HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թշնամին փորձել է ճանապարհ հարթել Ներքին Հանդի հատվածում, բայց հետո տեխնիկան հետ է քաշել

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամին մի քանի օր առաջ մոտ 1 կմ առաջխաղացում է ունեցել, ինչի մասին պնդում են հենց տեղի բնակիչները, սակայն պաշտպանության նախարարությունը հանդեցիների տեսածը ապատեղեկատվություն է որակում։ Ավելին՝ ադրբեջանցիները փորձել են ճանապարհ կառուցել, մեխանիզացիա են առաջ բերել, բայց, «Հետքի» զրուցակիցների փոխանցմամբ, հայկական կողմն արգելել է թշնամու ծրագրի իրականացումը։

Այն, որ ադրբեջանցիները հայտնվել են Ներքին Հանդից ոչ հեռու՝ ՀՀ սուվերեն տարածքում, ամսի 14-ին առաջինը գրել էր armdaily.am-ը՝ հղում անելով գյուղի բնակչուհի Հասմիկ Ղազարյանին։ Վերջինս նշել էր, որ մոտ 15 օր առաջ թշնամին վրաններ է խփել հին գյուղատեղիի մոտ, որի հարեւանությամբ գտնվում է նաեւ Ներքին Հանդի գերեզմանոցը։

«Ներկա պահին մեր գյուղի անմիջապես դիմացն են կանգնած։ Արդեն երկու հատ վրան դրել են, երեքն էլ կան, ու փաստացի հինգ հատ վրան կա մեր տարածքում։ Այս րոպեին կարող եմ ասել, փաստորեն փետրվարի 27 կամ 28-ին են եկել, մարտին այնտեղ են եղել, հաստատ եմ ասում ձեզ, եւ նոր են հայտնվել»,- լրատվամիջոցին փոխանցել էր Հ․ Ղազարյանը։ Բնակչուհին հավելել էր, որ այժմ թշնամու վերահսկողության տակ են հայտնվել գերեզմանոցն ու գյուղի խմելու ջրի աղբյուրը։ Ըստ Ղազարյանի՝ այդ հատվածում հանդեցիները ոչ միայն արոտավայրեր ունեն, այլեւ բանջարեղեն էին աճեցնում, իսկ հիմա այդ տարածքները թշնամու դիտարկման ներքո են։

«Ամուսինս իր եղբոր հետ գնացել են այդ կողմերը, տեսել են՝ վրաններ են խփած, երկուսը դատարկ են եղել, երրորդի միջից արդեն բարձր ձայներ են լսել։ Հետո որ իջան մեր պոստ, մեր հայ զինվորականները ասել են՝ ինչի՞ եք գնացել այնտեղ։ Չհասկացանք, մեր գյուղն է, մեր ապրուստն է, մենք դրանով ենք ապրում, ո՞նց թե ինչի ենք գնացել։ Մեր սեփական հողերն են փաստացի, մեր գյուղն է դա, իսկ հիմա չենք կարողանում գնալ, վախենում ենք»,- ասել էր Հասմիկ Ղազարյանը։

Քարտեզում թվերով նշված են՝
1. Մ-17 (Կապան-Ծավ-Մեղրի) միջպետական մայրուղին
2. Մ-17-Ներքին Հանդ ճանապարհը
3. Ներքին Հանդի գերեզմանոցը
4. Ներքին Հանդ հին գյուղատեղին

Իր համագյուղացու ասածները փաստացի հաստատել է Ներքին Հանդի վարչական ներկայացուցիչ Խաչատուր Բաղդասարյանը (այս գյուղը Կապան խոշորացված համայնքի բնակավայրերից է)։ Վերջինս, սակայն, news.am-ին հայտնել է, որ թշնամին Ներքին Հանդի ուղղությամբ առաջացել է մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում։ «Սահմանից իջել են, մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ էր բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»։ Ըստ Բաղդասարյանի՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն առաջին օրվանից տեղյակ է, թե ինչ է եղել, ու պարբերաբար այցելում է Ներքին Հանդ։

Ստացվում է, որ Ներքին Հանդի եւ Կապանի ղեկավարությունը իմացել է տեղի ունեցածի մասին, սակայն այդ մասին առաջինը մամուլի միջոցով բարձրաձայնել է գյուղի բնակչուհին։

Ներքին Հանդը Կապանի այն 6 գյուղերից մեկն է, որն անցյալ աշնանից հայտնվել է բարդ կացության մեջ։ Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերին թշնամին ՀՀ իշխանությունների թողտվությամբ «անցակետ» տեղադրեց Կապանը Մեղրիին միացնող Մ-17 միջպետական մայրուղու Կապան-Ճակատեն հատվածում՝ այդպես կտրելով կապը մարզկենտրոնի եւ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի միջեւ։

Չնայած դրանից հետո հայ բնակիչները սկսեցին կիրառել դեռ 1990-ականներից մնացած գրունտային ճանապարհը, որը Կապանի հարեւան Գեղանուշ գյուղը կապում է Ճակատենի հետ, իրականում այդ ճամփան խնդրահարույց է, քանի որ եղանակային վատ պայմանների հետեւանքով դառնում է անանցանելի։ Զուգահեռ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ կառուցելու են Կապան-Ճակատեն այլընտրանքային ասֆալտապատ ճանապարհ։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է, բայց ինչպես հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, կառուցվող ճանապարհի որոշ հատվածներ դիտարկվում են թշնամու կողմից, ինչն այն դարձնում է խոցելի անվտանգության տեսանկյունից։ Ներկա պահին ասֆալտապատ միակ ճանապարհը, որը Կապանը կարող է կապել այս 6 գյուղերին, Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ-Ճակատեն երթուղին է։  

Բայց հարցն այդ ուղու երկարությունն է։ Այսպես՝ եթե մինչեւ 2021-ի նոյեմբերը Կապանից Ներքին Հանդ ճանապարհը Մ-17 ասֆալտապատ մայրուղով ընդամենը 36 կմ էր, ապա հիմա Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ-Ներքին Հանդ երթուղով պետք է անցնել 130 կմ:

Ի տարբերություն Ճակատեն, Շիկահող, Սրաշեն եւ Ծավ գյուղերի՝ Շիշկերտն ու Ներքին Հանդը չեն գտնվում Մ-17 (Կապան-Ծավ-Մեղրի) միջպետական ճանապարհի վրա։ Ներքին Հանդը գտնվում է միջպետական մայրուղու Սրաշեն-Ծավ հատվածից 5 կմ հեռավորության վրա՝ անմիջապես Հայաստան-Ադրբեջան սահմանագծին։ Մինչեւ 44-օրյա պատերազմը գյուղը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին։

Այսօրվա գյուղից 2,5 կմ հեռավորության վրա է նախկին Ներքին Հանդ բնակավայրը/գյուղատեղին, որի հարեւանությամբ էլ գերեզմանոցն է։ «Հետքի» հետ զրույցում Ներքին Հանդի բնակիչ Սերյոժա Ադամյանը պատմեց, որ ամսի 15-ին՝ 14։30-ին, եղել է գերեզմանոցում, որտեղ թաղված է որդին։ Ըստ Ադամյանի՝ ինքը երկու-երեք օրը մեկ այցելում է գերեզմանոց, բայց ի տարբերություն վարչական ներկայացուցիչ Խ․ Բաղդասարյանի ու բնակչուհի Հ․ Ղազարյանի՝ Ադամյանն ասում է, որ չնայած ադրբեջանցիներն իսկապես առաջ են եկել 1 կմ, Ներքին Հանդի բնակելի հատվածից հեռու են գտնվում, իսկ գերեզմանոցից թշնամու վրանները չեն երեւում։ «Իրենք 1 կմ որ իջել են, մերոնք եկել են անմիջապես դրա դիմացը՝ ավելի բարձր, դիտակետ դրել, ու դրա (հայկական դիտակետի) վերահսկողության տակ է (թշնամու դիրքը)»,- ասում է Ս․ Ադամյանը։

Նա եւս, ինչպես Խաչատուր Բաղդասարյանը, նշում է, որ թշնամին առաջ է եկել մի 10 օր առաջ։ Ինֆորմացիա ստանալու համար զանգահարեցինք նաեւ Խ․ Բաղդասարյանին, սակայն նա չցանկացավ պատասխանել հարցերին ու անջատեց հեռախոսը։ Սա մի փոքր տարօրինակ էր, քանի որ, օրինակ, նախորդ տարվա նոյեմբերին, երբ արգելափակվեց Կապան-Ճակատեն-Ծավ ճանապարհը, Բաղդասարյանը «Հետքին» մանրամասներ էր պատմել առկա դժվարություններից։ Այս անգամ վարչական ներկայացուցիչը խորհուրդ տվեց դիմել համապատասխան կառույցներին։

Մենք զրուցել ենք Ճակատեն-Ծավ տարածաշրջանի գյուղերի մի քանի բնակիչների հետ։ Նրանցից մեկը հայտնեց, որ վարչական ներկայացուցիչներին արգելել են սահմանային թեմաների վերաբերյալ զրուցել լրագրողների հետ։ Իսկ մյուսն էլ նշեց, որ չնայած բնակիչները տեղյակ են եղել այս վերջին միջադեպից, պատասխանատուներն իրենց անընդհատ ասել են, թե դա իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է։

Զանգահարեցինք նաեւ Կապանի համայնքապետարան, սակայն զանգերն անարձագանք մնացին։ Դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը, որը լրատվության ոլորտի պատասխանատուն է, հայտնեց, որ ՊՆ-ի հայտնածից բացի այլ բան չեն կարող փոխանցել։

ՊՆ-ն կատարվածի մասին առանձին հաղորդագրություն չի տարածել, սակայն «Արմենպրեսին» տրված պարզաբանման մեջ ասվել է հետեւյալը․ «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»։

ՊՆ-ի պարզաբանումը ոչ թե հարցերի պատասխան է, այլ նոր հարցեր է ծնում։ Այսպես՝ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ» արտահայտությունն արդյոք նշանակում է, որ թշնամին իր այսօրվա դիրքում գտնվում էր վաղուց, օրինակ՝ 44-օրյա պատերազմից կամ 2020-ի դեկտեմբերից հետո։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո՝ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի կեսերը, հայկական ուժերը գտնվում էին ոչ այն բնագծերում, որտեղ որ այժմ են։ Հայկական զորամիավորումները դեկտեմբերին նահանջել են Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Ինչպես նա է խոստովանել, այդ հրամանը տվել է՝ Սյունիքի ուղղությամբ պատերազմից խուսափելու համար։ «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- 2021-ի հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։ Սրա հետեւանքով ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցան Կապանի ու Գորիսի տարածաշրջանների բնակավայրերին, այդ թվում՝ Ներքին Հանդին։ 

Թշնամին, բնականաբար, չի կիսել ՀՀ վարչապետի համոզմունքը, որ նահանջը պատերազմից խուսափելու հնարավորություն է։ Ապացույցը՝ 2021-ի մայիսի ու նոյեմբերի ագրեսիան ընդդեմ ՀՀ սուվերեն տարածքի, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Գեղարքունիք, Վայոց Ձոր ու Սյունիք՝ գրավելով հայկական զինուժի դիրքեր, սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Մինչ օրս նրանք այնտեղ են։

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում «ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված»․ խոսքը ՀՀ սուվերեն տարածքի՞, թե՞ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Քաշաթաղի շրջանի մասին է։ Ինչու՞ է ՊՆ-ն խոսում ակնարկներով։ Նույն Նիկոլ Փաշինյանը, օրինակ, բազմիցս պնդել է, որ Սյունիքում ՀՀ համայնքներն իրար կապող ճանապարհների վրա հայտնված ադրբեջանցիները ՀՀ տարածքից դուրս են, չնայած այստեղ ո՛չ դելիմիտացիա է արվել, ո՛չ դեմարկացիա։ Եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ներքին Հանդի հատվածում էլ թշնամին ՀՀ տարածքից դուրս է, ինչու՞ Փաշինյանի նման այդքան վստահ չեն հայտարարում, այլ երկիմաստ ասում են «ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված»։ 

Ներքին Հանդի բնակիչներն ասում են, որ թշնամին գտնվում է իրենց գյուղի տարածքում, իսկ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պնդել է, թե թշնամին Հայաստանի սուվերեն տարածք չի մտել։ Դե, եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ նրանք այնտեղ են եղել վաղուց, ապա կարելի է եւ Սարգսյանի պես ասել, բայց սա զուտ ենթադրություն է, քանի որ ՊՆ-ն ու փոխնախարարը, ինչպես նրանց հայտարարություններն են ցույց տալիս, ընդամենը շրջանցում են բուն հարցերը։

Ավելին՝ ո՛չ ՊՆ-ն, ո՛չ փոխնախարարը չեն ասում, որ թշնամին փորձել է մեխանիզացիա առաջ բերել՝ ճանապարհ հարթելու համար, սակայն այդ փորձը հայկական ուժերը կասեցրել են։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում պատմեց մեր աղբյուրը։ Ներքին Հանդի բնակիչ Սերյոժա Ադամյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի հինգ օր առաջ ադրբեջանցիների շինտեխնիկան նկատելի էր, բայց հետո նրանք այն հետ են քաշել։ Ադամյանը չցանկացավ ենթադրել, թե որն է եղել թշնամու նպատակը։ Նա նաեւ համեմատության համար նշեց, որ Ներքին Հանդի բնակելի հատվածի մոտ գտնվող հայկական հենակետերից 100-200 մ հեռավորության վրա ադրբեջանցիները դիրքեր ունեն, իսկ տեղադրված վրանները բուն գյուղից բավական հեռու են։ «Հանդեցին ո՛չ իր գյուղը թողող է, ո՛չ էլ վախեցող է»,- եզրափակեց Ներքին Հանդի բնակիչը։ 

ՀԳ․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ իշխանություններին եւ ՊՆ-ին քննադատող հայտարարությամբ հանդես եկավ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter