HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊՆ-ն հերքում է իր իսկ փոխնախարարին. Արման Սարգսյանը խաբել է լրագրողներին ու հանրությանը

Կարելի է ասել, որ Սյունիքի մարզը իսկական գլխացավանք է դարձել այսօրվա իշխանությունների համար, քանի որ մարզի սահմաններին թշնամու սանձարձակ գործողությունները Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պարբերաբար ստիպում են որեւէ պարզաբանում գտնել, ինչ-որ կերպ հանրությանը փորձել բացատրել, թե ինչ է տեղի ունենում:

Այս անգամ խոսքը Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ թշնամու առաջխաղացման մասին է: Այն, որ ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ դիրքեր/վրաններ տեղադրել, լայն հանրությունն առաջին անգամ իմացավ Ներքին Հանդի բնակիչներից, իսկ մինչ այդ համայնքային, մարզային եւ ՀՀ իշխանությունները քար լռություն էին պահպանում:

Հանդեցիները միաբերան պնդում են, որ թշնամին այս տարվա փետրվար-մարտին է առաջացել դեպի իրենց գյուղի տարածք: ՀՀ ՊՆ-ն մարտի 15-ին նախ շտապեց «կտրականապես հերքել» այդ ինֆորմացիան՝ հավելելով, թե նշված հատվածում ադրբեջանցիներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չէին ու հարմար չէին ձմռանն օգտագործելու համար, բայց եղանակի փոխվելուց հետո ադրբեջանցիները վերադարձել են այդ դիրքեր: «Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- պնդել է ՊՆ-ն: Անհասկանալի էր, թե, ի վերջո, որտեղ են տեղադրված վրանները՝ ՀՀ սուվերեն տարածքու՞մ, թե՞ դրանից դուրս: Երկրորդ՝ թշնամին ե՞րբ է հայտնվել այդտեղ:

Սակայն այս հարցերի պատասխանները չբացահայտելը չփրկեց ՊՆ-ի դեմքը, քանի որ նախկին եւ ներկա օմբուդսմենները պնդեցին, որ թշնամու զինվորականները այս տարի են հայտնվել հանդեցիների համար կենսական նշանակություն ունեցող արոտավայրերի, վարելահողերի ու այգիների մոտ՝ սպառնալիք դառնալով մարդկանց անվտանգությանը: Արձագանքելով ՊՆ-ի «հերքմանը»՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է. «ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապատասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է»:

Իր հերթին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Որեւէ տեղ առաջխաղացման հետ կապված որեւէ խնդիր չկա» (տեսանյութում՝ 1:12 րոպեից), մեկ այլ տեղում՝ «…Ո՛չ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել» (2:34 րոպեից): «Կապան-Մեղրի ճանապարհահատվածում, որի մասին որ խոսում են, ադրբեջանցիները առաջխաղացում ունեցե՞լ են…» հարցին Սարգսյանը կտրուկ պատասխանել է՝ ո՛չ (2:37 րոպեից):

Տեղի տալով տեղեկատվական դաշտի ճնշմանը, նաեւ, թերեւս, արձագանքելով մարդու իրավունքների պաշտպանների պնդումներին՝ մարտի 21-ին պաշտպանության նախարարությունը պարզաբանում տարածեց, որով հաստատեց, որ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, ինչով եւ հերքեց Արման Սարգսյանին:

«Հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը, որն, ըստ Խորհրդային Միության քարտեզների, մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը,- հայտարարել է ՊՆ-ն:- Ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո: Փորվել են խրամատներ, որոնք, սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար: Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ, ստիպված հեռացել է: Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ նրանք վերադարձել են եւ նախկինում իրենց կողմից փորված խրամատներին հարակից տարածքում՝ նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ, այսինքն՝ նոր առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»:

Ֆիքսենք հիմնական մտքերը.

  1. Ադրբեջանցիները գտնվում են ՀՀ տարածքում:

Սա նշանակում է, որ Արման Սարգսյանը ստել է լրագրողներին եւ նրանց միջոցով՝ հանրությանը: Հաշվի առնելով օրվա իշխանությունների գործելաոճը, որն առավել ցցուն է եղել 44-օրյա պատերազմի օրերին եւ շարունակվել է հետագայում, միամտություն է կարծել, թե ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ պետական անվտանգության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ կեղծ տվյալ հայտնելու հիմքով պատասխանատվության կենթարկվի վերադասի կողմից:

  1. Թշնամին ՀՀ տարածքի Ներքին Հանդի հատվածում առաջին անգամ հայտնվել է 2021-ի գարնանը:

Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում ՊՆ-ի պարզաբանում-հերքում-պնդում-հավաստիացումներին պետք է վերապահորեն մոտենալ: Այդուհանդերձ, եթե ՊՆ-ն այս անգամ ասում է ճիշտը, եւ ադրբեջանցիները Ներքին Հանդի տարածք են մտել դեռ մեկ տարի առաջ, ապա դա կրկնակի «մինուս» է գործող իշխանությունների եւ նույն ՊՆ-ի համար: Նախ՝ դա նշանակում է, որ իշխանությունները հանրությունից թաքցրել են երկրի եւ, մասնավորապես, տեղի բնակիչների անվտանգությանը վերաբերող էական հանգամանքը: Երկրորդ՝ հարց է ծագում, թե այդ ինչպես է թշնամին 600 մ կարողացել առաջանալ մի հատվածում, որը տեսականորեն պետք է լիներ ՀՀ զինուժի վերահսկողության տակ:

  1. Ադրբեջանցիները կահավորման որոշակի աշխատանքներ են կատարել, իսկ մեկ տարի անց էլ վերադարձել են նույն դիրքեր:

ՊՆ-ի տարածած պարզաբանման տոնայնությունն այնպիսին է, կարծես ի՞նչ է եղել որ. մարդիկ առաջացել են մի քանի հարյուր մետր, ձմեռը ստիպել է հետ գնալ նրանց հիմնական մասին (այսինքն՝ մի մասն, այդուհանդերձ, մնացել է ՀՀ տարածքում), հիմա նորից եկել են իրենց փորած խրամատների մոտ ու վրաններ տեղադրել: Դե հա, ՀՀ սուվերեն տարածքը խոպան հող է, թշնամին էլ կարող է գնալ-գալ, երբ կուզի: Իսկ թե ինչու կանխարգելիչ կամ հակազդող գործողություններ ՊՆ-ն չի ձեռնարկել այդ մեկ տարվա ընթացքում, գերատեսչությունն, իհարկե, չի կարող պարզաբանել: Ասելիք չունի:

Տարածքի «խիտ անտառային ու բարդ դիտարկելի» լինելը ոչ մի պարագայում չի կարող արդարացում լինել, ինչպես որ չէր կարող ժամանակին արդարացում լինել ձմռանը ՀՀ պետական սահմանին՝ լեռներում, դիրքեր չպահելը: Տարածքը «խիտ անտառային ու բարդ դիտարկելի» է հակամարտող կողմերից յուրաքանչյուրի համար: Մնացածն ուղղակի աչքկապոցի է:

  1. ՊՆ-ն բառերի հետ է խաղում՝ «նոր առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»:

Իրականում ՊՆ-ն հերքում է թե՛ փոխնախարար Սարգսյանին, թե՛ մարտի 15-ի իր իսկ «հերքումը», երբ ասում էր, թե «ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»: Հիմա ասում է՝ նո՛ր առաջխաղացման: Եթե իրոք թշնամին առաջ է եկել մեկ տարի առաջ, ու հանրությունից այս փաստը գաղտնի է պահվել, ի՞նչ երեսով է պաշտպանության նախարարությունը խոսում նոր առաջխաղացման բացակայության մասին: Ի՞նչ կապ ունի, թե երբ է թշնամին ՀՀ տարածք ներխուժել՝ անցյալ տարի՞, թե՞ վերջերս: Դրանից հանդեցու կամ երկրի անվտանգության ապահովման մակարդակը բարձրացա՞վ, պաշտպանության նախարարության, փոխնախարար Արման Սարգսյանի տարածած «ֆեյք» ինֆորմացիան դարձավ իրականությու՞ն: 

Լուսանկարը՝ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter