
Բարձր գնաճ, սպասվածից դանդաղ վերականգնում. ԿԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը՝ դարձնելով 4.2%
Հայաստանի տնտեսության վրա արտաքին աշխարհի գնաճային ազդեցությունը գնալով ավելանում է: Դրան զուգահեռ՝ տնտեսությունը սպասվածից դանդաղ է ակտիվանում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ:
Այս գործոնները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը նվազեցրել է 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը: Եթե նախկին գնահատականների համաձայն գլխավոր դրամատունը կանխատեսում էր, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 5.4%, ապա նոր գնահատականներով՝ 4.2%:
«Այն խնդիրները, որոնք եղել են 2020 թվականին համաճարակի ու պատերազմի հետ կապված, իրենց արտացոլումն են գտել 2021 թվականին: Եթե աշխարհում ընդհանուր պատկերը բարձր գնաճային է, ապա դա ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի տնտեսության վրա»,- դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Այս տարվա նոյեմբերին, 2020 թվականի նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում 9.6% գնաճ է գրանցվել: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի դեկտեմբերից սկսած՝ Հայաստանում բարձր գնաճ է արձանագրվում: Սննդամթերքն ու մի շարք ապրանքատեսակներ թանկանում են երկնիշ տեմպերով:
Բարձ գնաճը ստիպում է Կենտրոնական բանկին պարբերաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում գնաճային ռիսկեր են գրանցվում: Տոկոսադրույքի բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը:
Այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է ԿԲ-ն բարձրացնում տոկոսադրույքը:
Կանխատեսվում է, որ 2022 թվականին գնաճն աստիճանաբար կնազի, կմոտենա 4% նպատակային ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ:
«Եթե գնաճային ռիսկերն ավելանան, Կենտրոնական բանկը պատրաստ է դրանց համարժեքորեն պատասխանել գների կայունությանը հասնելու համար»,- նշում է Մարտին Գալստյանը:
Նա նաև շեշտում է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է ու կապիտալացված: Այս պահի դրությամբ իրացվելիության և վճարունակության խնդիրներ չկան:
Անդրադառնալով համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամին՝ ԿԲ նախագահը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել. «Բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ կա պատվաստումների ավելի բարձր մակարդակ, ունեն ավելի քիչ մահացության դեպքեր: Ավելի ցածր մահացության մակարդակը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում աշխատաշուկայի զարգացումների, մարդկանց բարոյահոգեբանական վիճակի ու ծախսերի վրա: Տնտեսական մասը մի կողմ դրած՝ ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք պատասխանատու մեր վարքագծի մեջ, պատվաստվենք: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ճգնաժամից դուրս գալու ամենակարճ, ամենահուսալի, ամենապատասխանատու տարբերակը, պատվաստումն է»:
«Դրամի փոխարժեքի վերջին տատանումները բնականոն են»
Նախորդ շաբաթ նկատվեց, որ հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվում է, իսկ այս շաբաթվա սկզբից արժևորման միտումներ է ցույց է տալիս (տե ՛ ս ինֆոգրաֆիկան):
Այս տատանումները Մարտին Գալստյանը բնականոն է համարում: Այն պայմանավորում է դրամի նկատմամբ պահանջարկի ու առաջարկի գործոններով: Նման տնտեսական գործոն կարող է լինել, օրինակ, Ամանորի նախաշեմին ներմուծման աճը, որի հետեւանքով դոլար է դուրս գալիս երկրից՝ ներմուծողները արտասահմանյան մատակարարներին վճարում են ԱՄՆ դոլարով: Դրա արդյունքում դոլարի պահանաջարկը մեծանում է, և այն սկսում է աճել հայկական դրամի նկատմամբ:
«Կարճաժամկետ տատանումներ միշտ կարող են լինել: Այս 2% կամ 4% տատանումները մարդկանց մոտ վարքագծային փոփոխություններ չեն առաջացնում, ինչը ողջունելի է»,- նկատում է Կենտրոնական բանկի նախագահը:
Նա շեշտում է, որ այս ընթացքում Կենտրոնական բանկը չի միջամտել արտարժույթի շուկային: Դրամն «ինքնուրույն է հաղթահարել» դոլարի նկատմամբ արժեզրկման միտումը:
Մեկնաբանել