HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Համախառն արտաքին պարտք. որքան պարտք ունեն պետությունն ու մասնավոր հատվածը

2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին  պարտքը կազմել է 13 մլրդ 844 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 943 մլն դոլարով կամ 7.3%-ով։ Աճել է ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածի պարտքը։ 

Համախառն արտաքին պարտքը ներառում է պետական արտաքին պարտքը, բայց ոչ ներքինը։ Եվ ի տարբերություն պետական ընդհանուր պարտքի, որը ներքին ու արտաքին պարտքերի գումարն է, համախառն արտաքին պարտքը ներառում է ոչ միայն պետական արտաքին պարտքը, այլև՝ մասնավոր հատվածը, օրինակ՝ բանկերի պարտքերը, որոնք ստացվել են օտարերկրյա գործընկերներից։

Համախառն արտաքին պարտքի տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ։ 2021 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն ինն ամիսների վիճակագրությունը փաստում է, որ համախառն պարտքը տարվա ընթացքում աճել է ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածի հաշվին։ Որոշակի կրճատում կա բանկերի պարտքերի գծով։

2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքի 45%-ը կազմել է արտաքին պետական պարտքը՝ 6 մլրդ 236 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 515 մլն դոլարով կամ 9%-ով։

Համախառն պարտքի 5.5%-ն էլ Կենտրոնական բանկի պարտքն է՝ 755 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն ավելացել է մոտ 175 մլն դոլարով կամ 30%-ով։

ԿԲ-ի ու արտաքին պետական պարտքը միասին համախառն արտաքին պարտքի պետական հատվածն են։ Դրանք հիմնականում միջազգային կառույցներից ստացված վարկերն են, ինչպես նաև՝ պարտքային արժեթղթերը։ 

Վերջին տարիներին էական ծավալի է հասել մասնավոր հատվածի արտաքին պարտքը։

Ինչպես երևում է ստորեւ ներկայացված ինֆոգրաֆիկայում, սեպտեմբերի վերջի դրությամբ ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքը կազմել է մոտ 3 մլրդ 244 մլն դոլար։ Դա կազմում է Հայաստանի համախառն արտաքին պարտքի 23%-ը։ Այս տողի ներքո պետք է նկատի ունենալ հիմնականում բանկերը, ինչպես նաև՝ վարկային կազմակերպությունները։

Թեև վերջին տարիներին ավանդային կազմակերպությունների պարտքը գնալով աճել է, սակայն 2021 թվականի ինն ամիսների տվյալներով որոշակի անկում կա՝ մոտ 6%:

Պետական պարտքի աճն ու դրա սպասարկման ռիսկերը մշտապես ակտիվ քննարկվում են թե՛ մամուլում, թե՛ տնտեսագետների կողմից։ Պատճառն այն է, որ պետական պարտքը սպասարկվում և մարվում է պետական բյուջեի հաշվին։ Իսկ մասնավոր հատվածի արտաքին պարտքը երբեմն մոռացության է մատնվում։ 

Թեև այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ բանկերի ու վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը նվազել է, սակայն ակնհայտ է, որ վերջին տարիներին այդ գումարները գնալով աճել են։ 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ բանկերի արտաքին պարտքի աճը ռիսկային է այնքանով, որ Հայաստանի տնտեսության մեջ դոլարի կշիռն ու կախվածությունը դոլարից մեծանում է։ Տնտեսագետի համոզմամբ՝ վերջին մեկ տարում Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ստիպում է առևտրային բանկերին փող ներգրավել ոչ թե ԿԲ-ից, այլ՝ արտաքին աղբյուրներից։ Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: 

«Եթե պետությունը թանկացնում է փողը դրամով, դրամի գինն է բարձրացնում, ապա մասնավոր բանկերը ձեռնպահ են մնում Կենտրոնական բանկից ռեսուրս ներգրավելուց։ Դրսից ավելի էժան փող են ներգրավում։ Այս միտումը ոչ միայն այս վերջին տարվա, այլև վերջին տասնամյակի իրողություն է։ Մինչև 2008-2009 թվականների ճգնաժամը 1 մլրդ դոլարի չէր հասնում մասնավոր հատվածի արտաքին պարտքը, հիմա արդեն 3 մլրդ դոլարը գերազանցում է։ Ահա թե ինչի հաշվին է այս ֆինանսական կայունությունը և երկրի տնտեսական աճը»,- նշում է Ատոմ Մարգարյանը։ 

Ի տարբերություն դրա՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերջին տարիներին բանկերի, մասնավոր հատվածի արտաքին պարտքի աճը ռիսկային չի համարում։ Ըստ նրա՝ միջազգային կառույցներից միջոցների ներգրավումն ավելի մատչելի և ավելի երկարաժամկետ է՝ հինգ տարի կամ ավելի ժամկետով։ Այդ գումարները կոնկրետ ամրագրված նպատակների համար են ներգրավվում։ 

«Սրա մեջ մեծ ռիսկեր չեմ տեսնում, որովհետև այդ հնարավոր ռիսկերը տարբեր նորմատիվներով կարգավորվում են և երկրորդ՝ նույնիսկ ողջունելի է, որ ավելի մատչելի ռեսուրսներ գան Հայաստան և վարկավորման տոկոսադրույքների վրա դրական ազդեն։ Ցավոք սրտի, այդ ներգրավվող տոկոսադրույքի վրա շատ գործոններ են ազդում՝ սկսած երկրի ռեյտինգից, վերջացրած բանկի ռեյտինգով, երկրում առկա ռիսկերով, երկրում փողի գնով։ Հակադրություն չեմ տեսնում, եթե հնարավորություն կա դրսից ավելի մատչելի միջոցներ ներգրավել երկարաժամկետ՝ ինչո՞ւ ոչ»,- ասում է Սեյրան Սարգսյանը։ 

Ինչ վերաբերում է համախառն արտաքին պարտքի մյուս հատվածներին, ապա «Այլ հատվածներ» տողով կարելի է տեսնել, որ պարտքը կազմել է 1 մլրդ 861 մլն դոլար։ Ինչպես պարզաբանեցին Կենտրոնական բանկից, այստեղ էլ պետք է հիմնականում նկատի ունենալ, օրինակ, ապահովագրական ընկերություններին և իրական հատվածի ձեռնարկություններին։

Տնտեսության այս հատվածները 2021 թվականին էապես ավելացրել են պարտքը։ Տարվա առաջին ինն ամիսներին այն աճել է մոտ 52%-ով կամ 634 մլն դոլարով։

Իսկ միջֆիրմային վարկերը կազմել են 1 մլրդ 748 մլն դոլար։ Ինն ամիսների ընթացքում դրանք նվազել է 182 մլն դոլարով կամ կամ 9%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter