HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանի գործողությունները Արցախի լիակատար հայաթափման քաղաքականություն է». ԱՀ ԱԳՆ

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Արցախի ԱԳՆ այս մասով հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։

«Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են, քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով:

- Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին:

- Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ»,-նշված է ԱԳՆ հայտարարության  մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter