HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրաբույժ Հայկ Բալայան. «Պատերազմի հերոսներն էդ ժամկետային էրեխեքն էին ինձ համար»

2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտն այլ էր վիրաբույժ Հայկ Բալայանի համար։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նրան անգամ մտածելու ժամանակ չէր թողել։ Վիրաբույժը վերցրել էր առաջին անհրաժեշտության իրերով փոքրիկ պայուսակն ու երկու ընկերների հետ մեկնել Արցախ՝ ժամկետային զինծառայող որդու մոտ։ Երբ ճանապարհին տեսել էր երկար ավտոշարասյունը, հասկացել էր, որ իրավիճակը նման չէ ապրիլյան քառօրյային։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչպես եւ ապրիլյան քառօրյային, վիրաբույժը առաջնագիծ էր գնացել հոր՝ հրապարակախոս Զորի Բալայանի հետ միասին։

Հիմա ինքն էր շտապել որդու՝ կրտսեր Զորիի մոտ։ Վերջինս բժիշկ Բալայանի 3 երեխաներից ավագն է։ 5 ամիս էր մնում նրա զորացրմանը, երբ պատերազմն սկսվեց։

«Արամյանց» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հայկ Բալայանի հետ զրուցում ենք նրա վերապրած օրերից:

Սեպտեմբերի 27-ին վիրաբույժն առաջինը գնացել էր Արցախի այն հետախուզական զորամաս, որտեղ ծառայում էր որդին։ Անցակետի զինվորներն անծանոթ տղաներ էին։ Զորիի եւ նրա ընկերների մասին էր հարցրել։ Պատասխանել էին, որ նրանք մոտակա անտառներում են, քանի որ ԱԹՍ-ն հարվածել էր զորամասի տարածքին։ Երբ բժիշկը գտել էր որդուն եւ մյուս զինվորներին ու համոզվել, որ անվտանգ են, գնացել էր Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ անցել էր մասնագիտական գործին։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, բժիշկ Բալայանը տեղեկացել էր, որ որդուն եւ մյուս զինվորներին տեղափոխում են «Եղնիկներ»՝ մարտական գործողությունների մասնակցելու. թողել էր կամավոր հիմունքներով բժշկական աշխատանքն ու մեկնել «Եղնիկներ»։ Պատմում է, որ այդ երկու օրվա ընթացքում հասցրել էր մասնակցել ծանր վիրահատությունների, նաեւ տասնյակ թեթեւ վիրահատական միջամտություններ էր արել։ Հիշում է, որ այդ օրերին թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից բժիշկներ էին գնում Ստեփանակերտ, եւ հիվանդանոցում մասնագետի կարիք չկար այդ ժամանակ։

Մինչ Զորիենց զինվորական «Ուրալով» տեղափոխում էին «Եղնիկներ», բժիշկն իր մեքենայով ավելի շուտ էր հասել տեղ։ Այդտեղ էլ Հայկ Բալայանը ծանոթացել էր Զորիենց հրամանատարի՝ Դավիթ Միրզոյանի հետ։

«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանից հրահանգավորվելուց հետո բարձրացել էին դիրքեր։ Այդ ընթացքում բժիշկ Բալայանն առաջին անգամ միացրել էր հեռախոսը, զանգել տուն, իսկ երբ անջատել էր, ծանր հրետակոծություն էր սկսվել։ Բժիշկը դա կապել էր իր զանգի հետ ու «Եղնիկներում» մնալու ողջ ընթացքում այլեւս չէր միացրել հեռախոսը։

Հրետակոծությանը զուգահեռ մերձամարտի հրաման էր տրվել։ Բժիշկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի էր, սովորական կոշիկներով։ Տղաներից մեկը նրան զենք էր տվել։ Այդտեղ էլ նա տեսել է առաջին զոհին, որը 18-ամյա զինվոր էր․ տղան մահացու վիրավորում էր ստացել ականանետի արկի բեկորից։ Բժիշկը հիշում է, որ այդ զինվորի կանգնած տեղում երկու ժամ առաջ ինքն ու Զորին էին գտնվում։ Պատմում է, որ այն ժամանակ, երբ ինքը «Եղնիկներում» էր՝ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը, հրետակոծությունը գրեթե 24 ժամ էր։

«Էդ էրեխեքը հրաշք էին, կարող է ամենաէքստրեմալ ժամանակ այնպիսի հումորներ անեին, որ ինքնաբերաբար իրենց դաշտ էիր մտնում։ Դա ոգեւորում էր»,- ժամկետային զինծառայողների մասին ասում է զրուցակիցս։

Պատերազմը փոխում է մարդուն, նրա արժեքները։ Հրետակոծության, կյանքի ու մահվան պայքարում սկսում ես արժեւորել խաղաղ կյանքի մանրուքները։ Բժիշկն ասում է՝ այդ պահերին մտածում էր, որ երկու օր առաջ տանը հեռուստացույց էր դիտում, դժգոհում էր կյանքի ինչ-ինչ բաներից, բայց ռազմաճակատում երանի ես տալիս այդ ամենին։ «Մտածում ես՝ ո՞նց կարող էիր բարկանալ էդ մանրուքների վրա, երբ այդ պահին կերազեիր դրանց մեջ լինել»,- նկատում է պատերազմի կամավորականը։

Հոկտեմբերի 3-ին հրաման էին ստացել վերադառնալ հետախուզական զորամաս, որտեղից եկել էին։ Գիշերը տեղ էին հասել, բայց առավոտյան տագնապ էին տվել՝ Ջրականի ուղղությամբ մեկնելու։ Այդ օրը բժիշկ Բալայանը զենք, զրահաբաճկոն, սաղավարտ էր ստացել, եւ որդու հետ նույն «Ուրալով» գնացել Հադրութ։

Ասում է՝ պատերազմի օրերին միշտ ձգտել է որդու կողքին լինել, թեեւ գիտակցում էր վտանգը, որ եթե ինչ-որ բան կատարվի, երկուսով նույն տեղում են լինելու։ Բայց ավելացնում է, որ այդ պահերին խոսում է հայրական սիրտը՝ անտեսելով մնացած մտածումները։

Դեպի Հադրութ տանող ճանապարհը հրետակոծվում էր, այրված մեքենաներ կային։ «Պատերազմի սարսափն արդեն տեսել էինք»,- նշում է բժիշկը: Հադրութում նրանց դիմավորել էր դիվիզիոնի հրամանատարի տեղակալ Հրայր Դավթյանը, որը հետո զոհվեց։ Զորիենց հրամանատար Դավիթ Միրզոյանի գլխավորությամբ նրանց տարել էին Հադրութից քիչ հեռու՝ «9-րդ կիլոմետր» կոչվող խաչմերուկ, որտեղից ձախ ճանապարհը տանում է դեպի Վարանդա (Ֆիզուլի), իսկ աջ՝ Արալեռ ու Ջրական (Ջաբրայիլ)։ Թշնամին դիվերսիոն խմբերով հասել էր այդ տեղանքին, եւ հրամանատար Միրզոյանի տղաները պետք է դիրքավորվեին՝ կասեցնելու թշնամու առաջխաղացումը։

-Եկանք դիրքավորվեցինք այդտեղ։ Ես Հրոյի մեքենայի մեջ էի՝ շտապօգնության «բուխանկա» մեքենաներից էր, մեջը՝ բահեր, որոնք բաժանում էին կամավորականներին՝ նոր բնագծերի ստեղծման համար։ Այդ պահին Հրոն տեղեկություն ստացավ, որ Արալեռում խայտառակ վիճակ է, վիրավորներ եւ զոհեր կան։ Վարորդն ասեց՝ ճանապարհը գրեթե մեր վերահսկողության տակ չէ, երեկ երկու «սկորի» գրադի տակ են մնացել, անձնակազմը զոհվել է, գրեթե անհնար է գնալը։ Ես մեքենայի մեջ էի, տղաս արդեն «9-րդ կիլոմետրի» բնագծերում դիրքավորված էր։ Այդ ընթացքում դա առաջին դեպքն էր, որ նրա կողքին չէի։ Մի կողմից՝ ուշքս ու միտքս նրա մոտ էր, մյուս կողմից՝ լսում եմ, որ այդպիսի իրավիճակ է։ Մենք գրեթե էպիկենտրոնում էինք։ Վարորդին ասում եմ՝ եղբայր, ես բժիշկ եմ, եթե կարանք գնանք, պատրաստ եմ ինչով կարող եմ օգնել այդ վիրավորներին։ Հրոն հրամանատարական հանդարտ, բայցեւ ազդեցիկ ոճով վարորդին ասաց՝ քշի, անկախ նրանից՝ մեր պարտականությունն է, թե չէ, քշի։ Հետո իմացա, թե ինչի է ասել։ Իր ոտքը, փաստորեն, ամպուտացված էր նախկին մարտական գործողություններից մեկից հետո, եւ նա վիրավոր մարդու ղադրը գիտեր,- պատմում է վիրաբույժ Հայկ Բալայանը։

Արալեռում աներեւակայելի տեսարան էր․ մոտ 100-մետրանոց օղակով եւ մի մետր բարձրությամբ կրակ էր։ Բժիշկն ասում է, որ պատճառը թշնամական ինքնաթիռի ռմբակոծությունն էր։ 2 զինվոր վազել էին իրենց մեքենայի ուղղությամբ. նրանց ընկերները վիրավոր էին, պետք էր տարհանել: Բայց քանի որ մեքենան նստարաններով էր, ու պառկելու տեղ չկար, բահերը հանել էին, որ 4 վիրավորները գոնե կարողանան նստած տեղափոխվել։ Վերջիններս տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել, բայց ճանապարհին կատակում, ծիծաղում էին։ «Հետո, երբ տեղ հասանք, ասեցի՝ հալալ ա քեզ, Հրո ջան»,- նկատում է բժիշկ Բալայանն ու մի պահ լռում։ Վիրավորներին տարել էին Հադրութի հիվանդանոց։ Հետո իմացել էին, որ Արալեռը թշնամու վերահսկողության տակ է: Բժիշկը մինչեւ հիմա հիշում է այն 2 զինվորներին, որոնց ո՛չ անունները գիտի, ո՛չ դեմքով կարող է մտաբերել, բայց ասում է՝ տեսնես ի՞նչ ճակատագիր ունեցան նրանք, կարողացա՞ն դուրս գալ Արալեռից։

Արալեռից վերադառնալուց հետո բժիշկը որդու՝ Զորիի եւ մյուս զինվորների հետ «9-րդ կիլոմետրում» էր։ Հաջորդ օրը տանկային գումարտակի հետեւից նրանց՝ որպես հետեւակ, ուղարկել էին հակագրոհի։ «Դա ամենալարված օրն էր, երբ գիտես ճանապարհը, որով գնացել ես, եւ որը թշնամու վերահսկողության տակ է: Արալեռը խոցված էր, եւ մենք հակագրոհի էինք գնում այդ ուղղությամբ։ Իմ ամենադժվար օրերից մեկն էր,- պատմում է զուցակիցս,- երբ տանկերի հետեւից պատրաստվում էինք գնալ, ԱԹՍ-ի ձայն լսվեց, հեռվում կետ էինք տեսնում: Տանկերից մեկը, որի վրա գնդացիր կար, սկսեց կրակել, հետո մեկը գոռաց, թե մի կրակեք, միեւնույնն է՝ չի կպնելու, հեռու է։ Ձայները մի պահ կորան։ Հանկարծ մի ուժեղ պայթյուն եղավ։ Բոլորս ընկանք թմբի տակ, ես սկսեցի գոռալ՝ Զորի, Գուրգեն, Գոշա․․․ Չէր երեւում ոչինչ՝ սեւ փոշի էր, ու քարի կտորներից, թե տաքությունից ծակծկում էր։ Երբ փոշին անցավ, տեսանք, որ երրորդ տանկը խոցվել է։ Հետո հակագրոհը փոխեցին դեպի Հադրութի բարձունքներից մեկը՝ Խուռուհաթ, թշնամու դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցնելու համար»։

Մինչեւ հոկտեմբերի 10-ը բժիշկ Բալայանն ու որդին մնացած զորքի հետ Հադրութում էին։ Պատմում է, որ իրենց տղաներից մեկը՝ Գավրուշը, որ դեղատան վարիչ էր, բայց պատերազմի օրերին բուժակություն էր անում եւ մեքենան վարում, թեթեւ վիրավորում ստացած իրենց տղաներից մեկին եւ Ջրականից բերված մի քանի վիրավորի իջեցնում էր Հադրութ՝ չիմանալով, որ քաղաքի հիվանդանոցն արդեն տեղափոխվել է։ Ճանապարհին նրանք զոհվեցին։

Խուռուհաթ բարձունքից հրամանատար Դավիթ Միրզոյանի զինվորները տեղափոխվել էին Հադրութից վերեւ՝ «Թութակներ» բարձունք, որտեղ 6 ծանր վիրավոր եւ 2 զոհ էին տվել՝ ժամկետային մի զինծառայող ու հրամանատարի տեղակալներից մեկը։

Բժիշկ Բալայանն այդ ամբողջ ընթացքում տնից եկած կոշիկներով էր, ասում է, որ զինվորական «բատինկաները» հարմար չէին, եւ ինքը ընկերներից էր զինվորական կոշիկներ խնդրել։

Հադրութից նահանջելուց հետո նրանց կրկին տեղափոխել էին հետախուզական զորամաս։ «Արդեն լսել էինք, որ Հադրութն ընկած է, Հադրութում էինք, որ լսեցինք՝ Ջաբրայիլն ընկած է, Խուռուհաթում էինք, որ լսեցինք՝ Արալեռն ընկած է»,- վերհիշում է Հայկ Բալայանը։

Այնուհետ ՊԲ հրամանատարի հրամանով, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ինչպես պատմում է բժիշկ Բալայանը, հետախուզական զորամասի զինվորների մի մասը միացել է Ջրականի զորքերին, որոնց զորամասն այլեւս չկար, իսկ մյուս մասը՝ Մատաղիսի զինվորներին, որոնց զորամասը եւս գրավվել էր թշնամու կողմից։ Զորին Ջրականից մնացած զորքը համալրողների շարքում էր։

Հայկ Բալայանի զինգրքույկում նրա մասնակցությունը պատերազմին որպես կամավորական արձանագրվել է միայն հոկտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ ամիս անց։ Գրանցումը կատարվել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, որտեղ, ինչպես պատմում է բժիշկը, տեղակայվել էր Ջրականի զորամասի շտաբը։

Բայց մինչեւ Կարմիր գյուղ հասնելը նրանց տարել էին Շուշի։ Զրուցակիցս հիշում է, որ Շուշվա բերդը նման էր զինվորական հավաքակայանի, որտեղ տանում էին հոսպիտալներից նոր դուրս գրված զինվորներին, այստեղ էին ուղղորդում նաեւ կամավորականների։ Այդ ժամանակ բժիշկը վերջին անգամ տեսավ Շուշին, իսկ հոկտեմբերի 26-ին տեղափոխվեց Կարմիր գյուղ, որտեղից էլ՝ Մարտունու շրջան՝ Կարմիր Շուկա։ Պատմում է, որ եթե իրեն ու Զորիենց Կարմիր Շուկա ուղարկեցին, ապա Ջրականի զորամասի ուսումնական գումարտակի նորակոչիկներին, որոնց միացել էին Զորիենք, տեղափոխեցին Մարտունի։ Դա հոկտեմբերի 28-29-ին էր։

Կարմիր Շուկա մտնելուց հետո ռմբակոծություն էր սկսվել։ Զինվորներից մեկը ողնաշարից բեկորային վիրավորում էր ստացել, բժիշկ Բալայանն օգնել էր դադարեցնել արյունահոսությունը, ապա զինվորին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ։

Ասում է, որ այդ ժամանակ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհը շատ վտանգավոր էր, ռմբակոծվում էր, իսկ հարակից գյուղերը վառվում էին։ Բժիշկը կանխազգացում ուներ, որ թշնամու նպատակը Շուշի հասնելն ու դրոշ դնելն է, բայց երբեք չէր պատկերացնի, որ քաղաքը թշնամուն կմնա։

Կարմիր Շուկայում անցկացրած ժամանակ բժշկին ժամկետային զինծառայող տղաները «Հայկ հոպար» էին դիմում, իսկ ավելի մեծերը՝ «բժիշկ»։ «Երբ հաճախ մի պահ հանգիստ էր լինում, մտածում էիր՝ մի տաք սուրճ լինեիր, խմեինք։ Գիտե՞ք, թե ինչքան օգնություն կար գետնին թափված։ Եթե «9-րդ կիլոմետր» սոված գնայիր, կտեսնեիր՝ օգնության բուրգ, մեքենան վախեցել էր ավելին գնալ, տարել թափել էր էնտեղ, հետ գնացել»,- տեսածն է պատմում բժիշկ կամավորականը։

Կարմիր Շուկայի ինքնապաշտպանությանը մասնակցած բժիշկը պատմում է ժամկետային զինծառայողների որակների մասին։ «Զարմանալի բան կասեմ ոչ միայն Զորիի, այլեւ մյուսների մասին։ Նիկոյից հետո («Թութակներում» զոհված ժամկետային զինծառայողն էր - հեղ․ ) ընկճախտ կար, բայց հետո ժպտում էին, ծիծաղում․․․ Իրենց ուժն ինձ ուժ էր տալիս։ Պատերազմի հերոսներն էդ ժամկետային էրեխեքն էին ինձ համար։ Այո, հրաշք տղերք էլ ենք ունեցել, բայց էդ էրեխեքը լրիվ ուրիշ էին»,- ասում է Հայկ Բալայանը։

Կարմիր Շուկայից հետո տեղափոխվել էին Սարուշեն, որտեղ բժիշկը մնացել է մինչեւ նոյեմբերի 4-ը՝ որդու վիրավորվելը։ Այդտեղ սկսել էին համագործակցել «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարտանովի տղաների հետ, որոնք, ինչպես պատմում է բժիշկը, համալրված էին ռացիաներով, սնունդ ունեին, հագուստ, հագեցվածությունը բարձր էր, նույնիսկ բուժքույրեր ունեին եւ բժիշկ, որը թեեւ մասնագիտությամբ վիրաբույժ չէր, լավ էր պատրաստված։

«ՈՄԱ»-ի տղաների հետ թշնամու կողմից չդիտարկվող տեղ էին գտել եւ դաշտային վիրահատարան պատրաստել, որտեղ Հայկ Բալայանը մի քանի վիրահատություն էր կատարել։ Ասում է, թե քանի ճանապարհը դեպի Ստեփանակերտ վտանգավոր էր, Թաղավարդի ու Կարմիր Շուկայի ուղղությամբ վիրավորներին իրենց մոտ էին տանում։ Վիրահատություններին զուգահեռ բժիշկը գիշերները մասնակցում էր Սարուշենի ինքնապաշտպանությանը։

Նոյեմբերի 4-ի լույս գիշերը հանգիստ էր թվում, բայց թշնամին սկսել էր ակտիվ հրետակոծությունը, որը շուրջ 2 ժամ էր տեւել։ Ականանետի արկի պայթյունը Զորիին մի կողմ էր նետել։ Տղան ուսի վնասվածք ու կոնտուզիա էր ստացել։ Առավոտյան Զորիին եւ նրա մարտական ընկերոջը՝ Գոշային, որը եւս վիրավորվել էր, կարողացել էին տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ։

Բժիշկը հիշում է, որ հետախուզական զորամասում էր, երբ ընկերներից ստացել էր երկար սպասված ծանրոցը, որի մեջ նաեւ «բատինկաներն» էին։ Դրանք, սակայն, այլեւս պետք չեկան։ Զորիենց տեղափոխել էին Վարդենիս, ապա՝ Երեւան։ Հայկ Բալայանը նկատում է, որ տղաների վիրավորումը ծանր չէր, որ տեղափոխեին, բայց այդ ժամանակ Ստեփանակերտը դատարկվում էր․ դրանք Շուշիի առեղծվածային անկման օրերն էին։

-Մենք հաղթելու շանս ունեի՞նք,- հարցնում եմ։

-Այո, կարծում եմ, եթե կազմակերպվածությունն ու խուճապն այդ աստիճանի չլիներ,- նշում է նա։

Ռազմաճակատից վերադառնալուց ամիջապես հետո բժիշկն անցել է վիրահատությունների, այդ թվում՝ վիրավոր զինվորների։

Պատերազմը, սակայն, մինչ օրս շարունակվում է։ Օրեր առաջ՝ մարտի 25-ին, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ զոհվեց հրամանատար Դավիթ Միրզոյանը, ում հետ Հայկ Բալայանն ընկերացել էր պատերազմից հետո։ Ասում է՝ պատերազմի ժամանակ Միրզոյանին որպես հրամանատարի էր վերաբերվում, իսկ ինքը շարքային զինվոր էր։ Հրամանատարի զոհվելուց երկու օր առաջ բժիշկը խոսել էր նրա հետ։ «Ասում էր՝ բայեվոյ ենք տրամադրված, լավ կլինի։ Ինքն էլ ինձ էր հարցնում, թե գեոպոլիտիկ վիճակը ոնց կլինի»,- հիշում է Հայկ Բալայանը։ Դավիթ Միրզոյանի զոհվելու լուրն իմանալու գիշերը չկարողացավ քնել։

«Ինքը լավ հրամանատար էր։ Կարողանում էր եւ՛ սառնասիրտ, լինել, եւ՛ բարի։ Աստվածապաշտ տղա էր։ Մի օր գնացինք Կարբի՝ մեր հողամաս, մինչ այդ մտանք եկեղեցի, ծնկաչոք Աստծոն շնորհակալություն հայտնեց։ Բոյերից առաջ էլ խաչակնքվում էր, ասում էր՝ Հայկ, որ սաղ մնանք, գիտե՞ս ինչ քեֆ ենք անելու, ու էդ քեֆը մենք արել ենք»,- ասում է 44-օրյա պատերազմի մասնակիցը։

Թե ինչ կլինի ապագայում, բժիշկն ասում է՝ խառնվածքով եւ մասնագիտությամբ լավատես չէ, բայց դրան զուգահեռ աստվածավախ եւ աստվածապաշտ է, հավատում է հրաշքներին։ «Հրաշքի մակարդակով հույս ունեմ, որ վերածնունդը կլինի։ Եթե Շուշին ու Հադրութը չվերադառնան, եթե Արցախը չպահենք, մեր վերջը կլինի։ Եթե Արցախը կորցնենք, մենք կկորցնենք Հայաստանը»,- ասում է բժիշկ Բալայանը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Հայկ Բալայանի արխիվից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter