HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ինչպես տեղային, այնպես էլ մասշտաբային գործողությունների»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում անդադարձել է վերջին օրերին Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը հայաստանյան իշխանությունները փորձում են հետեւողականորեն ներկայացնել որպես Փառուխի շուրջ առկա վիճակ, իրականությանը չի համապատասխանում թեկուզ այն պատճառով, որ ադրբեջանական ստորաբաժանումները առաջնային նպատակ են ունեցել ոչ միայն օկուպացնել Փառուխը, այլեւ այդ գյուղով բարձրանալ Քարագլուխ բարձունք, որը տարածքային առումով մի քանի անգամ ավելի մեծ է, քան բուն Փառուխի տարածքը։

«Ներխուժման արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվել Արցախի կենսագործունեության եւ առանցքային ենթակառուցվածքներից մեկի համար։ Ներկայում հայկական ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի ուղղություններով գոնե կանգնեցնել ադրբեջանական զորքերի տեղաշարժը, սակայն դա ընդհանուր առմամբ իրավիճակի վտանգավորությունը չի նվազեցրել կամ չի հանգուցալուծել»,- ասում է պատգամավորը, ով նախկինում եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։

Աբրահամյանն արձանագրում է, որ վատթարացող իրավիճակը Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է։ Ադրբեջանն անգամ խախտել է այն փաստաթուղթը, որը ստորագրվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին։ Իսկ դրա երեք կողմերից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է։

Պատգամավորը նկատում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածքային հավակնություններն անընդհատ մեծացնում են հատկապես Արցախի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունների պահվածքն իրավիճակը լարում է, քանի որ փորձում են իրենց ուժերը կենտրոնացնել միայն բանակցությունների եւ ադրբեջանական պայմանների կատարման շուրջ։ «Բայց առանց լուրջ պետական կառավարման համակարգի, առանց հանրային համախմբման, անվտանգային անհրաժեշտ մակարդակի՝ բանակցություններում ուժեղ դիրք գրավելու հնարավորություն ուղղակի չկա։ Իսկ ՀՀ իշխանությունը պետականաշինության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության, ուժային կառույցների, մնացած ուղղություններով տապալել է պետական քաղաքականությունը, ինչով մեր հնարավորությունները տարբեր սպառնալիքներին դիմակայելու առումով էականերոն նվազել են»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր կան երկրներ, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում անկայունության նոր օջախների ստեղծմամբ, որոնք կփորձեն օգտագործել ՌԴ-ի դեմ՝ ի հակակշիռ ռուս-ուկրաինական ճակատի։ Խորհրդարանի անդամը նաեւ նկատում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակներեւ կան լուրջ խնդիրներ, որոնք հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում։

«Հետքի» զրուցակիցը կարծում է, որ Փառուխի վրա հարձակումը հարձակում էր Ռուսաստանի դեմ, քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Իսկ ադրբեջանցիների քայլը եղել է ռուսական ուժերի հեղինակությունը տրորելու հաշվին, բայց, պատգամավորի խոսքով, այսօր դա չէ Արցախի եւ Հայաստանի խնդիրը։

«Մեր խնդիրն այն է, որ տարբեր դերակատարների բախումներից, հրահրումներից տուժում են Հայաստանն ու Արցախը։ Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքում, մեր տարածքների բռնազավթման հաշվին եւ, իհարկե, Հայաստանում եւ Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի եւ անվտանգության հաշվին»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը։

Նա նոր պատերազմի վտանգը չի բացառում։ Նշում է, որ իրադարձություննրը բավական սրընթաց են զարգանում ոչ միայն Արցախի եւ Հայաստանի շուրջ, այլեւ եվրասիական տարածաշրջանում, ու ՀՀ-ն պետք է պատրաստ լինի տարբեր զարգացումների։ «Ամեն դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի ինչպես տեղային, այնպես էլ մասշտաբային գործողությունների։ Դա չի վերաբերում միայն զինված ուժերին, այլ նաեւ պետությանն ամբողջությամբ, որովհետեւ պատերազմ վարում է պետությունը, տարբեր իրավիճակների դիմակայում է պետությունը, ուղղակի այս կամ այն դեպքում գլխավոր գործող կառույցները կարող են լինել առողջապահության նախարարությունը, ՊՆ-ն, զինված ուժերի գլխավոր շտաբը կամ այլ մարմին»,- ասում է Տիգրան Աբրահամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter