HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունն անհրաժեշտության դեպքում կմեծացնի պետական պարտքը բյուջեով նախատեսված ծախսերը կատարելու համար

Ստեղծված իրավիճակում, երբ մակրոտնտեսական անորոշությունները շատ են, Հայաստանի տնտեսությունը կարող է շեղվել նախապես կանխատեսված տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշներից: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա, եթե այդ բացասական ազդեցությունը երկար տևի, ապա 2021 թվականը կավարտվի կանխատեսվածից ցածր եկամուտների հավաքագրմամբ։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն 2022 թվականի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ իրականացնելու համար։

«Հարկային եկամուտների նվազման դեպքում ծախսերը չեն կրճատվի»,- հայտարարեց նախարարը:

2021 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ տարում այն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։

2021 թվականին պետական պարտքն աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի հաշվին։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։

Հայաստանի արտաքին պարտքը, որի գերակշիռ մասը օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են, 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 643 մլն, որը 2020 թվականի վերջի համեմատ աճել է 583 մլն դոլարով կամ 9.6%-ով։

Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով։ Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին է գոյանում։

«Մենք անհրաժեշտություն ենք ունենալու առաջիկա տարիներին ներգրավելու փոխառու միջոցներ, որովհետև դրանք շատ դեպքերում արտոնյալ, զարգացման ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն են, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում և բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա՝ Կառավարությունը 2021-2026 թվականների համար ընտրել է պարտքի կառավարման հստակ ռազմավարություն և հրապարակել իր ծրագրերն այդ առնչությամբ։

2020 թվականին պետական պարտք/ ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63.5%, իսկ 2021 թվականին այն նվազել է հասնելով 60.3%-ի: Թե որքան կլինի այն 2022 թվականին, կախված կլինի մակրոտնտեսական զարգացումներից:

«Մենք չենք պատրաստվում և չենք կարծում, որ պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել։ Պարտք պետք է վերցնել միայն, երբ դրա անհրաժեշտությունը հստակ է և վերադարձման կարողություններն առկա են։ Մենք պետք է միշտ մեր հնարավորությունները համադրենք պարտքի ներգրավման որոշումների հետ, որոնք մեր ընթացիկ անելիքներին են վերևաբերում»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter