
Երբ խաբել սկսում է խաբվողը
Մայիսի 6-ին կայացած ընտրությունները վերջնականապես փաստեցին, որ քաղաքականությունը և հասարակությունը հայաստանյան իրականության մեջ միմյանց հետ որևէ կապ չունեն: Առաջինն ապրում է խաղի իր կոշտ կանոններով, իսկ երկրորդը` իրեն պարտադրված ձևախեղված ավանդույթներով, կարծրատիպերով: Հասարակությունը ոչ քաղաքականության և ոչ էլ պետության հետ այլևս հույսեր չի կապում: Նրա յուրաքանչյուր անդամ իր վաղվա օրը կապում է բացառապես իր ուիր հնարավորությունների հետ` «եղունգ ունես` գլուխդ քորիր» պարզ ու հասկանալի կենսափիլիսոփայությամբ:
Արդյունքում` հասարակությունը, որպես հավաքականություն, որպես գործոն, դադարում է գոյություն ունենալուց` վերածվելով սեփական վարքագիծը որոշող ու հանրային կարծիքի վրա մեծ հաշվով թքած ունեցող անհատների բազմության: Այս նոր կացութաձևը, մտայնությունը դրդում են մարդկանց առաջնորդվելու «շնից մազ պոկելն էլ քյար է» ցինիզմի հասնող սկզբունքով, որը լավագույնս դրսևորվում է բացահայտ կաշառք վերցնելու, ավելին` այն սեփական քվեն, ձայնը վաճառելու դիմաց պահանջելու միջոցով: Փաստ է այլևս, որ Հայաստանում սկսել է որակ կազմել լյումպեն մասսան և լյումպեն մտածողությունը, որը մշտապես պատրաստ է ենթարկվելու մանիպուլյացիաների, որն առաջնորդվում է օրվա հրամայականով, որը չունի ապագային միտված հայացք, համընդհանուր նպատակներ, որը չի գնահատում իր հավաքական ուժը: Սակայն նման իրապես ողբալի իրավիճակն ինքնաբերաբար չի առաջանում: Նման «հասարակություն» ստեղծվում է շատ որոշակի գործոնների ազդեցությամբ:
1. Հիմնական գործոններից մեկն արտագաղթն է: Երկրից հեռանում է հասարակության հիմնականում մտավոր հատվածը, այն մասսան, որը չնայած ունի քաղաքացիական գիտակցություն և հասարակություն կերտելու ներուժ, սակայն չի տեսնում դրա համար բավարար կենսապայմաններ և նախընտրում է պարզապես հեռանալ: Երկրում մնում են նրանք, ովքեր ապրում են միայն կամ հիմնականում արտաքին տրանսֆերտներով, որոնք պետության աջակցությունը և դրա կարիքը չեն զգում: Երկիրը նրանց համար սահմանափակվում է գլխին ունեցած տանիքով, հարևանության ու հարազատության այն միջավայրով, առանց որոնց պարզապես չեն կարող ապրել: Եվ նման տարածքի (ոչ թե պետության) համար այս մարդիկ ոչ մի պատասխանատվություն չեն զգում: Նրանք պարզապես առաջնորդվում են ինչ-որ պահի ինչ-որ չափով ստեղծված հնարավորությունից օգտվելու պարզ կանոնով:
2. Մարդիկ այլևս չեն հավատում քաղաքական համակարգին: Ամենատարածական կարծիքը հետևյալն է` «բոլորն էլ նույնն են»: Նման կարծիքի ձևավորման հարցում մեղավոր է հենց քաղաքական համակարգը: Կուսակցությունները հիմնվում են ոչ թե հասարակության սոցիալական, իրավական, տնտեսական պահանջների վրա, այլ բացառապես սեփական ամբիցիաների, ներկուսակցական հարաբերությունների, լիդերների քմահաճույքների: Դաշինքները ձևավորվում են` ի հեճուկս ընտրազանգվածների, հաճախ` նրանց թիկունքում:
Մարդիկ կուսակցությունների ձեռքին իրենց զգում են ինչպես թակարդում հայտնված որս, հասարակությունը քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Քաղաքական ուժերը կայացնում են որոշումներ` անընդհատ հղում կատարելով ժողովրդին, սակայն երբեք վերջինիս հետ հաշվի չեն նստում: Քաղաքականությունը վերածվել է ինտրիգների մի այնպիսի խաղի, որից «հասարակությունը» գլուխ չի հանում: Նրանք այլևս հրաժարվում են հասկանալ, թե կուսակցություններից որն է իրական, որը` կեղծ ընդդիմություն, որն է փոփոխությունների ձգտում, որը` այդ մասին խոսելը պարզապես քվե ստանալու միջոց է դարձնում, որն է Ռուսաստանի, որը` Ամերիկայի գործիքը: Եվ նրանք այս որակի ընտրությունների միջոցով հասկացնում են, որ չեն ուզում մասնակցել արդեն հոգնեցրած խաղերին, չեն ուզում լինել բովանդակային փոփոխությունների չգնացող, իրենց հետ մարդկային լեզվով խոսել չցանկացող ուժերի գերին: Սա ցույց է տալիս, որ նոր որակի քաղաքական ուժերի և նոր որակի քաղաքականության ի հայտ գալը այլընտրանք չունի:
3. Այդպես էլ չձևավորվեց ընտրակեղծիքների դեմ պայքարի հստակ պահանջարկ և քաղաքական օրակարգ, չարվեց ամենակարևորը` հասարակությանն այդ պայքարի ամենագործուն մասնակիցը դարձնելը: Ընտրարշավի մեկնարկին ստեղծվեց ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ, որում ներգրավված ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, աչքի ընկան միայն նիստեր գումարելով, հայտարարություններ հնչեցնելով:
Չնայած աշխատակարգի ստեղծմանը` ընտրակեղծիքների դեմ պայքարի մեխանիզմներ այս շտաբն այդպես էլ չստեղծեց` ի սկզբանե ցույց տալով, որ դրանում ներգրավված ուժերի համար առանցքային է միայն հարցի ֆորմալ կողմի ապահովումը, որ հասարակությունն ընդամենը տեսնի, թե որքան նվիրված են ընտրակեղծիքների դեմ պայքարելու, իշխանության վերարտադրվելը թույլ չտալու գաղափարին: Իրականում, սակայն, ընտրակեղծիքների դեմ պայքարելու լուրջ ցանկություն չկար: Քվեարկության օրը այդ շտաբին միացած ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններն ավելի քիչ չէին, քան ՀՀԿ-ի դեպքում: Եվ ընտրակաշառք բաժանող ԲՀԿ-ն փորձում էր համոզել, թե վճռական է ընտրակեղծիքների դեմ պայքարի հարցում:
Այս առումով ՀՀԿ-ն շատ ավելի ազնիվ գտնվեց` շտաբին չմիանալով հասկացնելով իր իրական մտադրությունները, քան ԲՀԿ-ն, որի արածն այլ բան չէր, քան պարզ աչքակապությունը: Նրա հետ համագործակցող ՀՅԴ-ն ինքը ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր վերջին հայտարարության մեջ հստակ հայտարարեց, որ ընտրակաշառք բաժանել են կոալիցիոն բոլոր կուսակցությունները: Մի՞թե հնարավոր էր այս մթնոլորտում ընտրակեղծիքների դեմ իրական պայքար ակնկալել, երբ անգամ ընտրացուցակները, որոնք դարձան ընտրակեղծիքների հիմնական գործիքը, այդպես էլ ոչ շտաբի, ոչ էլ դրանում ներգրավված ուժերի կողմից լուրջ ուսումնասիրության չենթարկվեցին:
«Ժառանգություն» կուսակցություն-միջկուսակցական շտաբ անդադար գզվռտոցները, իրար մեջ թակարդներ, ականներ, դավաճաններ որոնելու ճղճիմ ձգտումները ցույց տվեցին, որ ընտրակեղծիքների դեմ պայքարը պարզապես ընտրարշավի մաս է կազմում և ավելին չէր, քան PR-ը:
Ավելին. այն հանգամանքը, որ նման փաստացի անգործության պատճառով հնարավոր չէր լինելու ու չեղավ լուրջ փաստական բազա ձևավորելը` հետագայում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, փաստացի դարձավ ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը լեգիտիմացնելու միջոցը: Եվ այս իմաստով շտաբը շատ ավելի գործեց ՀՀԿ-ի համար, քան նրա դեմ:
Ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան վակուումային, հնարավոր չէ համարել թե հանրության և թե քաղաքական համակարգի համար: Երկուսի դեպքում էլ պարզ չէ ելքը, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Սա շատ նման է 2007թ. մայիսյան հետընտրական օրերին, միայն այն տարբերությամբ, որ եթե այն ժամանակ ու դրանից հետո քաղաքական ուժերն էին ընտրողների քթից բռնած ման տալիս, հիմա հանրությունն է բռնել քաղաքական ուժերի կոկորդը: Եվ սա մի թնջուկ է, առանց որը լուծելու, հնարավոր չի լինելու այս մեռյալ կետից առաջ շարժվել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել