HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառը» դատի է տվել Վայոց ձորի ամենամեծ վարձակալին՝ նախկին մարզպետի ընտանիքին պատկանող ընկերությանը

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան՝ ընդդեմ «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ՀՁ ՍՊԸ-ի։ «Հայանտառ»-ը պահանջում է լուծել անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման պայմանագիրը` հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի որոշումը։ Այս որոշմամբ Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր մեկ այլ՝ 2004թ․ հունիսի 10-ի որոշումը, որով 2895 հա տարածք՝ Եղեգիսի կիրճից 2400 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկությանը։

Հիշեցնենք, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը նույն՝ 2004-ին հիմնադրել էր այդ ժամանակ ԱԺ պատգամավոր (2003-2007թթ), այնուհետև Վայոց ձորի մարզպետ (2007-2010թթ.) նշանակված Վարդգես Մաթևոսյանը, ով սրտի կաթվածից մահացավ 2010թ.-ին: Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: Մարզպետի մահից հետո նրա ընկերության բաժնեմասն անցել է ընտանիքին՝ կնոջը՝ Անահիտ Հակոբյանին, 62,5 %, որդիներին և դստերը՝ ԱրմենԱրսեն և Նելլի Մաթևոսյաններին՝ հավասարապես 12,5-ական %: Ընկերության տնօրենը Արսեն Մաթևոսյանն է:

«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ՀՁ ՍՊԸ-ն «Հայանտառի» խոշոր վարձակալն էր։ Եղեգիսի կիրճից 2400 հեկտարը և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտարն ընկերությանը տրամադրվել էր կենդանիների վերարտադրելու, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի նպատակով։ Կառավարության 2004թ․-ի նույն որոշմամբ ընկերությանը թույլատրվել էր նաև նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս, այդ թվում՝ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի հետ գիտական համագործակցության շրջանակներում նախատեսված տարածքներում համալիր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետևյալ տեսակները` բեզոարյան այծ` մինչև 5 կենդանի, հայկական մուֆլոն` մինչև 5 կենդանի, արջ` մինչև 2 կենդանի:

«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ՀՁ ՍՊԸ-ին «Հետք»-ն անդրադարձել է 2008-ին, երբ վերջինս բեզոարյան այծերի որսեր էր կազմակերպում:

Վայոց Ձորի անտառտնտեսության աշխատակիցները, անտառների վարձակալների մեր հետաքննությունների շրջանակում մեզ պատմել էին, որ տարածքում այլևս ոչինչ չի կատարվում:

Մինչդեռ համացանցում պարբերաբար այդ տարածքներում որսի տեսանյութեր և տեղեկություններ են հայտնվել:

Բնապահպանության նախարարությունը, դրանց անդրադառնալիս, նշել էր, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ -ն ըստ կարգի վերոհիշյալ տարիների ընթացքում լրացրել է կենդանիների հաշվառման ամենամյա մատյանները, ինչը պարբերաբար ստուգվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մոնիթորինգների ժամանակ: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ ընկերության հաշվետվության, տարածքում առկա է եղել մի քանի տասնյակ երկրորդ սերնդի բեզոարյան այծ և մուֆլոն, ինչը թույլ է տալիս ընկերությանը իրականացնել երկրորդ սերնդի կենսունակ առանձնյակների որս:

Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը «Հայանտառի» հայցը վարույթ է ընդունել, և գործով առայժմ կայացել է դատական մեկ նիստ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter