
«Պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար». խաղաղ հավաք Ստեփանակերտում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բժշկական կենտրոնի մոտ այսօր` մարտի 24-ին խաղաղ հավաք է տեղի ունեցել` իբրեւ բողոքի նշան Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։
Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է: Ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք կանք եւ ուզում ենք խաղաղություն մեր հայրենիքում՝ մեր երեխաների համար»,-նշված էր հավաքի մասին նախօրեին տարածված հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել