HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ոստիկանության ներքին զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է Շուշիի մարտերում

«Մեր ընտանիքում համազգեստ հագնելն արդեն 3-րդ սերնդին է փոխանցվում, Արտյոմս էլ որոշեց պապի, հոր, հորեղբոր գործը շարունակի, չէինք պատկերացնում, որ էս ամեն ինչը էսպիսի ավարտ կունենա»,- ասում է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ալոյանի տատը՝ Սոֆիկ Բարբառյանը։

Ոստիկանության ներքին զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը ռազմաճակատ մեկնել էր պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ին։ Զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիում։

Նա 24 տարեկան էր, սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել է Հադրութում՝ 2015-2017թթ․։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր։

Արտյոմ Ալոյանը պատերազմի առաջին օրերին եղել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Հոկտեմբերի վերջին հերթափոխ է եղել, վերադարձել է Երևան, ապա հորեղբոր՝ Արայիկ Ալոյանի հետ մեկնել Շուշի։ Արայիկ Ալոյանը ոստիկանության զորքերի զորամասերից մեկի շտաբի պետն էր։

Ալոյանները Շուշիում միասին են եղել։ Նոյեմբերի 2-ին ոստիկանության զորքերի անձնակազմով Արտյոմն ու Արայիկը դիրքավորվել են Շուշի-Քարին Տակ ճանապարհահատվածում՝ բլրի վրա։ Արայիկ Ալոյանի պատմելով՝ նոյեմբերի 7-ին նրանց ստորաբաժանումն ընկել է շրջափակման մեջ։ Նա նկատել է, որ Արտյոմը կողքին չէ։

«Տեսա՝ մի քիչ էն կողմ գետնին պառկած է։ Մոտեցա, ձեռքս մեջքով տարա, գլխին հրազենային վնասվածք կար։ Մինչեւ ուզում էի իմ կողմ քաշել, դիպուկահարը կրակեց, փամփուշտն իմ մատով անցավ ու դիպավ Արտյոմի պարանոցին»,- պատմում է հորեղբայրն ու ցույց տալիս մատնեմատը, որը կիսով չափ կտրված է։

Արայիկ Ալոյանը ստորաբաժանման ողջ մնացած տղաների հետ նոյեմբերի 9-ին Շուշիի հարակից անտառներով նահանջում է Ստեփանակերտ։

Արտյոմ Ալոյանի հարազատները որդու զոհվելու լուրն իմացել են ոստիկանության ներքին զորքերի ծառայողներից։ Ոստիկանության զորքերում ծառայող հորեղբայրը չի կարողացել եղբոր ընտանիքին հայտնել տղայի զոհվելու մասին լուրը։

2020թ․ նոյեմբերի 14-ին ռուս խաղաղապահների ջանքերով Արտյոմ Ալոյանի մարմինը դուրս է բերվել ու հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

44-օրյա պատերազմի ընթացքում ոստիկանության ներքին զորքերի ծառայողներից զոհվել է 63 հոգի, անհետ կորած է համարվում 7-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter