HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բորիս  Բախշիյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այն մակագրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: Միջնորդության քննությունը նշանակվել է վաղը՝ մարտի 29-ին: Այս մասին հայտնում է Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատավոր Բախշիյանը, որի լիազորությունները նրան մեղադրանք առաջադրելուց հետո կասեցվել են, կալանավորված է փետրվարի 7-ից: Նրան երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը: Ապրիլի 7-ին  լրանում է դատավորի երկամսյա կալանքի ժամկետը:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն:

Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Բախշիյանի որոշմամբ կալանավորված ամբաստանյալը Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանն է: Նա չի ներկայացել իր, Փարամազյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստին, իսկ պաշտպանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը, անհետաձգելի քննչական գործողությամբ պայմանավորված, չի ներկայանալու նիստին, պաշտպանյալն էլ առանց իրեն չի ցանկանում ներկայանալ:

Նման պայմաններում դատավոր Բախշիյանը համարել է, որ ամբաստանյալ Մկրտչյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը և նրա նկատմամբ ընտրված  «չհեռանալու մասին ստորագրությունը» փոխել է «կալանավորմամբ:

Նշենք, որ թեև դատախազությունը պնդում է, որ Մկրտչյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է եղել՝ այն չի բողոքարկել: 14 օր անց Մկրտչյանն ազատ է արձակվել իրեն կալանավորած դատավոր Բախշիյանի որոշմամբ:

Լուսանկարում` Բորիս Բախշիյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter