HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԳ նախարարն ու վարչապետն անվտանգության վերաբերյալ զեկույց չեն ներկայացնի․ կառավարությունը հավանություն չտվեց նախագծին

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 31-ի նիստում հավանության չտվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր, որ արտգործնախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը տարեկան 2 անգամ զեկույց ներկայացնեն Ազգային ժողով։

Ըստ նախագծի՝ ԱԳ նախարարն ու վարչապետը պետք է զեկույց ներկայացնեին Հայաստանի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ:

​Որպես հիմնավորում նշվել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ։ 

Ըստ հիմնավորման՝ կարգավորմամբ նաև հնարավորություն կստեղծվի խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես` մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունն ավելի լայն ծավալով:

Սակայն, կառավարությունը համարում է, որ գործադիր իշխանության նկատմամբ Սահմանադրությամբ ամրագրված ԱԺ վերահսկողության գործառույթի կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ և օրենքով արդեն իսկ նախատեսված են մի շարք գործիքներ, այդ թվում՝ կառավարության կողմից Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացումը, Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը, որը դրսևորվում է կառավարության կողմից պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ Ազգային ժողով տեղեկանքի ներկայացմամբ, կառավարության անդամներին պատգամավորների կողմից բանավոր և գրավոր հարցեր ուղղելու, պատգամավորական խմբակցությունների հարցապնդումների, հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելը, քննիչ հանձնաժողով ստեղծելը և այլն, որոնք անհրաժեշտ ու բավարար են նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակներին հասնելու համար:

«​Բացի դրանից, օրենքի («ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք») 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ մշտական հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին:

​Վերոնշյալ դրույթից բխում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումն, ըստ էության, նույնաբովանդակ կարգավորում է նախատեսում, ինչ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը,  հետևաբար, նախատեսման անհրաժեշտությունը կրկին բացակայում է:

​Ամփոփելով վերոշարադրյալը՝ կառավարությանն առաջարկում ենք զերծ մնալ նախագծի ընդունումից և օրենքը թողնել անփոփոխ»,- ասված է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter