HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լարսը փակ է. բեռնատարների վարորդները 21-րդ օրն է՝ անցակետի ճանապահին են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Բեռնատարի վարորդ Դավիթ Կուրոյանը արդեն  21-րդ օրն է` Վերին Լարսի անցակետից 40 կմ հեռավորությամբ հերթում կանգնած է։

Նրա խոսքով` հերթը ձգվում է մոտավորապես 170 կմ մինչև Կաբարդա-Բալկարիա։ Հերթում, ըստ վարորդի, կա 1000-ից ավել մեքենա, այնինչ ԱԻՆ-ի տարածած վերջին հայտարարության համաձայն՝ մեքենաների թիվը 400 է։

Դավիթն իր բեռնատարով Մոսկվայից Հայաստան հավի միս էր տեղափոխում։ Ճանապարհին իմացել է, որ անցակետը փակ է։

Հայաստան բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների մեքենաներում կարտոֆիլ, մանկական սնունդ, հավի միս, յոգուրտ և շոկոլադ է։

«Յոգուրտն ունի ժամկետ, դրա սպառողը մենք, մեր երեխաներն են, հեսա կհասնի Հայասատն, կասեն ժամկետանց ա, չենք կարա իրացնենք, բա տենց բան լինու՞մ ա, հա հասկանում ենք, որ եղանակային պայմանների պատճառով է փակ, ոչ մի բան չենք անում, կռիվ չենք անում, ուղղակի ուզում ենք մի լուծում լինի»,- պատմում է բեռնատարի վարորդ Դավիթ Կուրոյանը։

Վերին Լարսի անցակետում մաքսային կցորդ Արամ Թանանյանը այս օրերի ընթացքում վարորդների հետ կապ չի հաստատել, հանդես չի եկել որևէ հայտարարությամբ։

«Հասկանու՞մ եք, ես չեմ ասում՝ գար անձամբ մեզ հանդիպեր, մեզ հետ խոսեր, չէ, կարող էր գոնե որևէ հայտարարությամբ հանդես գալ, որ հասկանայինք, որ տեղյակ ա մեր վիճակից, ինչ-որ բան փորձում է անել, թե չէ օտարության մեջ, ոնց որ անտեր լինենք։ Մեր վարորդներից Քաջիկը թոռ ունեցավ, էս մարդը չկարողացավ հասնի, թոռանը տեսնի, օսեթներն ու ռուսներն են մեզ հաց բերում, բաժանում, հայկական կողմից ոչ մի բան չենք տեսել»,- ասում է վարորդը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունները, որտեղ աշխատում են վարորդները, նրանց օրապահիկ գումար տրամադրում են, բայց դա չի բավարարում այս օրերին նրանց սննդի հարցերը լուծելու համար։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարբերաբար հայտարարություն է տարածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վիճակի վերաբերյալ։ Վերջին հաղորդագրությունում նույնպես ասվում էր, որ ճանապարհը փակ է։

Մոնտաժը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter