HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բորիս Բախշիյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացվել է 1 ամսով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը քիչ առաջ մասնակի բավարարել է Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Նշենք, որ ԱԱԾ-ն դատարան ներկայացված միջնորդությամբ պահանջում էր դատավորի կալանավորման ժամկետը երկարացնել երկու ամսով:

Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե շուրջ երկու ամսվա ընթացքում, ինչ Բախշիյանը կալանքի տակ է գտնվել, ի՞նչ գործողություններ են կատարվել հարուցված քրեական գործի շրջանակում: Պաշտպանը, թեև մանրամասներ հայտնել չի կարող, նշեց, որ կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, վկաների հարցաքննություններ:

Բախշիյանն ի սկզբանե կալանավորվել է այն հիմնավորմամբ, որ ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ իր ենթակայության ներքո կամ իրենից կախվածության մեջ գտնվող անձանց վրա հնարավոր ազդեցություն գործադրելով: Այս պահին, ըստ պաշտպանի, դատավորի ենթակայությամբ աշխատող բոլոր անձինք հարցաքննվել են:

Վերջինիս պաշտպաններն էլ պնդում են, որ նա ի սկզբանե ապօրինի է կալանավորվել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Բախշիյանը կատարել է իրեն վերագրվող արարքը: Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բախշիյանի ենթակայությամբ աշխատող բոլոր անձինք արդեն հարցաքննվել են:

«Այսինքն՝ բացի այն, որ առկա չէ հիմնավոր կասկած, նաև ակնհայտ է՝ դատարանը կարող էր կալանավորման միջնորդությունը մերժել, որ քննիչը գրավ կամ խափանման այլ միջոց կիրառեր»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանները դեռևս չեն ստացել կալանավորման վերաբերյալ որոշումը:

Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Բախշիյանի որոշմամբ՝ կալանավորված ամբաստանյալը Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանն է: Նա չի ներկայացել իր, Փարամազյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստին, իսկ պաշտպանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը, անհետաձգելի քննչական գործողությամբ պայմանավորված, չի ներկայանալու նիստին, պաշտպանյալն էլ առանց իրեն չի ցանկանում ներկայանալ:

Նման պայմաններում դատավոր Բախշիյանը համարել է, որ ամբաստանյալ Մկրտչյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը և նրա նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրությունը» փոխել է «կալանավորմամբ:

Նշենք, որ թեև դատախազությունը պնդում է, որ Մկրտչյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է եղել՝ այն չի բողոքարկել: 14 օր անց Մկրտչյանն ազատ է արձակվել իրեն կալանավորած դատավոր Բախշիյանի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter