
Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
29-ամյա հայ ըմբիշը իր մրցելույթներն սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 6։5 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Կորյուն Սարդարյանի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ռուդիկ Մկրտչյանի մրցակիցը ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին էր, որին մեր մարզիկը պարտվեց 3։7 հաշվով։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ռուդիկ Մկրտչանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Դենիս Ֆլորին Միհայի հետ և կարողացավ բացարձակ հաղթանակ տանել 9։1 հաշվով։ Մկրտչյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2021-ին Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նույնպես երրորդ տեղն էր զբաղեցրել։
Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, իսկ 77 կգ քաշում Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
Մեկնաբանել