HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց․ «Happening»՝ Սկրյաբինի համար

Մարտի 20-ին, ժամը 18։00-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքնահարկում տեղի կունենա Լեոպոլդո Սիանոյի և Շուշան Հյուսնունցի «Happening»-ը՝ Սկրյաբինի համար (տարազգայական փորձառություններ):

Սինեսթետիկ իրադարձություն՝ ուղղված բոլոր զգայարաններին, որը նվիրվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի ծննդյան 150-ամյակին (1872-2022):

Սկրյաբինի երազանքը «Միստերիայի» մասին ժամանակին չիրականացավ, սակայն ուժեղ արձագանք գտավ մինչ օրս ստեղծագործող բազմաթիվ արվեստագետների մոտ:

«Happening»-ը՝ որպես միաժամանակ ընթացող գործողությունների պոլիֆոնիա, միավորում է դարավերջյան տրամադրությունները 1960-ականների անարխիկ արվեստի տարրերի հետ․ հնչյուններ, բառեր, պատկերներ, շարժումներ, լռություն, լույսեր, գույներ, բույրեր:

Երեք ժամ տևողությամբ այս ներկայացման ընթացքում հանդիսատեսը ազատ ելումուտ է անելու:

Մտահղացումը Լեոպոլդո Սիանոյինն ու Շուշան Հյուսնունցինն է (theatrum phonosophicum)։ Կատարողներ՝ Հասմիկ Թանգյան, Հայկ Մակիյան, Սվետլանա Լալայան, Անի Բալյան, Թերեզա Սարգսյան, Ջեմմա Մանուկյան։

Լեոպոլդո Սիանոն երաժշտության փիլիսոփա և հնչյունային ակցիոնիստ է: Իր երաժշտական և փիլիսոփայական ուսումը Իտալիայում (Հռոմ, Կրեմոնա) և Գերմանիայում ավարտելուց հետո 2009թ.-ին հիմնավորվեց Քյոլնում, որտեղ պաշտպանեց իր թեզը Կ. Շտոկհաուզենի վերջին ցիկլի մասին: Այս գիրքը հրատարակվեց 2013 թ.-ին Վիեննայի Der Apfel հրատարակչությունում և արժանացավ Offermann-Hergarten մրցանակին:

2012թ.-ից սկսած Լեոպոլդո Սիանոն դասավանդում է Քյոլնի համալսարանում, որտեղ նաև հանդես է գալիս որպես Raum-Musik ակուզմատիկ երաժշտության համերգային շարքի համադրող:

Նրա երաժշտագիտական աշխատանքները հրատարակվել են տարբեր լեզուներով (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հայերեն):

Շուշան Հյուսնունցը երաժշտագետ և հնչյունային ակցիոնիստ է: Երաժշտագիտական ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավարտելուց հետո 2012թ.-ին մեկնել է Գերմանիա: 2016թ.-ին ավարտել է Քյոլնի համալսարանի երաժշտագիտական ֆակուլտետի Master of Arts ծրագիրը: Գիտական թեզի թեման է եղել «Հնչյունի փիլիսոփայությունը՝ Ջիաչինտո Շելսիի նվագախմբային ստեղծագործություններում»: 2017թ.-ից սկսած՝ դասավանդել է նույն համալսարանում՝ վարելով սեմինարներ Հորաթիու Ռադուլեսկուի, Դմիտրի Շոստակովիչի և հայ երաժշտության պատմության մասին: Այժմ գիտական թեզի շրջանակներում ուսումնասիրում է Հորաթիու Ռադուլեսկուի երաժշտական պոետիկան: Պարբերաբար ելույթ է ունենում դասախոսություններով տարբեր միջազգային գիտաժողովներում: Վերջին տարիներին համագործակցում է Լեոպոլդո Սիանոյի հետ՝ «Theatrum phonosophicum» նախագծի իրականացման շուրջ: Ներկա պահին պատրաստում է նաև փաստագրական գիրք Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան մշակութային հիշողության թեմայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter