HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրանցիներն ավելի են հետաքրքրված Հայաստանում ներդրումներ անելով, սակայն դեռ անցյալի խոչընդոտներ կան»

Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլին, նշում է, որ դրանք միշտ քննարկվել կամ գնահատվել են երեք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային։ Քաղաքական հարաբերությունները միշտ բարձր են գնահատվել, դրանք, ըստ Բեգլարյանի, եղել են լիարժեք եւ դրական ու ներկայում էլ նույն կերպ են որակվում։

Մշակութային ասպարեզում գնահատականը եւս դրական է եղել։ Մշակութային կապերին, միմյանց մշակույթներին ծանոթանալուն օգնում է նաեւ զբոսաշրջությունը, որը, բնականաբար, ունի նաեւ տնտեսական բաղադրիչ։

Ռ․ Բելգարյանի բնորոշմամբ՝ չնայած տնտեսական առումով երկու երկրների հարաբերությունները զարգացել են ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի, շինարարության ուղղությամբ, այդ կապերը միշտ որակվել են որպես համապատասխան պոտենցիալը չիրականացնող։

Հայազգի գործչի դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկած տարածաշրջանային վայրիվերումների եւ Հայաստանի՝ Թուրքիայից ապրանքներ ներմուծելու սահմանափակումների ֆոնին Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները որոշակի թափ ստացան։ Վերջին 10 ամսվա ընթացքում, ըստ Բեգլարյանի, երկու երկրների առեւտրաշրջանառությունն անցել է 530 մլն դոլարը։ «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ այս պայմաններում երկու կողմերի համար ուղենիշը 1 մլրդ դոլարի հասնելն է։ «Իրանցիներն ավելի են հետաքրքրված Հայաստանում ներդրումներ անելով, սակայն դեռ անցյալի խոչընդոտներ կան»,- ասում է Մեջլիսի հայ պատգամավորը։

Ռոբերտ Բեգլարյանը նկատի ունի այն, որ դեռ լուրջ հետազոտություն չի արվել՝ հասկանալու համար անցյալի բացթողումներն ու խնդիրները։ Հավելում է, որ վերջին ժամանակաշրջանում Իրանի արդյունաբերության նախարարը հստակ խնդիրներ էր առաջադրել, մասնավորապես՝ իրանական բեռնատարների ավելի հեշտ մուտքը Հայաստան, եւ հակառակը՝ հայկական մեքենաների անցումն Իրան։ Այս եւ մաքսային կարգավորումներին վերաբերող այլ հարցեր օրակարգային են։

Կապանում եւ Թավրիզում գլխավոր հյուպատոսություններ ունենալը դրական քայլ է

Իրանը որոշել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել, իսկ Հայաստանը քննարկում է Թավրիզում նույնն անելու հարցը։ Հարցին, թե արդյոք Իրանի նախաձեռնությունն առնչություն ունի պատերազմից հետո Սյունիքի դերի արժեւորման հետ, թե, այդուհանդերձ, այդ գաղափարը վաղուց կար, Ռոբերտ Բեգլարյանը պատասխանում է, որ նախկինում էլ միշտ խոսվել է այդ մասին։ Նրա կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված պայմանները շեշտակի դարձրեցին հյուպատոսություններ բացելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելով Իրանի նշանակությունը տարածաշրջանում։

Դիտարկմանը, թե Թավրիզը, լինելով ադրբեջանցիներով բնակեցված տարածաշրջանային կենտրոն, կարող է արդյոք դառնալ ՀՀ գլխավոր հյուպատոսության տեղակայման վայր, եւ արդյոք դրա ընտրությունը պայմանավորված է Հայաստանի սահմանին մոտ գտնվելով, իրանահայ պատգամավորը նշում է, որ հիմա որոշ վերապահումներ կան ոմանց մոտ՝ հաշվի առնելով նշված հանգամանքը։ Բայց նա դրական է համարում հյուպատոսությունների երկուստեք բացումը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ պետք է նկատի ունենալ, որ Մեղրու դիմաց՝ Արաքսի մյուս ափին, իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտին է, որը կարող է նպաստել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Թավրիզը, ըստ Բեգլարյանի, կարեւոր քաղաք է, Արեւելյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի կենտրոնն է եւ տնտեսապես բավականին զարգացած է։ Մյուս կողմից՝ եթե երկու երկրների հարաբերությունները երկուստեք նոր փուլ արձանագրեն, ապա, Ռոբերտ Բեգլարյանի կարծիքով, տնտեսականը կողմը դրա կարեւոր մասն է դառնալու։ Սակայն դա, մեր զրուցակցի փոխանցմամբ, երկար ժամանակ է պահանջելու։

Իրան-Ադրբեջան «միջանցքային» հուշագրի մասին

Ադրբեջանը եւ Իրանը «Արեւելյան Զանգեզուրի» եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել։ Արդյոք սա այլընտրանք է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որը, ըստ էության, տապալվեց։ Իրանի Մեջլիսի պատգամավորն ասում է, որ դեռ վաղ է վերջնական որեւէ բան ասել, բայց նշում է, որ Իրանում մասնագետներ կան, որոնք հոդվածներ են գրում այն մասին, որ Ադրբեջանը համակերպվել է տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական դասավորումների հետ։ Հայազգի գործչի փոխանցմամբ՝ քանի որ Իրանն էլ փորձում է ունենալ իր այլընտրանքային ճանապարհները, տարածաշրջանում վերահսկողությունն ու դերակատարումը բազմակողմանի դարձնել, բնական կարող են լինել նման գործարքները կամ մոտեցումները։

Նրա կարծիքով՝ մենք պետք է կենտրոնանանք Իրան-Հայաստան անմիջական շահերի վրա, երկու կողմերի պաշտոնյաների ավելի հաճախակի հանդիպումներ կազմակերպենք եւ խոսքից գործնականի անցնենք։ Պետք է դիտարկել տնտեսական եւ անվտանգային հարցերը, դրանց հեռանկարներն ու օրըստօրե զարգացումը, ինչն արագ պիտի արվի։  

«Նախկինում միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ երբ Իրանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանը կարմիր գիծ է, դրանով նկատի է ունեցել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ Սյունիքի իրավիճակը, տոպոգրաֆիկ խնդիրները։ Իրան-Հայաստան սահման ասելով՝ հատկապես պետք է Սյունիքը նկատի ունենալ, հետեւաբար, պետք է ներդրումները զարգացնել հատկապես այդ շրջանում»,- ասում է պատգամավորը։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին

Մեր հարցին, թե Պարսից ծոցը Ֆինլանդիային կապող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքն ինչ նշանակություն ունի Իրանի համար, արդյոք այդ երկիրը որպես միջանցքի հիմնական ուղղություն դիտարկում է Հայաստանը, մասնավորապես՝ Սյունիքը, թե, ամեն դեպքում, Թեհրանի համար հիմնական տարբերակը Ադրբեջանի տարածքով տարանցումն է, Ռոբերտ Բեգլարյանը պատասխանում է, որ Իրանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներն այն ուղղությամբ են գնում, որ պաշտոնական Թեհրանը պետք է զարգացնի իր տարանցիկ հնարավորություններն ուրիշ տնտեսական բնագավառներին զուգահեռ։ Նա նշում է, որ նման ճանապարհներն ունեն իրենց կարեւորագույն դերակատարումը, սակայն Իրանը, ելնելով իր հնարավորություններից, աշխարհագրական դիրքից, բնականաբար, կփորձի այլընտրանքները չսահմանափակել։ «Իրանը հնարավորինս կփորձի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից ճանապարհները զարգացնել տարբեր ուղղություններով։ Անշուշտ, Սյունիքի ճանապարհը, դժվարություններով հանդերձ, իր կարեւոր դերն ունի, եւ եթե համապատասխան ենթակառուցվածքները զարգացնեն, այդ ուղղության դրական ազդեցությունը կարելի է միշտ թարմ պահել»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Լուսանկարը՝ Ռ․ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter