HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ. «Օկուպացված քաղաքներ օգնություն տանելը գրեթե անհնար է»

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է, որ Ուկրաինայում իրավիճակը գնալով ծանրանում է։ Հատկապես օկուպացված մարզերում եւ մարզկենտրոններում է դրությունը ծանր, քանի որ դեղորայքի եւ սննդամթերքի պակաս կա։ Քաղաքներ կան, որտեղ արդեն 2 շաբաթ հոսանք եւ գազ չկա։ Հրթիռակոծության եւ ռմբակոծության հետեւանքով վնասված շենքեր կան, որոնց միայն ապակիներն են վնասվել, սակայն մարդիկ միեւնույնն է՝ չեն վերադառնում բնակվելու, ինքնուրույն ջեռուցելու։

«Մարդիկ լքում են իրենց շենքերը, տները, բնակարանները, պետական ապաստարաններ են գտնում եւ փորձում առաջին օգնությունն այնտեղ ստանալ։ Ես խոսում եմ արեւելյան Ուկրաինայի քաղաքների մասին՝ Մարիուպոլի, Վոլնովախայի, որը գրեթե հավասարված է հողին, Խարկովի, որտեղ ռմբակոծությունը գիշեր-ցերեկ է, Չեռնիգովը հրթիռակոծվում է»,- նշում է Դավիթ Մկրտչյանը։

Իրավիճակը հատկապես ծանր է երեք քաղաքներում՝ Մարիուպոլում, Խարկովում եւ Կիեւում։ Դրանցից ամենասարսափելին, ըստ Դ․ Մկրտչյանի, Մարիուպոլում է։ Այդտեղ մարտի 4-5-ից հոսանք չկա։ Մոտ կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքի հետ կապ հնարավոր չէ հաստատել։ Այստեղ հայերի թիվը, ըստ «Հետքի» զրուցակցի, մոտ 10 հազար է։ Ուկրաինայի հայերի միությունը չի կարողանում կապ հաստատել Մարիուպոլում բնակվող հայերի հետ հոսանքի բացակայության եւ հեռախոսների անհասանելիության պատճառով։ Այստեղից տեղեկատվություն ստանում են միայն հումանիտար «կանաչ միջանցքներից» հետո՝ էվակուացվող հայերի միջոցով։

Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ «կանաչ միջանցքներն» էլ անվտանգ չեն։ Մարդկանց էվակուացնող ավտոբուսները ենթարկվում են ռմբակոծության։ Նախորդ շաբաթ դրանցից մեկի վարորդն ու ուղեկցող զինվորականը վիրավորվել են։

«Բոլոր մնացած քաղաքներում, որտեղ հոսանք կա, կապը ունենք։ Մենք տիրապետում ենք իրավիճակին, պարզապես քաղաքներ կան, որոնք սահմանափակված են, չենք հասցնում օգնություն հասցնել։ Օրինակ՝ մոտ 3 շաբաթ է, ինչ Խերսոն չենք կարողանում հումանիտար օգնություն հասցնել։ Ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք Ղրիմից Խերսոն տանում են օգնություն, բայց ես ինֆորմացիա չունեմ, թե արդյոք հայերը օգտվում են դրանից, թե ոչ»,- նշում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

Նրա փոխանցմամբ՝ Կիեւում իրավիճակը, դժբախտաբար, փոխվել է։ Խաղաղ բնակիչները ենթարկվում են հրթիռակոծության, կան զոհեր, ավերված թաղամասեր, զվարճանքի եւ առեւտրի կենտրոններ։ «Եթե այդպես շարունակվի, ապա, ցավոք, Կիեւը կարող է վերածվել երկրորդ Խարկովի կամ Մարիուպոլի, որին ես չեմ ուզում հավատալ»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ուկրաինայի հայերի շրջանում զոհերի ընդհանուր թիվը 15 է, նրանցից 5-ը զինվորական էին, 10-ը՝ խաղաղ բնակիչ։ Վիրավորների թվի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

Պատերազմի առաջին օրվանից մինչեւ հիմա, ըստ Դավիթ Մկրտչյանի, Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Նա նշում է, որ այս ընթացքում արդեն 15 բեռնատար մեքենա՝ 300 տոննայից ավելի հումանիտար բեռ են բաժանել, այս շաբաթ էլ պատրաստվում են 3-5 բեռնատար մեքենա օգնություն բաժանել։

«Օկուպացված քաղաքներ օգնություն տանելը գրեթե անհնար է։ Հիմա ով ավտոմեքենա կամ վառելիք չունի, հույսը մնում են էվակուացնող ավտոբուսները։ Խերսոնին, օրինակ, չենք կարող օգնել։ Գնալով մեր հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ այն քաղաքները, որոնք օկուպացված են, մնում են ավելի խորքում։ Նրանք (նկատի ունի ռուսական ուժերին - հեղ.) ավելի առաջ են գալիս, ինչքան առաջ են գալիս, այնքան այդ քաղաքները մնում են խորքում։ Եթե առաջին օրերին 10 կմ խորանալով էլ դեղ կամ սնունդ էինք հասցնում, հիմա 20 կմ է, օրինակ, չենք կարողանում այդքան խորանալ»,- ասում է Դավիթ Մկրտչյանը։ Վերջինս նկատում է, որ բաժանվող հումանիտար օգնությունից օգտվում են նաեւ օտարերկրացիները։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը պատերազմի հանգուցալուծում դեռ չի տեսնում, քանի որ իրավիճակն ավելի է վատացել։ Եթե պատերազմի առաջին օրերին վստահ էր, որ բանակցություններով կկանգնեցվեն ռազմական գործողությունները, դիվանագիտական ճանապարհով կփորձեն լուծել հարցը, ապա հիմա թերահավատ է դրանում։ Նույնիսկ բանակցությունների ընթացքում կրակը չի դադարեցվում։

Ուկրաինայից մարդկանց հոսքը շարունակվում է։ Երկիրը լքող հայերի թվի մասին միությունը դիմել է Ուկրաինայի սահմանապահներին, որոնք աշխատում են ծանրաբեռնված 24-ժամյա ռեժիմով: Բայց քանի որ մարդկանց հոսքը մեծ է եւ տարբեր ուղղություններով, չեն կարողանում հանել հայերի մասին տվյալները։ Նախքան պատերազմը Ուկրաինայում հայերի թիվը շուրջ 350 հազար էր՝ համաձայն տեղի հայերի միության։

«Ես կուզեմ, որ մարդիկ հասկանան, որ մենք անում ենք ոչ թե հնարավորինը, այլ անհնարինը։ Եվ մեր հայ երիտասարդներն այնպիսի ակտիվություն են ցուցաբերում ռմբակոծության տակ, որ ֆանտաստիկա է. իրենց կյանքը վտանգի տակ դնելով՝ օգնություն են հասցնում կարիքավորներին։ Դա պետք է տեսնել, ապրել նրանց հետ, շնչել այդ ամենը»,- ասում է Դավիթ Մկրտչյանը։

Ավելացնում է, որ Հայաստանում մարդիկ տրամադրված են ուկրաինացիների դեմ՝ մոռանալով, որ Ուկրաինայում ապրում է մեծությամբ աշխարհի 3-4-րդ հայ համայնքը։ «Ասում են, թե ձեզ հասնում է, դուք ֆոսֆորային ռումբեր եք մատակարարել Ադրբեջանին։ Ես միլիոն անգամ արդեն ասել եմ, որ Ուկրաինան ֆոսֆորային ռումբ չի փոխանցել Ադրբեջանին: Ես ուզում եմ փոխանցել, որ աշխարհում մեծությամբ 3-4-րդ հայ համայնքն է ապրում այստեղ, եկեք մի քիչ հարգենք եւ չմոռանանք, որ երբ Հայաստանը կռիվ ուներ, Ուկրաինայի հայերի միությունը շտաբներ էր բացել, մեծ ծավալի օգնություն էր պատրաստել, որ այստեղից միջոցներ հասցնի Հայաստանին»,- ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

ՀԳ «Հետքը» հարցազրույցի համար դիմել էր նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս համաձայնել էր հարցազրույց տալ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեզ պատասխանել է, թե հարցազրույցի նպատակահարմարության տեղյակ կպահի։ Սա, ըստ էության, մերժում է նախարարության կողմից:

Մեկնաբանություններ (2)

JACK JAMGOCHIAN
I AM A RETIRED SENIOR CITIZEN AND AN FIRST GENERATION ARMENIAN. I AM 87 YEARS OLD AND LIVE ALONE IN A SMALL HOME HERE IN ALBUQUERQUE, NEW MEXICO. I WOULD LIKE TO HAVE AN ARMENIAN FRIEND LIVE HERE AT MY EXPENSE. 30 TO 60 YEARS OF AGE. I WILL SPONCER AND TAKE CARE OF.. PLEASE RESPONFD HAGOP
Serop
The vast amount of information on line refutes all you say, Ukraine openly supported azerbaijan, as did most Ukrainians who openly supported the turks. I have zero sympathy for them, we lost 4000 young men and boys in 2020, where was Ukraine denouncing the turks? I do not support the war in Ukraine but having witnessed wars with almost 12,000 of our men and boys killed my heart has become rock hard for the pain and suffering of others.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter