HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ-երկու ամսից դեղերի շուկայում կլինի օրինական ներկրված դեղորայքի պակաս». «Լևոն և Լամարա» ընկերության տնօրեն

Օրերս «Հետք»-ը հրապարակել էր «Վագա-Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանի դիտարկումները դեղերի շուկայի վերաբերյալ, որին արձագանքել են մի շարք դեղագործական ընկերություններ և պաշտոնական ներկայացուցիչներ։ Ներկայացնում ենք «Լևոն և Լամարա» ընկերության տնօրեն Գեղամ Մոսինյանի տեսակետը, որն անդրադարձել է չգրանցված դեղերի ներկրմանն ու ներկայացրել «կոռուպցիոն սխեմաների» վերացման առաջարկ։

Առաջիկայում կհրապարակենք նաև ոլորտի վերաբերյալ այլ տեսակետներ։

Պետք է շտապ կարգով ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ համարել ՀՀ-ում ընդունելի Ռուսաստանում գրանցված, ԵԱՏՄ-ում գրանցված, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ գրանցված և ԱՄՆ-ում գրանցված բոլոր դեղերը: Քանի որ դեղ արտադրող գործարանները, որպես կանոն, ասում են, որ ՀՀ-ում չեն նախատեսում դեղ գրանցել և նույնիսկ վերագրանցել, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, և մեզ մոտ պետք է ընդունելի լինեն ԵԱՏՄ դեղերի ռեգիստրում և Ռուսաստանում գրանցված դեղերը:

Այսպիսով՝ ՀՀ-ում նախկինում գրանցված դեղերը արդեն սկսել են չվերագրանցվել, ու եթե դեռ շատ չի զգացվում գրանցված դեղերի պակաս, քանի որ քովիդի և պատերազմի պատճառով ՀՀ-ն ժամանակավորապես թույլատրեց նաև ՀՀ-ում չգրանցված դեղերի ներկրումը, ապա մեկ-երկու ամսից հիմնականում դեղերի շուկայում կլինի օրինական ներկրված դեղորայքի պակաս, իսկ դեղորայքը կսկսի գալ անօրինական ճանապարհներով, որը կբերի.

1. դեղի որակի անվերահսկելիության,

2. դեղի շուկայից մեր երկրի հավաքագրած եկամուտների կտրուկ կրճատման,

3. գործարարների դեպքում` արդար աշխատելաոճից նորից անօրինական աշխատելաոճի վերականգնմանը,

4. դեղատները նորից հիմնականում կմտցնի չգրանցված դեղ վաճառող կետերի սկզբունքի մեջ և այլն: ԱՆ-ի այն պնդմանը, թե իբր միայն գրանցված դեղորայքների ներկրումն է ապահովում դեղորայքի որակի վերահսկումը, հավատում են միան ԱՆ-ում, այն էլ, համոզված եմ, դժվարությամբ: Իսկ ինչպես է այդ ամենն իրականում, պատրաստ եմ ներկայացնել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

Այս դեպքում կվերանան շատ կոռուպցիոն սխեմաներ, որոնցից մի քանիսը և դրանցից բխող չլուծվող խնդիրները կներկայացնեմ ստորև.

ՀՀ-ում դեղատները պարտավոր են հակաբիոտիկները և այլ որոշակի տիպի դեղեր բաց թողնել դեղատներից միայն դեղատոմսի առկայության դեպքում: Դեղատոմսեր, իհարկե, չեն գրում բժիշկները, այլ դրա փոխարեն տարբեր տեսակի հասարակ կամ ուղղորդող թղթերի վրա նշում են այն դեղերը, որոնք պետք է ընդունի պացիենտը` բուժվելու հույս ունենալով: Այդ թղթերի վրայի նշած դեղերը վաճառելը առաջացնում է տույժ դեղատների համար, բայց … դեղատները, իհարկե, կատարում են այդ վաճառքները, քանի որ դեղի վաճառքի հիմնական նպատակը հիվանդին օգնություն տալն է, այլ ոչ թե տարբեր թղթերի ստուգման գործառույթը իրականացնելն է: Տուգանք ստանալուց հետո մենք, իմանալով, որ ԱՆ-ն կամ բուժհիմնարկի տնօրենը չի տրամադրում դեղատոմսեր բժիշկներին (թեկուզ գոյություն ունի օրենքով հաստատված դեղատոմսի բլանկներ, բայց այդ բլանկները բժիշկներին ոչ մեկ չի տրամադրում), մեր հաշվին տպագրեցինք ՀՀ-ում հաստատված ձևի դեղատոմսի դատարկ և ոչ մի դեղի կամ դեղատան վրա չուղղորդող բլանկներ ու մեր հաշվին սկսեցինք տրամադրել բժիշկներին անվճար, բայց … բժիշկները հիմնականում չհամաձայնեցին: Նորից կարծեցինք, որ դա իրենց ղեկավարության կամայականությունը կարող է լինել, բայց հարցուփորձ անելուց հետո ստանում էինք հետևյալ պատասխանը` ես ոնց կարող եմ այդ դեղերը դեղատոմսում գրել, եթե դրանք բուժման սխեմայում կամ չկան, կամ հակասում են:

Ստացվում է, որ մեր այն կասկածները, որ հիմնականում բժիշկները՝ ոչ բոլորը (կան նաև մոտ 1-2%-ը միայն բուժման սխեմաներով են առաջնորդվում) նշանակումներ են կատարում այնպիսի դեղեր, որոնք կամ վնասելու են պացիենտին կամ, լավագույն դեպքում, ուղղակի ավելի չեն վնասելու և այդ ամենի պատճառն այն է, որ դեղագործական ֆիրմաների ներկայացուցիչներն իրենց դեղերի լավ վաճառքի համար բժիշկներին տարբեր սխեմաներով շահագրգռում են: Կան պարզ սխեմաներ՝ տալիս են առձեռն գումար կամ կուտակային քարտ առևտուր անելու համար, արժեքավոր նվերներ, Կան մի քիչ ավելի բարդ սխեմաներ՝ որոնցից են աշխատասենյակի կամ բուժհաստատության վերանորոգումը, կահավորումը, օրգտեխնիկայի թարմացումը, կան մի թեթև ավելի բարդ սխեմաներ Հայաստանում կամ արտասահմանում իբր սեմինարների մասնակցությունը, որը զուգորդվում է հանգստի կազմակերպումով, ավիատոմսերով և այլն, կան մի քիչ ավելի բարդ սխեմաներ, որոնցով բժիշկներին վճար է տրվում իբր տարբեր իմաստավորված կամ անիմաստ հետազոտություններում մասնակցություն ունենալու կամ դրանց մասին մասնագիտական կարծիք կազմելու համար: 

Կան շատ այլ սխեմաներ, որոնց դեմ հնարավոր է պայքարել, բայց հաղթել` ոչ, քանի որ հիմքը ֆինանսավորման աղբյուրն է, որի դեմ ոչ մի` երևացող կամ շոշափելի պայքար չի իրականացվում: Իսկ ֆինանսավորման աղբյուրը հենց դեղերի գրանցման և զուգահեռ ներկրման խոչընդոտման ինստիտուտն է: Երբ կատարվում է դեղի գրանցումը ցանկացած երկրում, ապա արտադրող կազմակերպության կողմից որոշվում է նաև այդ երկրում դեղի վաճառքի արժեքը, որը կազմված է բուն դեղի ինքնարժեքից, նախատեսվող շահույթից, փաթեթավորման, լոգիստիկայի, մաքսազերծման, պահպանման, գումարի հավաքագրման, բժիշկների քանակի, բժիշկների որակի (ախորժակի), բժիշկների հետ աշխատող անձնակազմի (բժշկական ներկայացուցիչների), գրանցման ֆորմալ, լրացուցիչ և ոչ ֆորմալ արժեքներից: Այսպիսով, ինչքան երկրի շուկան փոքր է դեղի միավորի արժեքը այդ երկրի համար ստացվում է ավելի թանկ: Եվ որպեսզի հնարավոր լինի դեղը մաքսիմալ թանկ վաճառել, որպեսզի այդ բոլոր ծախսերը հնարավոր լինի կատարել, կատարվում է լոբբինգ ԱՆ-ում կամ այլ որոշումներ ու կարգավորումներ ընդունող լիազոր մարմնում, որպեսզի դեղերի ներկրման վրա ավելի խիստ վերահսկողություն սահմանվի:

Վերը նկարագրված սխեման ընդհանուր է բոլոր երկրների համար և այդ պատճառով կատարվում է համապատասխան պայքար այդ սխեմայի դեմ, կամ չի կատարվում՝ կախված կոնկրետ երկրի քաղաքականությունից:

Անկախ ՀՀ-ում գրանցված լինելուց, դեղերի ներկրման մաքսիմալ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ազատականացումը ԵԱՏՄ երկրներից, ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ երկրներից և ԱՄՆ-ից, որտեղ անհամեմատ ավելի բարձր խստությամբ են կատարում դեղերի ստուգումները մեր երկիր դեղերի ներկրման մասով անվտանգությունը շատ ավելի կբարձրացնի, քան այն դեղերը, որոնք ներկրվում են ՀՀ-ում ուղղակի գրանցված լինելու հիմքով.

  • կվերացնի կամ հնարավոր մինիմումի կհասցնեն կասկածելի սխեմաներով բժիշկների կողմից ավելորդ և աննպատակ դեղերի նշանակումները
  • բժիշկները արդեն մոտիվացված չեն լինի բոյկոտելու դեղատոմսեր լրացնելը
  • դեղատները չեն տուգանվի առանց դեղատոմսի դեղ վաճառելու համար
  • բժիշկների քանակը կպակասի, քանի որ արդեն կմնան միայն իրական բժիշկները, որոնք նվիրված են իրենց գործին և ունեն բարձր կվալիֆիկացիա, դրանով իսկ հնարավորություն կլինի նրանց աշխատավարձերը ամենաքիչը եռապատկել
  • բժշկական համալսարանները արդեն ստիպված կարտադրեն (կսովորեցնեն) ավելի բարձր կվալիֆիկացիա ունեցող բժիշկների, քանի որ ուղղակի փողով դեղ նշանակելու համար բժիշկներ պետք չեն լինի
  • դեղերի շուկան դուրս չի գա վերահսկողությունից, և համապատասխան հարկեր չեն թաքցվի։

    Գեղամ Մոսինյան, Լևոն և Լամարա ՍՊԸ-ի տնօրեն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter