HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 31 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 27-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:11

Նոր կադրեր Լվովի հրթիռակոծությունից։

22:00

⚡️Ջո Բայդեն. Մենք Կրեմլին առաջարկել էին իրավիճակի կարգավորման իրական առաջարկներ, բայց Կրեմլը դրանք բոլորը մերժեց։ Մենք զգուշացնում էին, որ նրանք կներխուժեն, բայց նրանք ասում էին։ «Ոչ, դրանք միայն զորավարժություններ են, մենք չենք պատրաստվում հարձակվել»։

21:58

⚡️Ջո Բայդեն. Ռուսաստանցի օլիգարխներն այս պատերազմի ճարտարապետներն են։ Մենք նրանցից ամեն ինչ վերցրել ենք։

21:56

⚡️Ջո Բայդեն. Բռնապետը, որը ցանկանում է վերակենդանացնել վաղուց մեռած կայսրությունը, երբևէ դրան չի կարող հասնել։ Ազատ մարդիկ դրան երբեք չեն աջակցի։ Ազատ մարդիկ հրաժարվում են ապրել մի աշխարհում, որտեղ իշխում է խավարը։ Մենք ձգտում ենք լույսին, ժողովրդավարությանը, հնարավորությունների ազատությանը։ Այդ մարդը չի կարող մնալ իշխանությանը։ Աստված օրհնիր մեր պաշտպաններին ու մեր ազատությունը։

21:53

⚡️Ջո Բայդեն. Եվրոպան պետք է ազատվի ռուսական էներգակիրներից։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել։

21:50

⚡️Ջո Բայդեն. Արևմուտքը պետք է պատրաստվի ժողովրդավարության և բռնապետության միջև սպասվող երկարատև պայքարին։

21:48

⚡️Ջո Բայդեն. Պնդումները, թե ՆԱՏՕ-ն ձգտում է ապակայունացնել Ռուսաստանը, չի համապատասխանում իրականությանը։ Դա զուտ պաշտպանական դաշինք է։

21:47

⚡️Ջո Բայդեն. Պուտին ասաց, որ ցանկանում է ապանացիֆիկացնել Ուկրաինան։ Դա ցինիկ սուտ է, նա ցանկանում է Զելենսկուն տապալել։ Նա հրեա է, որն օրինական ընտրվել է, նրա պապը պայքարել է Նացիստական Գերմանիայի դեմ։

21:46

⚡️Ջո Բայդեն. Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին։

21:45

⚡️Ջո Բայդեն. Մեկ դոլարը հիմա կազմում է մոտ 200 ռուբլի։

21:44

⚡️Ջո Բայդեն. ԱՄՆ զորքերը Եվրոպայում են ոչ այն պատճառով, որ մարտական գործողությունների մեջ մտնեն ՌԴ զինված ուժերի հետ։

21:43

⚡️Ջո Բայդեն. Ռուսաստանցիները մեր թշնամիները չեն։

21:42

⚡️Ջո Բայդեն. Ռուսական ժողովուրդ, դեռ երեկ ձեր երկիրը 21-րդ դարի երկիր էր, իսկ հիմա Պուտինի ագրեսիան Ռուսաստանին հետ է շպրտել 19-րդ դար։

21:31

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ երեկոյան տեղեկագիրը

  • Սեփական զինված ուժերի կորուստների համալրման համար ՌԴ-ն գաղտնի զորահավաք է իրականացնում և երկարատև պահպանումից հանում տեխնիկան։ Ըստ առկա տվյալների՝ երկարատև պահպանումից հանվել են T-72 տանկեր, որոնք գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում։
  • ՌԴ բանակը շարունակում է ակտիվորեն կիրառել Բելառուսի տրանսպորտային ցանցը։ Մեծանում է ՌԴ-ից ռազմական բեռների օդային փոխադրումների թիվը։
  • Ժամանակավոր զբաղեցրած տարածքներում հակառակորդը շարունակում է մեծացնել անցակետերի թիվը՝ տեղական բնակչության տեղաշարժը խոչընդոտելու համար։
  • Կիևի մարզի տարածքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձում են ներթափանցել մայրաքաղաք։ Դիվերսանտները հագնում են քաղաքացիական հագուստ և կիրառում քաղաքացիական բնակչությունից գողացված ավտոմեքենաները։

21:19

ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական ՀՕՊ միջոցները Ստարայա Բասան բնակավայրի վրա խոցել են ուկրաինական Ми-24 ուղղաթիռ։
  • Մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ, այդ թվում հրամանատարարական երկու կետ և ՌԷՊ երկու կայան։
  • ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական չորս անօդաչու, որոնցից մեկը Սև ծովի օդային տարածքով մոտեցել էր Սևաստոպոլին։

21:15

Լվովի հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ, վնասվել է նավթաբազան

Ռուսական բանակի հրթիռային երկու հարվածների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Թիրախը եղել է Լվովի արվարձաններում գտնվող նավթաբազան։

Սա առաջին դեպքը չէ, որ ռուսական հրթիռակոծման թիրախ են դառնում վառելիքային պահեստները։

21:08

ՄԱԿ-ը նոր տվյալներ է հրապարակել զոհերի վերաբերյալ։

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 1 106 խաղաղ բնակիչ, այդ թվում 96 երեխա:

  • Պատերազմի մեկնարկի պահին Դոնեցկի և Լուգանսկի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 295 մարդ, վիրավորվել՝ 681-ը։
  • Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 59 մարդ, վիրավորվել՝ 227-ը։
  • Ուկրաինայի մնացած հատվածներում զոհվել է 750 մարդ, վիրավորվել՝ 846-ը։

ՄԱԿ-ում ընդգծում են, որ հավանական է, որ զոհերի իրական թիվն անհամեմատ մեծ է, քանի որ հակամարտության գոտուց տվյալներն ստացվում են ուշացումով։

20:25

Իտալական պետական RAI հեռուստաընկերությունը կվերականգնի իր մոսկովյան թղթակցության աշխատանքը։

RAI-ն արևմտյան բազմաթիվ լրատվամիջոցների հետ միասին մարտի սկզբին կանգնեցրել էր իր աշխատանքը Ռուսաստանում, ինչ պայմանավորված էր հայտնի ֆեյքերի մասին օրենքով, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ռուսական պաշտոնական դիրքորոշումից տարբերվող տեղեկատվություն հրապարակելու համար։

19:41

Դմիտրի Պեսկովն օպերատիվ կերպով արձագանքել է Պուտինի վերաբերյալ Բայդենի հայտարարությանը։

  • Պուտինի հասցեին նոր վիրավորանքն էլ ավելի է նեղացրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը։
  • Տարօրինակ է լսել մեղադրանքներ մի մարդուց, որը կոչ է արել ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց։

19:26

Ուկրաինացի փախստականների հետ հանդիպման ժամանակ Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել։

19:17

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ։

19:15

Լվովի իշխանությունները հայտնել են երեք հզոր պայթյունի մասին։

19:13

Հրթիռ Լվովի վրա։

19:11

 Նախնական տվյալներով՝ Լվովում հարվածներ են հասցվել նավթաբազային։

19:01

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան պատմել է Վարշավայում Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքների մասին

  • Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը կփոխի 21-րդ դարի պատմությունը։ Համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ այդ փոփոխությունը լինի ձեզ հետ միասին մեր օգտին՝ Ուկրաինայի օգտին, ազատ աշխարհի օգտին։
  • ԱՄՆ-ն անշուշտ ամեն ինչում կլինի Ուկրաինայի հետ։ Ոչինչ չի ստիպի ԱՄՆ-ին թուլացնել Ուկրաինային աջակցությունը։
  • Բայդենը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ արտահայտել են իրենց հիացմունքն ուկրաինացիների արիության վերաբերյալ։

18:46

Լվովում հայտարարվել է օդային տագնապ։ Հնչել են մի քանի պայթյուններ։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։

18:25

⚡️Խերսոնում ՌԴ զինված ուժերը պատրաստվում են հայերին, ադրբեջանցիներին ու մեսխեթցի թուրքերին տեղահանել Ղրիմ։

Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ 

«Առկա տվյալների համաձայն՝ ռուսական զորքերը պլանավորել են ցուցադրական ակցիա կազմակերպել։ Պատրաստվում են Խերսոնից ստիպողաբար դեպի բռնազավթված ուկրաինական Ղրիմ տեղահանել էթնիկ հայերին, ադրբեջանցիներին և մեսխեթցի թուրքերին»։

18:18

«VK»-ն արգելափակել է նաև The Insider-ի էջը։

18:14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ինֆարկտից հետո Շոյգուի վիճակը վատացել է և նա շարունակում է բուժում ստանալ Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում։

18:08

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության զինծառայողները մեկնել են պատերազմելու Ուկրաինայում

Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Նրանք հիանալի հասկանում են, որ գնում են պաշտպանելու Ռուսաստանը, գնում են պաշտպանելու և Օսիան։ Որովհետև, եթե ֆաշիզմը չճնշվի հեռավոր սահմաններին, վաղն այն կրկին իրեն զգացնել կտա այստեղ՝ մեր Հայրենիքի նկատմամբ»։

17:56

Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Սա ամերիկյան և ուկրաինական կողմերի նման մակարդակով առաջին հանդիպումն է՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Բայդենը Լեհաստան էր ժամանել նախօրեին։ Ինչպես սպասվում է, շաբաթ օրը նա հանդես կգա ելույթով։

17:47

Խերսոնում անջատել են ուկրաինական ռադիոկայանները

Ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած Խերսոնում այլևս հասանելի չեն ուկրաինական ռադիոկայանները։ Այդ մասին հայտնում է Украинская правда-ն։

Պարբերականը, մեջբերելով տեղի բնակիչներին, գրում է, որ եթերում հնչում են միայն ռուսական ռադիոկայանները։ 

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն իր առավոտյան տեղեկագրում հայտնել էր, որ Ռուսաստանը Խերսոնում կենտրոնացրել է ավելի մեծ թվով զորամասեր, որպեսզի «ճնշի բնակիչների դիմադրությունը»։

17:25

«ВКонтакте»-ն արգելափակել է TJournal-ի էջը 

Սոցիալական ցանցի ղեկավարությունը դա բացատրել է ՌԴ գլխավոր դատախազության պահանջով։ Վերջինիս պնդմամբ՝ էջը տարածում էր կեղծ տեղեկատվություն, մասնավորապես «տեղեկատվական նյութեր, իբր, Ուկրաինայի տարածքի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ»։

«ВКонтакте»-ն նաև արգելափակել է Միխայիլ Խոդորկովսկու և Ateo լրատվամիջոցի էջերը։ 

Այդուհանդերձ, այս էջերը հասանելի են այլ երկրներից օգտատերերի համար։

16:55

Չեռնիգովում մնացել է մոտ 120 000 մարդ, այն դեպքում, երբ մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը կազմում էր 280-290 հազար։ Այդ մասին հայտարարել է Չեռնիգովի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն։

Հիշեցնենք, որ դեռ մարտի 10-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևից հեռացել է յուրաքանչյուր երկրորդ բնակիչը։

16:52

Յակուտսկում երկու օր առաջ եղնիկների կիրառմամբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն աջակցող ակցիա է տեղի ունեցել։

16:46

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինծառայողները ռմբակոծել և վնասել են Խարկովի մոտ գտնվող Դրոբիցկի Յար հուշարձանը։

16:34

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զապորոժյեի մարզում ռուսաստանցի զինծառայողներն արգելափակել են Մարիուպոլից դուրս եկած փախստականների ճանապարհը՝ ստեղծելով բազմակիլոմետրանոց խցանում։

Այնտեղ կանգնած են նաև վիրավորներ տեղափոխող շտապ օգնության մեքենաներ։ Խցանման մեջ հայտնված մարդիկ արդեն երկու օր է, ինչ մնում են առանց ուտելիքի և ջրի։ Նման հայտարարություն է արել Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

16:19

Պատերազմից փրկված կենդանիները

Ուկրաինացի գործարար, քաղաքական գործիչ և Խարկովի կենդանաբանական այգու սեփականատեր Ալեքսանդր Ֆելդմանը կենգուրուներին դուրս է հանել Խարկովից։

15:58

Անդրբայկալյան երկրամասի կրթության նախարարությունը դեմ է հանդես եկել դպրոցներում «աղոթքների» պրակտիկային, որն առաջարկել է ներդնել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Մեր ուսումնական հաստատություններն աշխարհիկ են, և հավատքը յուրաքանչյուր անձի ընտրությունն է»,- հայտարարել է երկրամասի կրթության փոխնախարար Նատալյա Շիբանովան։

Մեդինսկին առաջարկել էր մարտի 24-ից դպրոցներում ներդնել «ամենօրյա աղոթք»։ Ընդ որում, ըստ նրա, ինքն ի նկատի ունեցել, ավելի շուտ, հավատարմության երդումը պետական խորհրդանիշներին։ Մեդինսկին առաջարկել էր «հենց հիմա, հենց այսօր» վերցնել ԱՄՆ փորձը, որտեղ «պետական և մասնավոր բոլոր դպրոցներում ուսումնական օրը սկսվում է ի փառս Ամերիկայի, նրա խորհրդանիշների և դրոշի կարճ աղոթքով»։

Ամերիկյան դպրոցներում իրոք կա այդպիսի պրակտիկա, բայց այնտեղ աշակերտները, ըստ օրենքի, պարտավոր չեն կրկնել աղոթքի խոսքերը։

15:35

Երաժշտական ելույթ դարձյալ Խարկովից։

15:28

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը քննադատել էր վերջինիս հրաժարումը ռուսական էներգակիրների վրա էմբարգոյի կիրառումից և Ուկրաինա հունգարական տարածքով զենքի մատակարարումից։

«Ռուս-ուկրաինական պատերազմում Հունգարիան Հունգարիայի կողմից է։ Օգնում է կարիքավորներին, բայց պաշտպանում իր ազգային շահերը»,- հայտարարել է Օրբանը։

15:02

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի 8 մարզերում վնասվել է առնվազն 59 կրոնական նշանակության կառույց։ Ավերված վանքերի մեծ մասն ուղղափառ են, հայտարարել է Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայությունը։

14:57

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինկոմիսարիատներ կանչելու կեղծ զանգերի մասին, որոնք ստանում են ռուսաստանցիները։

Վերջին օրերին որոշ ռուսաստանցիներ հեռախոսազանգեր են ստացել, որտեղ ավտոպատասխանիչի ձայնը նրանց կանչում է զինկոմիսարիատ։ Դրանք «կեղծ զանգեր են», որոնք իրականացվում են Ուկրաինայի տարածքից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Պահեստազորում գտնվող քաղաքացիներին որևէ կանչ ՊՆ զինկոմիսարիատներ չի իրականացվում և չի նախատեսվում»,- նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

14:42

⚡️Ղրիմից ՌԴ դաշնային խորհրդի անդամը հայտարարել է Ուկրաինայի հարավում ռուսական ռազմաքաղաքացիական վարչակազմի ստեղծման մասին

Ուկրաինային հարավային այն հատվածներում, որոնք գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ, սկսել են ստեղծվել ռազմաքաղաքացիական վարչակազմեր։ Դրանց խնդիրների թվում են տարածքների կառավարումը և հիվանդանոցների, բնակարանային տնտեսության և քաղաքային մյուս ծառայությունների աշխատանքների ապահովումը։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ղրիմից ՌԴ դաշնային խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը։

«Որևէ մեկը պետք է կառավարի այդ տարածքները, հատկապես այն բնակավայրերում, որտեղ տեղական իշխանությունները, տեղական ղեկավարությունն ընդհանրապես հեռացել է քաղաքացիների խնդիրների լուծումից»,- ասել է Ցեկովը։ Նա նշել է, որ նոր վարչակազմին անհրաժեշտ է «զինվորական և ուժային ապահովում ու պաշտպանություն»։

Ավելի վաղ, Խերսոնի մարզային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը հայտարարել է, որ ապրիլից ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներում նախատեսում են մտցնել ռուբլու կիրառումը։ Իսկ շրջափակված Մարիուպոլում հայտնվել է «Միասնական Ռուսաստան»-ի շտաբը։

14:10

Ուկրաինական հայտնի BoomBox խմբի վոկալիստ Անդրեյ Խլիվնյուկը, որը մտել է Կիևի տարածքային պաշտպանության զորքերի շարքեր, ընկել է ականանետային կրակի տակ։ Երաժիշտը վիրավորվել է։

14:05

Խարկովից թավջութակահար Դենիս Կարաչենցևը սկսել է թավջութակ նվագել հարազատ քաղաքի ավերված փողոցներում և իր ելույթները տեղադրել համացանցում, որպեսզի գումար հավաքի պատերազմից տուժածներին հումանիտար օգնության և Խարկովի վերականգնման համար։

14:02

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Ռուսաստանը շարունակում է ինտենսիվորեն ռմբակոծել քաղաքային տարածքները

Ռուսաստանը շարունակում է կիրառել քաղաքային շրջանների ինտենսիվ ռմբակոծման մարտավարությունը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Այդպիսով Ռուսաստանը «հույս ունի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հաշվին կրճատել իր անձնակազմի, առանց այդ էլ էական, կորուստները», կարծում է բրիտանական գերատեսչությունը։

Իր հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն նշում է, որ ռուսական ուժերը մոտիվացված չեն մասնակցում քաղաքաներում հետևակի լայնամասշտաբ գործողություններին և փոխարենը նախընտրում են ոչ ընտրողական օդային և հրետանային հարվածների հասցնումը՝ փորձելով բարոյալքել հակառակորդին։

13:55

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական. այսօր մենք կվերադարձնենք Խերսոնի նկատմամբ վերահսկողությունը

Ուկրաինական ուժերը այսօր Խերսոնը կվերադարձնեն իրենց վերահսկողության տակ, որն առավետ վաղ գրավվել էր ռուսական զորքերի կողմից։ Այդ մասին BBC Radio 4-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Մարկիան Լուբկիվսկին։

«Ես կարծում եմ, որ այսօր քաղաքն ամբողջությամբ կանցնի ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մենք վերջին երկու օրվա ընթացքում ավարտել ենք գործողությունը Կիևի մարզում, այդ իսկ պատճառով զինված ուժերի մյուս մասը հիմա կենտրոնացված է երկրի հարավային հատվածում, որտեղ նրանք փորձում են հետ գրավել Խերսոնը և մի շարք այլ քաղաքներ»,- հայտարարել է Լուբկիվսկին։

13:45

Նշվում է, որ Սլավուտիչի քաղաքապետ Յուրի Ֆոմիչևն ազատ է արձակվել

Նա ելույթ է ունեցել քաղաքի բնակիչների առաջ, որոնք դուրս են եկել ռուսական ներխուժման դեմ բողոքի ցույցի։ Այդ մասին հայտնում է տելեգրամյան «Инсайдер Украина» ալիքը։ Վերջինս մեջբերել է նաև քաղաքապետի հայտարարությունն ըստ ականատեսների։

Նրանց խոսքով՝ Ֆոմիչևը հաստատել է, որ գերության մեջ է եղել։ Նա հայտարարել է, որ ռուսական զորքերն այսօր «կշրջեն քաղաքով, կմտնեն ոստիկանություն, զինկոմիսարիատ, զենք կփնտրեն, այնուհետ կլքեն քաղաքը՝ թողնելով իրենցից միայն մեկ անցակետ»։ Քաղաքապետը հայտարարել է, որ Սլավուտիչը մնում է «ուկրաինական դրոշի ներքո, ուկրաինական օրենսդրության տակ» և քաղաքի բնակիչների համար չի փակվի հեռանալու հնարավորությունը։

13:38

Կիևում դարձյալ մտցվել է պարետային ժամը, որը կշարունակվի 1,5 օր՝ այսօր երեկոյան 20:00-ից մինչև երկուշաբթի օրը, ժամը, 07:00-ն։

Մարդկանց թույլատրվում է փողոց դուրս գալ միայն նրա համար, որ տագնապի ազդանշանի պարագայում հասնեն թաքստոց։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հանրային տրանսպորտը, խանութները, դեղատները և լցակայանները չեն գործի։

13:30

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսաստանը Ղրիմում տեղակայված Ռոսգվարդիայի բոլոր ստորաբաժանումներին տեղափոխել է Խերսոնի, Զապորոժյեի և Դոնեցկի մարզեր, որպեսզի կոտրի Խերսոնի, Գենիչեսկի և Բերդյանսկի բնակչության դիմադրությունը։
  • Պահեստներից ռուսական զորքին հասցվող տեխնիկան գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում՝ անփույթ նախնական շահագործման և երկարատև պահպանման պատճառով։
  • Ռուսական ուժերը փորձում են ակտիվացնել Կիևի տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությունը։
  • Ուկրաինական զորքերը հետ են մղել հարձակումները Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով։
  • Մեկ օրվա ընթացքում ուկրաինական զինվորականները ոչնչացրել են ռուսական 8 տանկ և 17 միավոր զրահատեխնիկա։ ՌԴ անձնակազմի կորուստների թիվը կազմել է 170։ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է ռուսական երեք ինքնաթիռ և անօդաչու։

13:26

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս նախարար Դմիտրի Կուլեբայի, կոչ է արել բոյկոտել եվրոպական առևտրային այն ցանցերին, որոնք պատերազմի մեկնարկից հետո մնացել են աշխատելու Ռուսաստանում։

13:20

Մելիտոպոլից լրագրող Սվետլանա Զալիզեցկայան, որը մարտի 23-ին հայտնել էր ռուսական զինվորականների կողմից իր 75-ամյա հոր առևանգման մասին, հայտարարել է նրա ազատ արձակման մասին։    

Զալիզեցկայայի խոսքով՝ նրա հորն ազատ են արձակել այն բանից հետո, երբ ինքը համաձայնվել է հրապարակել երրորդ անձանց РИА-Мелитополь-ի կայքի կառավարման փոխանցման վերաբերյալ հայտարարությունը։

13:14

Գերմանիայի դաշնային երկու հողերում՝ Հարավային Սաքսոնիայում և Բավարիայում խոստացել են քրեական պատասխանատվություն սահմանել Z տառի՝ որպես ռուսական ռազմական ագրեսիայի արդարացման խորհրդանիշի, հանրային ցուցադրման համար։

Հարավային Սաքսոնիայում, մասնավորապես, Z տառի ցուցադրման համար կարող են ենթարկել պատասխանատվության հանցագործությունների արդարացման հոդվածով, որը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում։

12:58

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 26-ին կավարտի իր եռօրյա այցը Եվրոպա՝ կարևոր հայտարարություն անելով Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Բայդենը ելույթով հանդես կգա Վարշավայում, որտեղ պատերազմի մեկնարկից ի վեր ժամանել է մոտ 300 000 ուկրաինացի փախստական։ Սպասվում, որ մինչև ելույթը Սպիտակ տան ղեկավարը կհանդիպի նրանցից մի քանիսի հետ։

12:49

Ուկրաինայում հայտնել են ՌԴ զորքերի Սլավուտիչ մուտքի և քաղաքապետի առևանգման մասին

Ինչպես գրում է УНИАН-ը, մարտի 24-ին ՌԴ զինծառայողները գնդակոծել էին Սլավուտիչի մուտքի մոտ գտնվող անցակետը և սկսել քաղաքի գրավման գործընթացը։ Մարտի 25-ին քաղաքացիներից մեկը հայտնել էր, որ ռուսաստանցիներն արդեն մտել են Սլավուտիչ, սակայն չէր հստակեցրել, թե արդյոք նրանք գրավել են վարչական շենքերը։ 

Մարտի 26-ին Սլավուտիչի բնակիչները դուրս են եկել ռուսական ներխուժման դեմ բողոքի ցույցի։

Նշվում է, որ զինվորականներն սկսել են օդ կրակել, որպեսզի ցրեն ցույցը։

Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը հայտարարել է, որ ռուսական զորքերը գրավել են քաղաքային հիվանդանոցն ու փորձել լուսաձայնային նռնակների միջոցով ցրել ցույցը։ Պավլյուկը նաև նշել է, որ առևանգվել է Սլավուտիչի քաղաքապետ Յուրի Ֆոմիչևը։

12:40

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական երեք ինքնաթիռ, վեց անօդաչու և մեկ «Точка У» համալիր։
  • Գերճշգրիտ «Оникс» թևավոր հրթիռով ոչնչացվել է Նիկոլաևի շրջանի ՎՔՆ բազան, որը վառելիքով էր մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ին։
  • «Калибр» թևավոր հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում գտնվող զինամթերքի և սպառազինությունների պահեստը։
  • Մեկ օրվա մեջ ՌԴ օդադեսանտային ուժերի ավիացիան խոցել է 117 ռազմական օբյեկտ, այդ թվում մեկ С-300 զենիթահրթիռային համալիր։
  • Ռուսական զորքերը մարտեր են մղում Դոնեցկի մարզի Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար։

12:36

ՌԴ ՊՆ «Звезда» հեռուստաընկերությունը հրապարակել է Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ խորհրդակցության տեսանյութը։ Այնտեղ նախարարը հիշատակում է Ֆինանսների նախարարության հետ պետական պաշտպանական պատվերների քննարկման հարցը։ Այդ հարցը Շոյգուն և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՊՆ տվյալներով, քննարկել էին նախօրեին։

12:34

«Мегафон»-ին հեռացրել են օպերատորների միջազգային GSMA ասոցիացիայից։ Այդ մասին հայտնում է «Ведомости»-ն։ «Мегафон»-ը հայտարարել է, որ զարմացած է GSMA-ի «ընտրողական որոշումից»։ «Այդ քայլը չունի որևէ իրավական հիմք, մենք դիտարկում ենք մեր կարգավիճակի վերականգնման տարբերակները»,- պարբերականին հայտարարել են օպերատորի ներկայացուցիչները։

Ինչպես գրում է ռուսական պարբերականը, GSMA-ը օպերատորների և սարքավորումներ արտադրողների խոշորագույն միջազգային միավորում է, որն ստեղծվել է 1995 թվականին։ Նրա գործունեության ամենակարևոր ուղղությունը հանդիսանում է տեխնիկական ստանդարտների մշակումը։ Օրինակ, ասոցիացիան որոշում է, թե որ տեխնոլոգիաներն են ընկած հաջորդ սերունդների մոբայլ կապի ցանցերի հիմքում։

12:31

Ինչպես 2022 թվականին պատժամիջոցները կազդեն ռուսական տնտեսության վրա

ВЭБ.РФ-ի հետազոտությունների և փորձաքննությունների ինստիտուտի կանխատեսումը, որը ներկայացնում է РБК-ն։ Պարբերականը նշում է, որ այն համընկնում է ավելի վաղ վերլուծաբանների կատարած կանխատեսումներին, որոնց հարցրել են ԿԲ-ն։

  • Բնակչության իրական եկամուտների 12 % կրճատում,
  • Գործազրկությունը կավելանա 6,2 %-ով,
  • Գնաճը կկազմի 19,3 %։

12:00

Ի՞նչ է կատարվել մարտի 26-ի գիշերը` հակիրճ.

  • Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ուկրաինայում պատերազմական գործողությունների մասնակիցներին մարտական գործողությունների վետերան ճանաչելու օրենքը։ Այն զինվորականներին առավելություններ կտա։
  • Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը մտադիր են շրջափակված Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողություն անցկացնել։
  • The Wall Street-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կարող է պատժամիջոցներ հայտարարել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք գործում են բանակի և հատուկ ծառայությունների հետ։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր վարունգը դարձել է միակ ապրանքը, որն էժանացել է Ռուսաստանում։ Դա բացատրվում է նրանով, որ այն աճեցվում է երկրի ներսում։
  • Չեխիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է Հունգարիա մեկնելուց՝ հայտարարելով, որ հունգարացի քաղաքական գործիչների համար «էժան ռուսական նավթն ավելի կարևոր է, քան ուկրաինական արյունը»։
  • Պենտագոնում ամերիկյան լրագրողների աղբյուրներից մեկը նշել է, որ ռուսական զորքերն արդեն «ոչ այդքան ամուր են» վերահսկում Խերսոնը։
  • Ամերիկյան հետախուզությունը հայտնել է, որ Կիևի մատույցներում գտնվող ռուսական զորքերը չեն պատրաստվում սկսել ուկրաինական մայրաքաղաքի ուղղությամբ գրոհը։
  • Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այդ երկիր ռուսական ներխուժումից ի վեր զոհվել է 136 երեխա, ևս 199-ը վիրավորվել է։

Լուսանկարը՝ Emilio Morenatti/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter