
Պատմության ուսուցչի գործով առանցքային վկան հետաքննության մարմնի աշխատակից է. նրա հարցաքննությունը դադարեցվել է
Երևանի թիվ 129 դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով այսօր դատարանում պետք է ցուցմունք տար ոստիկանը, որը ներբեռնել է ուսուցչի վարած դասի ձայնագրությունը: Վկան, սակայն, դատարանին հայտնել է, որ հետաքննության մարմնի ներկայացուցիչ է, և այդ պայմաններում դատարանը դադարեցրել է վկայի հարցաքննությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնք չեն կարող քրեական գործով որպես վկա հարցաքննվել: Ըստ այդ հոդվածի՝ ի թիվս այլ անձանց, որպես վկա չի կարող կանչվել և հարցաքննվել նաև հետաքննության մարմնի աշխատակիցը՝ կապված այն քրեական գործի հետ, որում իրականացրել է իր դատավարական լիազորությունը:
Հատկանշական է, որ չնայած օրենսդրական այս արգելքի առկայությանը՝ վկան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որն առկա է գործում: Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ չի հիշում՝ որտեղից է ներբեռնել ձայնագրությունը:
Պաշտպանն ասաց, որ ապացույցների հետազոտության փուլն ավարտելուց հետո միջնորդելու է ձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչել, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտված աղբյուրից: Ձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելն, ըստ Մելիքյանի, իր հերթին հանգեցնում է դրանից բխող այլ ապացույցների անթույլատրելիության, հետևաբար միջնորդելու է դրանք ևս ճանաչել անթույլատրելի:
Հիշեցնենք, որ ուսուցչին մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուքում»: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել: Գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Մեկնաբանել