HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որևէ կապ չունեն ԼՂ կարգավիճակի հետ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում անդրադարձավ Անթալիայի ֆորումի ժամանակ իր և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը:

«Մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, և երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավորներին ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչու է Հայաստանի ԱԳ նախարարը ժպտացել Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, մասնավորապես, հարցրեց, թե նախարարն այդ ժպիտով ինչ էր ուզում փոխանցել զոհվածների ծնողներին:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արձագանքեց` նմանատիպ բոլոր հանդիպումներում դիվանագետների դեմքերին ժպիտ էլինում: Ապա հավելեց`դեռևս 2018-ի հեղափոխությունից առաջ Հայաստանի անունից բանակցողները, Հայաստանի ղեկավարները շատ ավելի լայն էին ժպտում նման հանդիպումների ժամանակ:

«Եթե ձեր ասածի տրամաբանության կոնտեքստում դիտարկենք, էդ ժամանակ պետք է վերաբերմունք ձևավորված լիներ առաջին պատերազմի ընթացքում զոհերի ծնողների նկատմամբ: Չպետք է կորելացիա փնտրել էդպիսի հանդիպումներում ժպիտների և զոհվածների ծնողների և որևէ մեկի նկատմամբ մեր  վերաբերմունքի միջև: Կարող եմ հավելել միայն, որ պատրաստ եմ խստորեն քննադատվել իմ ամեն մի ժպիտի և արտահայտության համար, որոնք կօգնեն խուսափել ապագայի գեթ մեկ զոհից` անցյալի բոլոր զոհերի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ»,-ասաց նա:

Միրզոյանը վստահեցրեց, որ երբ էլ մեկնարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները,  դրանք որևէ կապ չունեն ԼՂ կարգավիճակի կամ հայության իրավունքների հետ:

«Ուղղակի սահմանագծվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը: Այս բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ն հայտարարել է, որ ԼՂ հարցը տարածքային հարց չէ, բոլոր իրավունքների հարց է: Մենք շարունակում ենք հարցը դիտարկել այս համատեքստում և մեր ջանքերն ուղղված են լինելու դրան»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարն ընդգծեց` Հայաստանի իշխանությունների համար սկզբունքային ու առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի առաջ քաշած հինգ կետերին՝ բանակցությունները սկսելու և խաղաղության պայմանագիր հաստատելու համար, Միրզոյանն ասաց. «Մեր ընկալումն այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և ահա մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այս օրակարգը (նկատի ունի Արմենպրեսին տված իր հարցազրույցը): Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ահա այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ և հենց այս առաջարկով էլ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter