HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ֆիննախն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտները հարկել ակցիզային հարկով

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ակցիզային հարկով հարկել էլեկտրոնային ծխախոտի արտադրանքները, ինչպես նաև այն դասել դրոշմավորման ենթակա ապրանքների շարքին։ Ֆիննախն առաջարկում է նաև բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը։ «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող հարկային օրենսդրությամբ՝ ծխախոտային արտադրանքը, այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարներն ու սիգարելաները, հարկվում են ակցիզային հարկով։ Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2005թ․ ապրիլի 28-ի որոշման համաձայն՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչ է համարվում ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդը, որը չի պարունակում ծխախոտաբույսեր։

Այժմ ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և էլեկտրոնային ծխախոտը նույնպես համարել ծխախոտային արտադրանք։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ակցիզային հարկով չհարկելու հետևանքով անհա­վա­սար մրցակ­­ցային պայմաններ են ստեղծվում էլեկտրոնային ծխախոտները ներմուծողների և ծխախոտի արտադրանք արտադ­րող և ներմուծող այլ տնտեսավարող սուբյեկտների միջև:

Ֆիննախն ընդգծում է, որ էլեկ­տրոնային ծխա­խոտի արտադրանքն ակցիզային հարկով չհարկելու արդյունքում նաև նվազում են այլ ծխախոտային արտադրանքների սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետա­­կան բյու­ջեի եկամուտների կրճատման:

Ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է էլեկ­տրոնային ծխախոտը հարկել ակցի­զային հարկով՝ 2022 թվականի ընթացքում 1 միլիլիտրը 100 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 1 միլիլիտրը 115 դրամ դրույքաչափով: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտները կդասվեն դրոշ­մապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների շարքին: 

Մյուս փոփոխությամբ՝ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 50 տոկոսով բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխա­խո­տի արտադրանքի համար 2023 թվականի ակցիզային հարկի դրույքաչափը՝ նպատակ ունենալով առաջիկա 5 տարիների ընթաց­­քում մոտեցնել սովորական ծխախոտի արտադրանքի և IQOS-ի ակցիզային հարկի դրույքաչափերը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ IQOS-ը 2019 թվականին համարվում էր նոր ապրանքա­­տեսակ և այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելուն չխոչընդոտելու նպատա­կով որոշվել էր այս ապրանքատեսակի մասով ցուցաբերել ծխախոտի արտադրանքի մյուս բոլոր տեսակ­ների հարկման մոտեցումներից տարբերվող մոտեցում, սակայն ֆիննախի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցած երկու տարիների ընթացքում էականորեն աճել են IQOS տեխնոլոգիայով ծխա­խո­տի արտադրանքի ներմուծման ծավալները՝ հասնելով տարեկան 1 մլրդ հատիկի, և ֆիննախն այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելու խնդիրը լուծված է համարում։ Ուստի այս ամենով պայմանավորված՝ անհրաժետշություն է առաջացել սովորական ծխախոտի արտադրանքի և IQOS-ի ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնել իրար։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա հաստատվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter