
Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ
Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
Արցախի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։
«Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։
Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։
Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև՝
- Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն Արցախում գազամատակարարման դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
- ԱԺ-ում, Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով, հրատապ քննարկում կանցկացվի
Մեկնաբանել