HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արդյունաբերության հինգ ճյուղեր կառավարությունը գերակա կճանաչի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արդյունաբերության հինգ ճյուղեր գերակա ճանաչել՝ նպատակ ունենալով բարձրացնել մշակող արդյունաբերության միջազգային մրցունակությունը։ «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին հավանություն տալու» կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես նշված է որոշման նախագծում, արդյունաբերության հինգ գերակա ոլորտներ կճնաչավեն թեթև և սննդի արդյունաբերությունը, ոսկեչությունն ու ադամանդագործությունը, ծանր արդյունաբերությունը, սարքաշինությունը, դեղագործությունը։

Արդյունաբերության գերակա ճյուղերի ընտրությունը իրականացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ չափորոշիչները՝ բարձր ավելացված արժեքի ստեղծում, արտահանման ներուժի առկայություն, աշխատուժի կլանման լայն հնարավորություններ, նորարարության և նոր տեխնոլոգիաների կլանման հնարավորություն, տեղական հումքի առավել խորը վերամշակման հնարավորություն, միջազգային պահանջարկով ձևավորված նոր արտադրատեսակների արտադրության հնարավորություն, կանաչ արդյունաբերության ստեղծման հնարավորություն։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ամբողջ արդյունաբերության ճյուղը ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում կազմում է 1/5 մասը, որից մշակող արդյունաբերության դերը 2019-ին ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որն ըստ էկոնոմիկայի նախարարության՝ վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

«Արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով»,- ասվում է հիմնավորման մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter