HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն դեմ է ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծին

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար:

Նախագիծը ներկայացրեց Արամ Վարդևանյանը, որի խոսքով նշված կարգավորումն առավել արդիական է դարձել արցախյան երկրորդ պատերազմից հետո:

«Մենք տեսել ենք, թե ՀՀ տարածքից դուրս գտնվող հարևան, իսկ իրականում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ արտահայտություններ է թույլ տալիս, խոսում է Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և իր զառանցանքների պայմաններում փորձում է այդ ամենը Հայաստանին պատկանելու տեսանկյունից կասկածի տակ դնել»,- ասաց Վարդևանյանը:

Ըստ նախագծի համահեղինակի` այս փոփոխությունները լավ հնարավորություն են նման արտահայտություններ թույլ տվողներին քրեական հետապնդման ենթարկելու, հետախուզում հայտարարելու համար, եթե անգամ ՀՀ-ի տարածքից դուրս են գտնվում:

«Կարող է հարց առաջանալ՝ իսկ արդյոք սա վերաբերելու է ՀՀ քաղաքացիներին, պատասխանը հստակ է՝ այո՛, բայց ես կարծում եմ, որ տեղեկատվական տեռոր իրականացնող մարդիկ այդ ազդակը կստանան և նման արտահայտություններ թույլ չեն տա»,- նշեց նա: Վարդևանյանը վստահեցրեց` ներկայացված նախագիծը քաղաքական կոմպոնենտ չունի: Չնայած այս խոսքերին` քաղաքական մեծամասնությունն այլ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Վերջինս հայտնեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, և տրվել է բացասական եզրակացություն:

«Հիմնական մոտեցումն այն է եղել, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից, եթե լինի գործողության տեսքով, պաշտպանված է տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերից, որոնք պատժելի են Քրեական օրենսգրքով: Այն խնդիրը, որը հեղինակի կողմից հնչեցվում է, քրեական օրենսդրությամբ լուծված է, փոխարենը նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում իրավական որոշակիության տեսանկյունից»,- ասաց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ երբ ընդունվում է օրենք, որտեղ հստակ չի ամրագրվում, որ կիրառումը տարածվելու է հակառակորդ երկրի ղեկավարության վրա, փոփոխությունները կարող են տարածվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, այդ թվում` ԶԼՄ-ների:

«Թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում կարող է համարվել քարոզչություն, եթե ԶԼՄ-ները ցանկանան ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, թե թշնամի երկրում ինչ զառանցանք է հնչում, ու կարող են հայտնվել քրեորեն պատժելի հանցանք կատարողի դերում»,- հայտնեց Հովակիմյանը:

Պատգամավորը կոչ արեց ընդդիմությանը հեղինակել նախագծեր, որոնց քննարկումը կնպաստի երկրի զարգացմանն ու անվտանգության ուժեղացմանը: Նա կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել նախագծին, որովհետև «այն ուղղակի վնասում է ՀՀ քաղաքացու շահերին»:

Կառավարությունը ևս նախագծին բացասական եզրակացություն տվեց, արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ գործող Քրեական օրենսգրքով սահմանված են բավարար կառուցակարգեր, որոնք պատասխանատվություն են սահմանում քննարկվող հանցանքի համար: Փոխնախարարը հիշեցրեց նաև Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում տարածքային ամբոջականության դեմ ուղղված հրապարակային կոչերի համար:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ վստահեցրեց` նախագիծը որևէ առնչություն չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի նախագահի հետ:

«Նախագիծը զրո արտաքին քաղաքական նպատակ ունի, նպատակը հետևյալն է` մենք ամեն գնով, նույնիսկ պետականության կորստի գնով պետք է հասնենք իշխանության, սա է ձեր նպատակը: Սա հակապետական է, հակահայկական, կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter