HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզխորհրդի նիստ՝ երկու տարվա ընդմիջումից հետո

Երկու տարվա դադարից հետո այսօր Արմավիրի մարզպետարանում հրավիրվել էր մարզխորհրդի նիստ: Սա իր բնույթով առաջին նիստն էր՝ համայնքների խոշորացումից հետո: Մարզում վերջին անգամ մարզխորհրդի նիստ հրավիրվել էր 2020թ. հունվարի 30-ին: Նիստեր չհրավիրելը մարզպետարանը պատճառաբանում էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Սակայն, զարմանալիորեն չէին խուսափում զանգվածային այլ միջոցառումներից:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2021թ. գործունեության հաշվետվությունը: Այս հաշվետվությունը, կարելի է ասել, վերաբերում էր նախկին մարզպետին՝ Համբարձում Մաթևոսյանին, որը այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը:

Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2021թ. նոյեմբերի 26-ին:

Մարզպետը նշեց, որ 2020թ ճգնաժամերը՝ կորոնավիրուսային համավարակը, դրա հետևանքով տնտեսական ճգնաժամը և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, ծանր հարված են հասցրել մարզի տնտեսությանը՝ ընդհատելով տնտեսական աճի տեմպը։ Չնայած առկա մարտահրավերներին՝ 2021 թվականը տնտեսական առումով հուսադրող է եղել։

Արմավիրի մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը (ընթացիկ գներով) 2021թ. կազմել է 117.2 մլրդ դրամ, որը կազմել է հանրապետության ցուցանիշի 4.9 %-ը: Համեմատության համար նշենք, որ 2020թ. ծավալը կազմել է 119.5 մլրդ դրամ և դրա հետ համեմատ ցուցանիշը նվազել է 2.3 մլրդ դրամով կամ 1.9%-ով:

Մարզի տնտեսությունում գերակշռողը գյուղատնտեսության ոլորտն է: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2021թ. կազմել է 211 մլրդ դրամ, որը կազմել է հանրապետության ցուցանիշի 22.6%-ը: Այս ցուցանիշով Արմավիրը մարզերի ցանկում առաջատարն է: 2020թ. կազմել է 173.9 մլրդ դրամ և այդ ցուցանիշի հետ համեմատ աճել է 37.1 մլրդ. դրամով կամ 21.3%-ով:

2021թ. ընթացքում հավանության է արժանացել 38 համայնքի կողմից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ 86 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 114 մլն դրամ:

Այնուհետև համապատասխան ոլորտի մասնագետները ներկայացրին ապօրինի շինությունների օրինականացման, իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter