոշ ժամկետով հետաձգվել։

13:17

Բելգիան 10 տարով հրաժարվել է ատոմային բոլոր էլետրակայանների փակումից։ Պատճառն Ուկրաինայում պատերազմն է։ Այդ երկրի իշխանությունները այդ քայլին գնացել են, որպեսզի կրճատվի կախվածությունը հանածո վառելիքից՝ «անհանգիստ աշխարհաքաղաքական վիճակում»։

13:04

Մեծ Բրիտանիայի ավելի քան 150 000 բնակիչներ ցանկություն են հայտնել կացարան տրամադրելու Ուկրաինայից փախստականներին։ Այդ մասին հայտնել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։

«Տուն Ուկրաինայի համար» ծրագրի կանոնների համաձայն՝ բրիտանացիները չեն կարող փախստականներից տան վճար պահանջել, սակայն իրավունք ունեն կառավարությունից ամսական 350 ֆունտի չափով օգնություն ստանալ։

13:00

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են շաբաթներով շարունակվել։ Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

12:54

Նիդերլանդները և Գերմանիան համաձայնվել են Սլովակիա մատակարարել ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համալիրներ։ Ավելի վաղ, Սլովակիան նշել էր, որ պատրաստ է Ուկրաինային փոխանցել С-300 ՀՕՊ համակարգեր, եթե դրան փոխարինող համակարգեր ստանա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Ռուսաստանը «օրինական թիրախ» կհամարի Ուկրաինայի համար նախատեսված ցանկացած ռազմական բեռ։

12:51

Ապաստարան Ուկրաինայի արևմուտքում գտնվող մարզասրահում։

12:44

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ. երկիր ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 112 երեխա։

12:33

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • ՌԴ ԶՈւ «Бастион» առափնյա հրթիռային համալիրը ոչնչացրել է Օդեսայի մարզում գտնվող Ուկրաինայի ԶՈւ ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները։
  • ՌԴ ԶՈւ «Кинжал» ավիացիոն հրթիռային համալիրն իր հիպերձայնային հրթիռներով Իվանո Ֆրանկովսկի մարզում ոչնչացրել է զինամթերքի ստորգետնյա պահեստ։
  • Մարտի 19-ի գիշերը ռուսական ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է չորս զենիթահրթիռային համալիր, որոնցից 3-ը С-300 են, իսկ 1-ը՝ «Бук-М1»։
  • ՌԴ զինված ուժերն Ուկրաինայում «ռազմական գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 200 անօդաչու թռչող սարքավորում և ավելի քան 1 400 տանկ ու այլ զրահամեքենա։

12:24

Bellingcat հետաքննական նախագիծը մարտի 17-ին ստեղծել է Ուկրաինայում այն ռմբակոծությունների և հրթիռակոծությունների ժամանակագրությունն ու քարտեզը, որոնք հանգեցրել են քաղաքացիական օբյեկտների ավերմանն ու վնասմանը, ինչպես նաև խաղաղ բնակիչների վիրավորմանն ու զոհվելուն։ Նախագիծն ստեղծվել է սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների և տեսանյութերի հիման վրա։ 

«Նախագծի նպատակն է հանգամանորեն նկարագրել այն միջադեպերը, որոնց վերաբերյալ առկա են քաղաքացիական բնակչությանը հնարավոր վնաս հասցնելու ապացույցներ, ինչպես նաև փորձել պարզել, թե որտեղ և երբ են դրանք տեղի ունեցել»,- նշվում է Bellingcat-ի թվիթերյան միկրոբլոգում։

12:21

Ռուսաստանցիները դժվարությունների են բախվում Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու ժամանակ։ Հատկապես մասնավոր բանկերը, պատժամիջոցների պատճառով, զգուշանում են աշխատել նրանց հետ։ Այդ մասին Reuters գործակալությանը պատմել են չորս թուրք անանուն բանկիրներ և երկու պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։

12:18

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում կիրառել է թերմոբարիկ զենք, որը նաև հայտնի է վակուումային ռումբ անվամբ։

12:12

Պատերազմի մեկնարկից ի վեր հակառակորդի կորուստները ըստ հակամարտող կողմերի.

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն

  • անօդաչուներ՝ 196,
  • տանկեր և այլ զրահամեքենա՝ 1438,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 145,
  • հրետանի և ականանետեր՝ 556:

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ

  • ինքնաթիռներ՝ 95,
  • ուղղաթիռներ՝ 115,
  • տանկեր՝ 466,
  • զրահամեքենաներ՝ 1470,
  • հրետանային համակարգեր՝ 213,
  • ՀՕՊ միջոցներ՝ 44,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 72,
  • անօդաչուներ՝ 17,
  • անձնակազմ՝ մոտ 14 400:

12:04

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում առաջին անգամ «Кинжал» տեսակի հիպերձայնային հրթիռի կիրառման մասին

Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ «Звезда» հեռուստաընկերությունը, հիպերձայնային զենքն ունի թիրախի խոցման բարձր ճշգրտություն և արդյունավետություն, իսկ ժամանակակից ՀՕՊ-ի կողմից դրա խոցումը գործնականում գրեթե անհնար է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շրջանցել է Միացյալ Նահանգներին հիպերձայնային զենքի մշակման հարցում։

12:02

Ռոսկոմնադզորը պահանջել է չեղարկել YouTube-ում ռուսական իշխանամետ լրատվամիջոցների սահմանափակումները և սպառնացել «տեխնոլոգիական ազդեցության միջոցներով»

Գերատեսչությունը գրանցել է սահմանափակումների կիրառման 54 փաստ։ Մասնավորապես, դրանց տակ հայտնվել են Ռուսաստանի առաջին ալիքը, НТВ-ն, ТНТ-ն, РЕН ТВ-ն, «Известия»,-ն «Русское радио»-ն, «Царьград»-ը, «Россия 24»-ը, Sputnik-ը, РИА «Новости»-ն։

Ռոսկոմնադզորը հավելել է, որ Google ընկերություն է ուղարկել, որին պատկանում է YouTube-ը, սահմանափակումների բոլոր փաստերով չեղարկման պահանջ, սակայն մարտի 18-ի դրությամբ, դրանք չեն իրականացվել։ 

Նախօրեին, РИА Новости-ն, հղում անելով Ռոսկոմնադզորին մոտ իր աղբյուրին, հայտնել էր, որ առաջիկայում YouTube-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել։

12:00

Ինչ է կատարվել մարտի 19-ի գիշերը` հակիրճ.

  • Եվրամիությունում քննարկում են Ուկրաինայի վերականգնման համար պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ակտիվների փոխանցման հնարավորության հարցը, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։
  • Bosch-ը դադարեցրել է ռուսական բեռնատար ավտոմեքենաների համար պահեստամասերի մատակարարումն այն պատճառով, որ դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
  • ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ 100 ինքնաթիռներ, այդ թվում Ռոման Աբրամովիչի անձնական ինքնաթիռը, խախտում են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
  • Իտալիայում ձերբակալել են «Северсталь»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին պատկանող առանձնատունը, որը գնահատվում է 105 միլիոն եվրո։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter