HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Մոնտենեգրոյին

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1։0 հաշվով պարտության մատնեց Մոնտենեգրոյի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ Հայաստանի հավաքականի խաղային առավելությամբ, չնայած որ թիմերը հավասար էին տիրում գնդակին։ Հենց մեկնարկային րոպեներից մեր ընտրանու խաղացողները նետվեցին գրոհների՝ ճնշում գործադրելով մրցակցի դարպասին։ Եվ արդյունքում, հանդիպման 19-րդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Էրիկ Վարդանյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալ փոխանցումից և մեկ հպումով հարվածային դիրք դուրս բերեց Վահան Բիչախչյանին, որն էլ պտտեցրած գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի ստորին ձախ անկյունը։ 

Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին մեր ընտրանին լավ հնարավորություն ուներ հաշիվը կրկնապատկելու, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Էդուարդ Սպերցյանի հարվածը Մոնտենեգրոյի հավաքականի դարպասապահը հետ մղեց։ 74-րդ րոպեին Սպերցյանը ևս մեկ շանս ուներ, նա պատ խաղալով Տիգրան Բարսեղյանի հետ, դուրս եկավ հարվածային դիրք, սակայն հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ դարպասապահի ձեռքերի մեջ։

83-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով։ Կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց մեր ընտրանու կազմում իր նորամուտը նշող կենտրոնական պաշտպան, 19-ամյա Ստեփան Մկրտչյանը։ Սակայն Մոնտենեգրոյի հավաքականի խաղացողները մնացած ժամանակահատվածում չկարողացան օգտվել թվային առավելությունից և Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 1։0 հաշվով։

Հիշեցնենք՝ մի քանի օր անց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի։ Մարտի 29-ին մեր ընտրանին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կհյուրընկալվի Նորվեգայի հավաքականին։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter