
Պորտուգալիայի նվիրած 400 հազար 140 դեղաչափ BioNTech–Pfizer պատվաստանյութը Հայաստանում է
Հայաստան է ժամանել Պորտուգալիայի կառավարության կողմից COVID-19 դեմ պատվաստանյութի BioNTech–Pfizer 400,140 դեղաչափ նվիրատվության առաջին մասնաքանակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Այս մատակարարումը ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրներին հասցնելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնությամբ իրականացվող նորարարական ծրագրի մի մասն է։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի կառավարության համակարգմամբ, դրան միացել է նաեւ Պորտուգալիան։
Այսօր՝ մարտի 21-ին ժամանել է ԵՄ ֆինանսավորմամբ նոր մեխանիզմի միջոցով նվիրաբերված դեղաչափերի առաջին մասնաքանակը․ մյուսի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլ ամսվա ընթացքում։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը համակարգել է այս նվիրատվությունը և համապատասխանեցրել Պորտուգալիայի պարտավորությունները Հայաստանի աճող կարիքներին։ Լեհաստանը նաև վերահսկել է անհրաժեշտ պատվաստանյութ արտադրողի հետ պայմանավորվածությունները առաքումը ժամանակին ապահովելու համար։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիային և Լեհաստանին՝ այս ամենը կյանքի կոչելու համար։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ»,- նշել է ԵՄ դեսպանը ՀՀ Առողջապահության նախարարությանը նվիրատվության փոխանցման ընթացքում։
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Մեկնաբանել