HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նմանակելով Փաշինյանին. «Ձեզ թվում ա՝ կապիտուլյացիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կապիտուլյացիան»

Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին անցակետեր տեղադրելու ադրբեջանցիների վերջին սանձարձակ գործողությունները Հայաստանի իշխանությունների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում վարվող կրավորական, իսկ գուցե ավելի ճիշտ է ասել՝ պարտվողական քաղաքականության հետեւանք են:

Եկեք հիշենք, թե ինչպես ստացվեց, որ Կապան համայնքի մեջ ներառված Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ ու Ներքին Հանդ գյուղերը թշնամու ծրագրված գործողությունների եւ ՀՀ իշխանության թուլության հետեւանքով այսօր հայտնվեցին ծանր իրադրության մեջ:

Նահանջ, նահանջ, նահանջ  

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետում ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Հրադադարի հաստատումից հետո Զանգելանի ու Ղուբաթլուի շրջանների մի մասը շարունակում էր մնալ հայկական վերահսկողության տակ: Սրա շնորհիվ Կապանի ու Գորիսի տարածաշրջանների մի շարք գյուղեր գտնվում էին մեր զինված ուժերի թիկունքում՝ որոշակի խորության վրա:

Վարչապետ Փաշինյանն ԱԺ բարձր ամբիոնից 2020 թ. դեկտեմբերի 9-ին հայտարարում էր, թե բացի եռակողմ հայտարարությունից՝ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»: Սրանից ընդամենը 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, Անվտանգության խորհրդի նիստում խոսելով Ղուբաթլուի եւ Զանգելանի՝ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին, հայտարարեց, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Եվս երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով նոյեմբերյան հայտարարության մեջ արդյոք գրված չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանն ասաց. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, եւ ես ասել եմ նախկինում եւ խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:  

Եվ ահա, թե ինչ եղավ հետո: 2020 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ-ից հրահանգ իջեցվեց, որ մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Կապանի ու դրան հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող այն բարձունքներից, որոնք գտնվում են Զանգելանի շրջանում եւ պատերազմի ժամանակ զբաղեցված ու ամրացված էին մեր ուժերի կողմից: «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»,- «Հետքի» հետ զրույցում նախորդ դեկտեմբերին ասել էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

«Այս բոլոր տարածքները մինչեւ 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- «Հետքին» ասել էր համայնքապետը։

Դեկտեմբերի 25-ին Փարսյանը հանդիպել էր ԱԺ պատգամավորներին ու պատմել ամսի 17-ին Սյունիքի համայնքապետների եւ այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Ավելի ուշ՝ այս տարվա մարտին, իշխանական պատգամավոր Արման Եղոյանը պիտի հայտարարեր, թե Սյունիքում տեղի ունեցածը (հայկական զորքերը հրադադարից հետո հետ քաշելը) եղել է պատերազմի սպառնալիքի տակ: Իսկ ամիսներ անց՝ հոկտեմբերի 27-ին, Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց. «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ… Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։

Այս նահանջից անմիջապես հետո թշնամու ստորաբաժանումները հայտնվեցին Սյունիքի բնակավայրերի, մասնավորապես՝ Որոտանի, Շուռնուխի, Կապանի քթի տակ: Որոտանում թշնամու սահմանապահների հենակետ դարձավ հայ գյուղացու տունը, որն ամերիկյան «Google» մասնավոր ընկերության առցանց քարտեզի միջոցով «ճշգրտումներից» հետո անցել էր նրանց վերահսկողության տակ:

Նույն ձեւով կիսվեց Շուռնուխը, որի ներքեւի թաղամասի 11 տներն անցան թշնամուն, իսկ 12-րդի բակը կիսվեց հակամարտ կողմերի միջեւ: Թշնամին տեղակայվեց նաեւ Կապանի օդանավակայանից մի քանի տասնյակ մետրի վրա, ինչպես նաեւ՝ Գորիս-Կապան ճանապարհի արեւելյան հատվածում:

Այս ֆոնին 2020 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից»: Դեկտեմբերի 20-ին այն ժամանակվա ՊՆ Վ. Հարությունյանը հայտնեց, որ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Դավիթ Բեկ հատվածում, այնպես էլ Կապան-Ճակատեն ճանապարհին հսկողություն են իրականացնելու ռուս սահմանապահները:

Շուտով համացանցում հայտնվեց հուշագիր, ըստ որի՝ «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներով (կոորդինատները նշված են - «Հետք») մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից հեռավորության վրա (հեռավորությունը չի հստակեցվում - «Հետք») վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր»: Այս փաստաթղթի իսկությունը ՀՀ իշխանությունները չհերքեցին, բայց եւ համարձակություն չունեցան հաստատել, չնայած առանց դրա էլ ամեն ինչ տեսանելի էր իրական կյանքում:

Փաստաթղթում նաեւ ասվում էր հետեւյալը. «Ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով եւ իրականացնում է ճանապարհի տվյալ հատվածից (կոորդինատները նշված են - «Հետք») օգտվելու իր իրավունքը նախնական իրազեկումից հետո»:

Իսկ ի՞նչ եղավ հետագայում: Ադրբեջանցիներն օգոստոսի 25-27-ին երկու տեղից փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հետո ոստիկանական հենակետ հայտնվեց Որոտանի հարեւանությամբ, ավելի ուշ թշնամին սկսեց գումար գանձել այստեղով անցնող իրանական բեռնատարներից, նույնիսկ իրանցի վարորդների ձերբակալել: Մինչ այդ ՀՀ իշխանությունները սկսել էին Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանք հանդիսացող Տաթեւ-Աղվանի-Կապան 43 կմ-ոց ճանապարհի վերակառուցումը: Ներկայում այս ճանապարհը Տաթեւից ձգվում է դեպի Հալիձոր եւ Շինուհայր ու միանում Երեւան-Գորիս մայրուղուն, սակայն նպատակ կա վերանորոգել Տաթեւը Սիսիանի Լծեն գյուղին միացնող գրունտային ճանապարհն ու կարճացնել Կապանից դեպի Երեւան երթեւեկությունը:

Տաթեւ-Աղվանիի վերակառուցումը նոր էր ավարտվել, երբ նոյեմբերի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրության համար անակնկալ հայտարարեց, որ ադրբեջանցիներն ամսի 11-ի կեսգիշերից սահմանային և մաքսային հսկողության գործառույթ են իրականացնելու Գորիս-Կապան ճանապարհին: Արդյոք այլընտրանքային վերանորոգված ճանապարհի շահագործումն ու ադրբեջանցիների քայլի համընկնումը զուգադիպություն էր: Դժվար է դրան հավատալ, քանի որ ՀՀ իշխանությունների հայտարարությունների տոնայնությունից տպավորություն էր, որ նախապես եղել է համաձայնություն, եւ թշնամու քայլն անակնկալ չի եղել հայկական կողմի համար: Բայց եկեք հիշենք, որ Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերաբերյալ հուշագրում հստակ նշված է, որ կողմերը կատարում են վիզուալ եւ տեխնիկական դիտարկում: Այլ բան նախատեսված չէ:

Եվ ուրեմն հարց: Արդյոք ադրբեջանցիները հայկական եւ ռուսական կողմերի հետ գաղտնի համաձայնությամբ փոխել են 5 տարի ժամկետով ձեռք բերված այդ գրավոր համաձայնություն-հուշագիրը, թե ուղղակի անտեսել են դա ու, անցակետ-մաքսակետ տեղադրելով, սեփական նախաձեռնությամբ սկսել դեմարկացիայի գործընթացն այն ճանապարհային հատվածներում, որոնք ՀՀ իշխանություններն այսքան ժամանակ վիճարկելի էին անվանում:

Մյուս կողմից՝ հիմա ի՞նչն է, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի վրա վիճարկելի, եթե Փաշինյանը մի քանի անգամ պնդում է, որ ադրբեջանցիները կանգնած են ՀՀ տարածքից դուրս: Էլ ի՞նչ ենք վիճարկում: ՀՀ վարչապետն ասում է, որ թշնամին ՀՀ տարածքում չէ. դե, վերջինս էլ իրեն իրավունք է վերապահում անցակետ ու մաքսակետ դնել մի կետում (տես լուսանկարում), որը «Google»-ի սիրողական քարտեզով Ադրբեջան է, բայց ՀՀ կադաստրի կոմիտեի տված փաստաթղթով Որոտանի գյուղի բնակչի սեփականությունն է:

Համեմատելով, թե, ըստ «Google»-ի, ինչպես է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը, եւ պատերազմից հետո մինչեւ որտեղ է առաջացել թշնամին՝ հստակ է դառնում, որ հենց ամերիկյան ընկերության առցանց քարտեզն է դարձել միջպետական սահմանի «գծման» գործիքը (օրինակ՝ «Yandex»-ը Շուռնուխն ամբողջությամբ ցույց է տալիս ՀՀ տարածքում): Եվ դա տեղի է ունեցել ՀՀ ներկա իշխանությունների լուռ համաձայնությամբ ու պատերազմի սպառնալիքի ներքո:

10 կմ-ոց Կապան-Ճակատեն ճանապարհի 3,2 կմ-ն «անցնում է» Ադրբեջանով. հրաշալի առիթ թշնամու համար

Այն, ինչ տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհին, կրկնվեց Կապան-Ճակատեն հատվածում: Նոյեմբերի 11-ի լույս գիշերն ադրբեջանցիները փակել էին դեպի Ճակատեն տանող ճանապարհը, իսկ հետո պարզվեց, որ այստեղ հենակետ են դրել: Արդեն այսօր՝ կեսգիշերից, Ադրբեջանը սահմանային ու մաքսային հսկողություն է իրականացնում Կապան-Ճակատեն ճանապարհի՝ իր վերահսկողության տակ անցած հատվածում:

Եվ եթե նախկինում ՀՀ իշխանությունների համար սա վիճարկելի տարածք էր, ապա այսօր ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարում է. «Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում»:

Ավելի պարզ լեզվով՝ ԱԽ-ն ասում է, որ թշնամին գտնվում է իր սուվերեն տարածքում, այսինքն՝ ամեն ինչ իրավական է: Սա հայտարարություն է, որն Ադրբեջանն այլեւս կարող է ցանկացած պահի օգտագործել մեր դեմ, եթե որեւէ խոսք բացվի Գորիսից մինչեւ Ճակատեն սահմանային ճշգրտումների մասին: Այսինքն՝ Փաշինյանի իշխանությունն այսկերպ լեգիտիմացնում է ադրբեջանցիների գործողություններն ու փակում այս տարածքներում դելիմիտացիա ու դեմարկացիա անելու թեման. փաստացի ականատես ենք միակողմանի դեմարկացիայի, որն ընդունելի է ՀՀ ներկա իշխանության համար:

Ըստ «Google»-ի՝ Կապան-Ճակատեն ճանապարհի 3,2 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով (քարտեզում 3,7 կմ է, սակայն երկու տեղ՝ ընդհանուր 500 մ երկարությամբ, ճանապարհը մտնում է ՀՀ տարածք): Հենակետը, որի մասին տեսանյութեր տարածվեցին համացանցում, տեղադրվել է նախկին Ղազանչի գյուղի հարեւանությամբ (քարտեզում նշված է 1), իսկ դրանից ճանապարհով 500 մ հեռավորության վրա «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակն է, որը կա վաղուց (քարտեզում նշված է 2):

Այս հատվածում 2 նախկին գյուղ կա՝ Ղազանչին ու Աղքենդը (Սպիտակաշեն): Երկուսն էլ գրունտային ճանապարհներով գնում-միանում են Կապան-Զանգելան (Կովսական) ճանապարհին:

Նույնը Գորիս ու Որոտան բնակավայրերի արանքում գտնվող նախկին Էյվազլի գյուղի մասին է, որտեղից թշնամին ճանապարհ ունի դեպի Ղուբաթլու (Սանասար, Որոտան): Այսինքն՝ հայկական կողմի հայտարարությունները, թե մենք էլ հայելային մեթոդով անցակետեր ենք տեղադրելու մեր կողմից, ոչ միայն լեգիտիմացնում են թշնամու գործողությունները, այլեւ անզորության ցուցիչ են, քանի որ ադրբեջանցիները դրանցից օգտվելու կարիք, մեծ հաշվով, չունեն:

Եթե մինչ այս Կապանի թունելից մինչեւ Ճակատեն ճանապարհը 10 կմ էր, հիմա մարզկենտրոնից այս գյուղ հասնելու համար պետք է 150 կմ անցնել Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ-Ճակատեն երթուղով:

Այս 150 կմ-ին այլընտրանք է Կապան-Գեղանուշ-Ճակատեն ճանապարհը, սակայն Գեղանուշից դեպի Ճակատեն հատվածը գրունտային է եւ վերակառուցման կարիք ունի, ինչը, ըստ իշխանությունների, սկսվել է: Սա նույնպես հատկանշական է, քանի որ շինաշխատանքները սկսվել են Ղազանչիի մոտ թշնամու կողմից հենակետ տեղադրելու ֆոնին: Նորից հարց է ծագում. Փաշինյանի կառավարությունը մի քանի օր առաջ ուղիղ կամ երրորդ կողմի միջոցով տեղեկացվե՞լ է ադրբեջանական ծրագրի մասին, թե՞ հասկանալով, որ Ղազանչիի հենակետը դառնալու է մաքսակետ, իշխանություններն, ի վերջո, մատը մատին են տվել, չնայած դրա, ինչպես եւ Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհի վերակառուցման համար գրեթե մի ամբողջ տարի ունեին՝ սկսած անցյալ տարվա դեկտեմբերից, երբ, իրենց բառերով ասած, պատերազմի սպառնալիքի տակ նահանջում էին:

Այսպիսով՝ չնայած 44-օրյա պատերազմի հրադադարից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի այլ փաստաթղթեր չկան, նա առնվազն բանավոր պայմանավորվածություն ուներ Ալիեւի եւ Պուտինի հետ Կապանի ու Գորիսի բնակավայրերը թիկունքային խորության վրա պահող եւ անվտանգությունն ապահովող տարածքները (Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանների վերջին հատվածները) եւս թշնամուն զիջելու մասին, ինչն էլ ամրագրվել է 5-ամյա հուշագրով, իսկ զիջումը հիմնավորվել է պատերազմի վերսկսման սպառնալիքով: Ամիսներ անց ադրբեջանցիներն այդ հուշագրի կետերին հակասող քայլեր են սկսել կատարել, մինչեւ անգամ անցակետ-մաքսակետ տեղադրել՝ փաստացի կտրելով կապը Գորիսի ու դրա 3 գյուղերի, ինչպես նաեւ Կապանի ու դրա 6 գյուղերի միջեւ: Այս ամենը Փաշինյանի թիմը մատուցում է խորհրդային քարտեզների «իրավական սոուսով»՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար լեգիտիմացնելով ամեն գնով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին վնաս տալու ադրբեջանական նենգ գործողությունները:

Այսքանից հետո, մի փոքր ձեւափոխելով 2014-ին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը կոռուպցիայի մասին, կարող ենք ասել. «Ձեզ թվում ա՝ կապիտուլյացիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կապիտուլյացիան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter