
Արարատ Միրզոյան. «Վնասված գազատարի տեղանքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է»
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գործի է դրել բոլոր ջանքերը Արցախում դադարեցված գազամատակարարման հարցով: Այս մասին նա ասել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Արցախում մարտի 11-ից խափանված գազամատակարարումից հետո այն վերականգնվել էր մարտի 19-ին, և կրկին խափանվել նույն օրը՝ ուշ երեկոյան:
«Ինչպես առաջին անգամ խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ անգամ մենք անմիջապես գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը: Պարբերական կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, վթարը կամ այս դեպքում պարզ չէ ինչպես անվանել այն…Վնասված տեղանքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և առաջին իսկ կապը մեր իրենց հետ է, նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»,- ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով` նոտա է հղվել բոլոր միջազգային գործընկերներին, ու արձագանքներ արդեն կան: ԱԳ նախարարի ներկայացմամբ` թե՛ ութօրյա գազամատակարարման դադարեցման ընթացքում, թե՛ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հետ:
«Արդեն արձագանքները տեսնում ենք, նաև մեր ջանքերի արդյունքում են այդ արձագանքները, բայց ցավոք սրտի, տեղում այդ հարցը դեռ լուծված չէ»,- ասաց նա:
Մեկնաբանել