HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը»․ Փաշինյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Արդեն 3 օր Արցախի քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության հետևանքով։ Այս մասին Կառավարության մարտի 24-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարվող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և, ի վերջո, ինքը նորոգեց։ Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական։ Եվ ահա մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին՝ առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Նա առանձնակի ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում։

«Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն է տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել։ Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների ռեկորդը գերազանցվել էր, և ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1.5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մեկ մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան։ Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից։ Սա բավարար է` հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես։ Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ Արցախի հիմնախնդրի նկարագրություն է։ Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց՝ սեփական հայրենիքում ապրելը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում․ «Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։ Այս իմաստով խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցն Ադրբեջանի ներքին գործն է։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այս կողմ մի՛ նայեք և թո՛ւյլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախն էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը»։

Վարչապետը նշեց, որ նման բան տեղի ունենալ չի կարող և պետք է Արցախում կատարվողը ներկայացնել միջազգային հանրությանը։ Փաշինյանի պնդմամբ՝ Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, սակայն այն այլընտրանք չունի։

«Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահելու՝ իր քաղաքականությունը կյանքի կոչել, բայց մենք չպետք է տրվենք այդ սադրանքներին»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ (2)

Steve
You have absolutely no "right" to comment about Artsakh. You have already done the damage. Just go away.
Edward
You already did cave in multiple times.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter